23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քանի դեռ Նիկոլը և այս ուսապարկերը շարունակում են ձգտել իշխանության, Հայաստանում և տարածաշրջանում նման իրավիճակների ականատես կլինենք ոչ միայն Սյունիքում․ Արտակ Զաքարյան

«Երբ մենք Արցախյան պատերազմից անմիջապես հետո ասում էինք, որ հաջորդ խնդիրը Սյունիքում է լինելու, մենք ոչ թե աստղագուշակ էինք և  աստղերին նայելով էինք խոսում,  այլ մեր քաղաքական փորձն ու գիտելիքներն էին մեզ հուշում և այն աշխարհաքաղաքական շահերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը դրել էին Արցախյան պատերազմի հիմքում, ինչի համար շատ լավ դերակատարություն ունեցավ Նիկոլը՝ որպես ՀՀ վարչապետ»,- անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը։

Նկատենք՝ Սյունիքի մարզի Սև Լիճ տեղանքի շուրջ անորոշությունները պահպանվում են․ երեկվանից հայտնի է՝ ընթանում են բանակցություններ, իսկ թե ինչ արդյունքներ կան՝ անհայտ է։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը զբաղված է՝ արձանագրելով իրավիճակը։
Հիշեցնենք՝ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Ավելի ուշ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի  ունեցավ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվեց Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Այսօր արդեն կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորներ կան. իրավիճակը մնում է անփոփոխ։ Ապա նաև նկատել է՝ իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել. ճգնաժամը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտեց՝ այսօր այս խնդրին չբախվելու համար, գործող իշխանությունը վաղուց պետք է հրաժարական ներկայացներ։

«Քանի դեռ Նիկոլը և նիկոլիզմը, այս ուսապարկերը շարունակում են ձգտել իշխանության, Հայաստանում և տարածաշրջանում նման իրավիճակների ականատես կլինենք ոչ միայն Սյունիքում, այլև այլ հատվածներում։ Սա աշխարհաքաղաքական մեծ խաղի տարածաշրջանային հետևանքներ են։ Օգտվելով հանգամանքից, որ Ռուսաստանում էլ են սպասվում ընտրություններ, և չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ ՌԴ-ն չկարողանա լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, Թուրքիան և Ադրբեջանը ամեն կերպ օգտագործելու են առաջիկա մի քանի ամիսները, որպեսզի լիարժեք ազդեցության տակ վերցնեն նաև Հայաստանի սահմանամերձ ռազմավարական կետերը։

Սյունիքի միջանցք կոչված եզրույթն էլ, որ շրջանառության մեջ է մտել, ենթադրում է, որ նրանք հստակ տեսնում են՝ Սյունիքը՝ որպես սկզբում՝ շահագործման, հետո էլ՝ ազդեցության տակ առնելու հեռանկարային ծրագիր։ Իսկ որպեսզի դա կարողանան անել, հիմնական բարձունքները, ջրային ռեսուրսները և կոմունիկացիաները ամբողջովին փորձում են վերցնել և ոչ միայն փորձում են, այլև վերցնում են։   Մենք մինչ օրս նոր իրավիճակին համապատասխան, ուժերի նորմալ տեղակայում լիարժեք չենք իրականացրել։ Երբ խնդիր է առաջանում, մեծ հաշվով, միանգամից սկսում են ռուսներին փնտրել։ Սա խայտառակություն է, ձախողված պետության գործողություններ են․ քո սահմանի ներսում զինված ապօրինի սահմանահատումներ է անում հարևան-թշնամի պետությունը, դու ոչ մի գործողություն չես ձեռնարկում և հեռախոսը վերցնում-զանգում ես դաշնակցին, սկսում ես բողոքել․ որտե՞ղ է լսված նման բան։ Սա հերթական ապացույցն է, որ մեր երկրի ղեկին ապազգային տարրեր են, լավ քողարկված, հայերեն խոսող, սեփական շահերի վրա թքած ունեցող տարրեր։ Հասարակության մեջ ևս կան անորոշություններ, որոնք ասում են՝ լավ է․ այս ապազգային տարրերը թող մնա, իսկ դրա հետևանքով օր օրի կորցնում ենք մեր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը։

Զարուհի Դիլանյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ