22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գործադիրը փորձել է ահաբեկել եվրոպական ատյաններին. Սուրեն Զոլյան

“Թե ՀՀ իշխանությունների, թե որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից փորձ է եղել ապակողմնորոշել միջազգային ատյաններին: Ստրասբուրգում ես պարզեցի, որ ոչ պաշտոնական ձեւով հայտարարվել է, որ հարցը քաղաքական է, Զոլյանի մասնակցությունը պլենար նիստին եւ նրա աշխատանքից ազատումը ոչ մի կապ չունի, ավելին, հայտարարվել է, որ դա աբսուրդ է:

Փորձել են անգամ ահաբեկել համապատասխան միջազգային ատյաններին` ասելով, որ այս քաղաքական հարցը կապված է ընտրությունների հետ, եւ սա կարող է բերել լուրջ հետեւանքների, անգամ 2008 թվականի մարտի մեկին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը` անդրադառնալով ԵԽ փորձագետների կոմիտեում Զոլյան-Աշոտյան վեճի քննարկմանը:

Նախկին ռեկտորի խոսքով, ԵԽ-ին կեղծ տեղեկություն է փոխանցվել ` քաղաքականացնելով հարցը, ինչից ինքը ամեն կերպ փորձում էր խուսափել:   Նրա խոսքով, եվրոպացիները հավատացել են պետական մարմիններին եւ որոշել հարցին ընթացք չտալ, մինչեւ հետագա պարզաբանումները:

Սուրեն Զոլյանն ընթերցել է ԵԽ փորձագետների կոմիտեի ընդունած որոշումը: Փորձագետների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ-ից ընտրված կոմիտեի անդամին մերժվել է մասնակցել կոմիտեի հերթական հանդիպմանը:

Կոմիտեն նշում է, որ կարող է լինել նիստին չմասնակցելու լուրջ պատճառ, օրինակ, փորձագետի  անհետաձգելի պարտականությունները: Կոմիտեն ընդգծում է, որ կոմիտեի անդամները պետք է իրենց կառավարություններից անկախ լինեն Եվրոպական խարտիայի համաձայն:

Քաղաքական ճնշումն անդամի վրա անընդունելի է համարվում: Կոմիտեն  մտահոգություն է արտահայտում առ այն,  որ կառավարության անդամն արգելել է փորձագետին մասնակցելու կոմիտեի նիստին: Վերջում նշվում է, թե կոմիտեն երախտապարտ է լինելու, եթե նախարարների կոմիտեն համաձայնվի փոխանցել այս մտահոգությունը Հայաստանին:

“Ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, բայց պաշտոնյաները, այդ թվում նաեւ վարչապետը, ինձ փորձում են ինչ-որ ուժի հետ կապել: Դա իշխանությունների դիրքորոշումն է, որ ուզում են կոծկել իրենց իրավական առումով ապիկարությունը, ինչպես ասում էր պարոն Աշոտյանը: Այստեղ տեսնում եմ հստակ արտահայտված ճնշում խոսքի ազատության դեմ,  երբ մարդը իրավունք չունի պաշտպանվել,  երբ վերադասը` չակերտավոր, որովհետեւ ինքն իմ վերադասը չի, խախտել է օրենքները”,-հայտարարել է Սուրեն Զոլյանը:

Զոլյանի խոսքով, Հայաստանից բանավոր կերպով կոմիտեին պատասխանել են, թե նախարարը ունի հրահանգներ արձակելու իրավասություն եւ պարտավոր չէ բացատրություն տալ ոչ միայն Զոլյանին, այլեւ ԵԽ փորձագետների կոմիտեին:

Հիշեցնենք , որ Սուրեն Զոլյան –Արմեն Աշոտյան վեճը հանգուցալուծվեց Զոլյանի պաշտոնանկությամբ: Վերջինս, առանց ԿԳ նախարարի թույլտվության, բացակայել էր համալսարանից, ինչի պատճառով արժանացել էր Արմեն Աշոտյանի կրկնակի խիստ նկատողությանը եւ արդյունքում ազատվել աշխատանքից:

Նշենք, որ ԿԳ նախարարի որոշումները Սուրեն Զոլյանը բողոքարկել է դատարանում: Դատական երկրորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը` հուլիսի 2-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ