Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի կարող. «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը
«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։
Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը:
Ընտրություններից հետո նման ուժերի հետ որեւէ համագործակցություն լինել չի’ կարող։
Նրանց պետք է հեռացնել իշխանությունից եւ ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։
Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները եւ հանցանքները բացահայտելու ուղղությամբ։
Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում։
«Պատիվ ունեմ» դաշինք