30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում սննդի անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

 

***

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին

 

Հարգելի՛ պարոն Նախագահող, տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ Ձեզ Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին:

Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը համընդհանուր զարգացման առանցքային հարցերից մեկին` Սնուցման խնդրին նվիրված կոնֆերանսին մասնակցելու հրավերի համար: Ուրախ եմ արձանագրել, որ 1992 թվականին տեղի ունեցած Սնուցման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսից հետո բնակչության սննդի ապահովության իրավիճակը ներկայում զգալիորեն բարելավվել է:

Չնայած դրական դինամիկային` մենք դեռևս հսկայածավալ աշխատանք ունենք կատարելու սովի և թերսնման,  ինչպես նաև մեր մոլորակում ապրող  յուրաքանչյուր առանձին ընտանիքի և յուրաքանչյուր անհատի սննդի որակի բարելավման ուղղությամբ: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակը պարզագույններից չէ և պահանջում է համատեղ ջանքեր վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ:

Հայաստանում սննդի անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում: Վերջին չորս տարիներին մեր ջանքերի շնորհիվ արձանագրվեց գյուղատնտեսական արտադրանքի միջինը 8 տոկոս աճ, որի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է մոտ 20 տոկոս:

Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ստեղծվել են հանրապետության անկախացումից հետո` սեփականաշնորհման արդյունքում:  Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության ոլորտը համարվում է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության կարևոր բաղկացուցիչը:

 Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև սննդամթերքի արտադրության ծավալների ավելացման ու որակի բարձրացման ուղղությամբ, և այդ հարցում հասել է զգալի հաջողությունների: 

 Հաշվի առնելով մեծաթիվ փոքր տնտեսությունների առկայությունը` մեծ ուշադրություն է դարձվում կոոպերացիաների ստեղծմանը, որի արդյունքում կսկսի զարգանալ արդյունաբերական գյուղատնտեսությունը:

Կառավարությունն աջակցում է ենթակառուցվածքների զարգացմանը և իրականացնում է մի շարք նպատակային ծրագրեր` ուղղված հեռավոր, սահմանամերձ և բարձրլեռնային տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հաջողությամբ իրականացվում են միջոցառումներ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա էականորեն բարձրացնել երկրի` ցորենի ինքնաբավության մակարդակը:

Ընթացիկ տարում հանրապետությունում սննդամթերքի կարևոր տարատեսակների ինքնաբավության մակարդակը բարձրացել է, և մենք նախատեսում ենք 2017 թվականին այդ ցուցանիշը հասցնել 80 տոկոսի:   Վերջին մի քանի տարիներին Նախարարությունը ջանքերն ուղղել է նոր տեխնոլոգիաների ներդրմանը` արտադրողականության ավելացման և եղանակային ռիսկերի նվազեցման նպատակով:

Լավագույն միջազգային փորձի ուսումնասիրության միջոցով մենք խնդիր ենք դրել և իրականացնում ենք ծրագրեր այգեգործության և անասնաբուծության ճյուղերի արտադրողականության ավելացման ուղղությամբ`էքստենսիվ և ինտենսիվ մեթոդների կիրառության միջոցով:

Կուզենայի ընդգծել նաև պարենի անվտանգության բարելավման ոլորտում իրականացված աշխատանքները, ինչը կապահովի տեղական բնակչությանը անվտանգ և որակյալ արտադրանքով, ինչպես նաև կխթանի արտահանման ծավալների աճը:

Նշված միջոցառումների իրականացման գործում կուզենայի հատուկ շեշտել ՊԳԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության դերը: Կարևոր է նշել, որ առավել արդյունավետ համատեղ աշխատանքի նպատակով 2012 թվականին ստորագրվեց «Երկրի ծրագրային առաջնահերթությունների շրջանակը 2012-2015թթ.» փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս հասնել ռազմավարական նպատակներին, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի աջակցության ծրագրերով և նպաստում են դրանց իրականացմանը:

 Մենք արդեն իսկ աշխատում ենք մի քանի նոր ծրագրերի վրա և հույս ունենք, որ դրանց իրականացումը կնպաստի, որպեսզի մենք հասնենք այս կոնֆերանսի նպատակներին:

Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար և մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք կոնֆերանսի շրջանակում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ