Եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում, մի երկու գիշեր էլ քնեիք բլինդաժներում. Ջհանգիրյանը՝ պատգամավորներին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ողջունում է Կառավարության կողմից ներկայացրած ”Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագիծը:
”Բայց մի դիտողություն ունեմ. եթե պարոն Տերտերյանն ասում է՝ մենք չենք ազատում հարկ վճարելուց, այլ այդ հարկը փոխհատուցում է Կառավարությունը, եթե նույնիսկ ֆորմալ համաձայնվեմ Ձեզ հետ, Դուք փոխում եք հարկ վճարող սուբյեկտին, իսկ դա օրենքով է սահմանված, եթե օրենքը փոխում եք, պիտի առնվազն օրենքով փոխեք՝ Կառավարության որոշմամբ չեք կարող՛՛:
՛՛Պատգամավորներն ամռանն այցելել են սահմանամերձ գյուղեր, իրենց մաշկի վրա զգացել են այդ խնդիրները և տարբեր առաջարկություններ են անում՝ սկսած ուսման վարձի ազատումից, անվճար սննդից, չգիտեմ՝ ամուսնության համար փոխհատուցումից և այլն, բայց վստահ եմ՝ եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում, մի երկու գիշեր էլ քնեիք բլինդաժներում, լրիվ առաջակություններ կանեիք՛՛,-ասաց պատգամավորը՝ հավելելով, թե պետք չէ ծայրահեղությունների հասնել:
Անդրադառնալով պատգամավորների բարձրացրած խնդրին, որ պետք է հստակ տարանջատում լինի սահմանամերձ ու սահմանապահ համայանքների միջև՝ Ջհանգիրյանը նկատեց, որ դա այնքան էլ հստակ չէ.
՛՛Որովհետև խիստ պայմանական է՝ որն է սահմանամերձ, որը սահմանապահ, նայած թե ինչ զինատեսակով է խոցում, եթե ինքնաձիգով են կրակում էդ գյուղերի վրա, դա մի հեռավորություն է, եթե ասենք դեշեկա է… ուրեմն բոլորն էլ սահմանապահ են՛՛,-ասաց Ջհանգիրյանը: Նախկին զինդատախազը նշեց , թե պետք է մեր ցանկությունն ու ախորժակը համապատասխանեն միմյանց: