Վերակենդանացնել հայ կրկեսը
‘Աշխարհով մեկ սփռված 600-700 կրկեսային դերասաններ ունենք, միայն 150 հոգի իմ աշակերտներից հանդես են գալիս տարբեր երկրներում: Նրանց հարկավոր էր հավաքել մի տանիքի տակ’:
Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին այսպես ներկայացրեց Կրկեսային գործիչների հայկական միջազգային միության հիմնադրման շարժառիթները Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
՛՛Մտածում ենք ստեղծել հայկական ամբողջական կրկեսային ծրագիր, որով կկարողանանք հանդես գալ Եվրոպայում եւ այլուր՛՛: Սոս Պետրոսյանը Միությանն անդամակցելու է հրավիրում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող հայ կրկեսային գործիչներին:
Նրա խոսքով՝ ՛՛ Համատեղ աշխատանքը կնպաստի հայկական կրկեսի վերակենդանացմանը, թույլ կտա վերստին պահանջված լինել համաշխարհային մասշտաբով՛՛:
Երեվանի կրկեսն անցած տարվանից վերանորոգվում է: Այն իրականացնում է շենքի սեփականատերը: ՛՛Շատերն են ցանկացել կրկեսին ձեռք մեկնել, բայց տեսել են, որ կրկեսը շահութաբեր բիզնես չէ ՝ հետ են կանգնել:
՛՛ Տաշիր գրուպ՛՛-ը , լավ գիտակցելով դա, որոշեց սկսել՛՛, – նշում է կրկեսի գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ հովանավորը նախատեսել է նոր բեմահարթակ կրկեսում՝ սարքավորված ժամանակակից տեխնոլոգիաներով: Դա, նրա խոսքով, թույլ կտա կրկեսային արենան վերափոխել յուրահատուկ ներկայացումների, այդ թվում՝ ՛՛Կրկես սառույցի վրա՛՛, ՛՛Ջրային կրկես՛՛ կարգի ելույթների համար՝ լուսային շոուների ուղեկցությամբ:
Պետրոսյանը սա նախատեսում է վերանորոգումից հետո, որը կավարտվի 2013-ի վերջին: Կրկեսին կից կբացվի նաեւ ուսումնական հաստատություն՝ կրկես- ստուդիա:
Մամուլի ասուլիսում տեղի ունեցավ նաեւ Սոս Պետրոսյանի ՛՛ Հայկական կրկես՛՛ գիրք- ալբոմի շնորհանդեսը: Հեղինակի առաջին գիրքն ամփոփում է նրա տարբեր տարիների հանդիպումներն ու հուշերը: