25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարության ջայլամային վարքագիծը․ Գնաճը անխնա դատարկում է սպառողների գրպանները․ «168 ժամ»

168․am-ը գրում է․ Գնաճը Հայաստանում անցել է բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները, դատարկում է մարդկանց գրպանները, իսկ կառավարությունն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Չի էլ ուզում նկատել, թե ինչ է կատարվում սպառողական ապրանքների շուկաներում։

Տեսե՞լ եք, որ այս խնդիրը երբևէ քննարկման առարկա դառնա կառավարությունում։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս խոսել ամեն ինչի, նույնիսկ մանրուքների մասին, բայց հարկ չի համարում մի անգամ անդրադառնալ այն թանկացումներին, որոնց մեջ հայտնվել է մեր հասարակությունը։ Եթե սա լիներ նախկինում, հիմա մեծ վայնասուն էին բարձրացրել, դարձել էին սպառողների ու սոցիալական խոցելի խմբերի մեծագույն պաշտպանները, բայց այսօր լռում են, չնայած թանկացումները գրոհում են սպառողական շուկաները, սպառնում վերածվել անգամ երկնիշ գնաճի։

 
Ջայլամային այս վարքագիծը սովորական է դարձել կառավարության ու իշխանությունների համար։ Ինչ իրենց պետք է, անմիջապես տեսնում են, ինչ պետք չէ, չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս։ Թեև դրանից մարդկանց կյանքում բան չի փոխվում։ Գնաճը անխնա դատարկում է սպառողների գրպանները։ Հուլիսին այն հասավ 8,2 տոկոսի։
 

Սա դեռ ընդհանուր գնաճն է։ Անհամեմատ ավելի բարձր է սննդամթերքի գնաճը։

Նախորդ տարվա նկատմամբ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հասնում է 13,5 տոկոսի։ Ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են ավելի քան 9 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների գնաճն էլ ընդհուպ մոտեցել է 10 տոկոսին։

Սա արդեն սովորական գնաճ չէ, սա գնաճային ուժեղ ճնշում է, որն իրենց վրա կրում են սպառողները։

Եթե նույնիսկ ընդունենք, որ այն համաշխարհային գործոնների հետևանք է, դա ոչնչով չի արդարացնում կառավարության վարքագիծը։ Կառավարությունը նրա համար է, որ նման պայմաններում ձեռք մեկնի սպառողներին և հատկապես սոցիալական խոցելի խավերին։ Բայց մեր դեպքում քար անտարբերություն է։ Ո՛չ տեսել են, և ո՛չ էլ լսել։ Միայն մտածում են իրենց պարգևավճարների մասին, որ հանկարծ չուշանա։ Իսկ հասարակության անպաշտպան ու խոցելի հատվածի մասին մտածող չկա, որքան էլ գնաճը ամեն օրվա հետ մեծացնում է սոցիալական ճնշումը։

Թեև անցած տարվա վերջից Կենտրոնական բանկը գրեթե ամենամսյա ռեժիմով բարձրացնում է քաղաքականության տոկոսադրույքը՝ գնաճի սպասումները խարսխելու համար, այնուհանդերձ դրա ազդեցությունը մեծ չէ կամ այնպիսին չէ, ինչպիսին կարող էր ակնկալվել։ Գնաճի այսօրվա միտումները զսպելու համար ԿԲ-ն վաղուց պիտի քայլեր աներ։ Այդ քայլերը գուցե ժամանակին արվել են, բայց ոչ բավարար չափով։

Կյանքը ցույց է տալիս, որ գնաճի այսպիսի բարձր տեմպից խուսափելու համար շատ ավելի ագրեսիվ դրամավարկային քաղաքականություն պիտի իրականացվեր։ Բայց չի իրականացվել։ Արդյունքում՝ ունենք այն, որ գնաճը գրոհում է, իսկ կառավարությունը, որն այս պարագայում լուրջ անելիք պիտի ունենար, իրեն դրել է դիտորդի դերում ու մի կողմ քաշվել, չնայած նեսից ու դրսից թելադրված գնաճային ճնշումը շարունակում է ուժեղանալ։ Այն մեղմելու համար օրերս Կենտրոնական բանկը կրկին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հիմա արդեն փողի գինը հասել է 7 տոկոսի։

 

Չնայած Կենտրոնական բանկը պարբերաբար բարձրացնում է տոկոսադրույքը, գնաճը շարունակում է խորանալ։ Այն առավել ակտիվ է հատկապես սննդամթերքի շուկայում, որտեղ ռեկորդային բարձր գնաճ է արձանագրվում։ Բանջերեղենի գները հուլիսին ավելի քան 53 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվանից։ Բարձր ասածը փորձենք ներկայացնել թվերով։

Պաշտոնական վիճակագրության դիտարկումներով՝ կաղամբի գինը անցած տարվանից ավելի է 236 տոկոսով։ Սա ֆանտաստիկ բարձր գնաճ է, որին առնչվում են սպառողները։

Գազարը թանկացել է՝ 180, ճակնդեղը՝ շուրջ 143 տոկոսով։ Վարունգի գնաճը էլ անցնում է 104 տոկոսից։ Գրեթե նույնքանով թանկացել է կանաչ սոխը։

Սրանք այն գյուղմթերքներն են, որոնց գնաճն այս տարի ռեկորդային բարձր է։

Բայց այնպես չէ, որ մյուսների դեպքում գնաճը ցածր է։ Կարտոֆիլը գրեթե 40 տոկոսով ավելի թանկ է, քան անցած տարի էր։ Խառը կանաչու գնաճը անցնում է 25 տոկոսից, գլուխ սոխը թանկացել է 39 տոկոսով, կանաչ լոբին՝ շուրջ 12 տոկոսով։

Զարմանում ես, որ այս պայմաններում մեր գյուղատնտեսությունը 7 տոկոսին մոտ աճ է արձանագրել։ Այն էլ՝ գերազանցապես բուսաբուծության հաշվին։ Բուսաբուծության ոլորտում արտադրության ծավալները, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են ավելի քան 22 տոկոսով։

Եթե աճել են, ո՞ւր են այդ ապրանքները։ Պատճառաբանությունները, որ արտահանվել են, հիմնավոր չեն։ Արտահանումը գուցե ավելացել է, բայց դա չէր կարող 22 տոկոսից ավել աճի դեպքում այսպիսի բարձր գնաճի պատճառ դառնալ։ Առավել ևս, որ նշված գյուղմթերքների մի մասի արտահանում նույնիսկ չենք էլ ունեցել։

Իբր քիչ թանկ էր մսամթերքը, ավելի է թանկացել։ Մեկ տարում արձանագրվել է 10 տոկոսին մոտ գնաճ, իսկ խոզի մսի դեպքում գնաճը անցնում է 32 տոկոսից։

Շատ ավելի ակտիվ է թանկացել ձկնամթերքը։ Մեկամյա գնաճը այստեղ հասնում է 24 տոկոսի։ Տեղական արտադրության արհեստական իշխանի գնաճը 27-28 տոկոսի սահմաններում է։

Անհամեմատ թանկ են ոչ միայն տեղական, այլև ներկրվող ապրանքները։

Չնայած հուլիսին գրանցված գնանկմանը, շարունակում է ռեկորդային բարձր լինել յուղերի գնաճը։ Արևածաղկի բուսական յուղը 1 տարի առաջվա համեմատ թանկ է 75 տոկոսով, շաքարավազը՝ ավելի քան 39 տոկոսով։

Եթե նախկինում գնաճը հիմնականում պարենային ապրանքների շուկաներում էր, վաղուց արդեն այն ներառել է նաև ոչ պարենային ապրանքների շուկան։ Հուլիսին այստեղ 10 տոկոսին մոտ գնաճ է գրանցվել։ Ամենացցունը, թերևս, վառելանյութի շուկայում տիրող իրավիճակն է։ Որքան էլ ժամանակին հայտարարվում էր, որ շուկայում նոր մասնակիցներ են հայտնվել, մեծացել է մրցակցությունը, ինչը դրական գործոն է գների ձևավորման համար, դա բոլորովին էլ չի նկատվում։ Համաշխարհային շուկայում վառելանյութի գները վերջին շրջանում գրեթե չեն բարձրացել, նույնիսկ իջել են, իսկ մեզ մոտ հակառակն է։ Մեկ տարում բենզինը թանկացել է՝ գրեթե 57, դիզելային վառելիքը՝ 44 տոկոսով։

Սրանում դեռ ներառված չէ գների վերջին բարձրացման ազդեցությունը։

Ակնհայտ է, որ գնաճը այս տարի շատ խորը արմատներ է գցել սպառողական ապրանքների շուկաներում։ Դրա հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է՝ ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ՝ կառավարության միջամտությունը։ Եթե Կենտրոնական բանկը դեռ փորձում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման միջոցով ազդել գնաճի վրա, ապա կառավարությունը ոչինչ չի անում գնաճի հետևանքները մեղմելու համար։

Խոսքն այն կառավարության մասին է, որի ղեկավարը ժամանակին անգամ 2-3 տոկոս գնաճն էր դարձնում մատի փաթաթան, իսկ այսօր լռում է՝ չտեսնելու տալով այն սոցիալական խնդիրները, որոնք կրում են սպառողները նման բարձր գնաճի հետևանքով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ