Մեղրին՝ վտանգի տակ․ Փաշինյանի վրեժը․ «168 ժամ»
«Երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն ըստ էության ուներ իրադարձությունների զարգացման վրա ազդելու երկու սցենար։
Նա կամ պետք է հետևություններ կատարեր առ այն, որ ընդհանրապես Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքում, կան իսկապես լրջագույն խնդիրներ, ինքն այդ մարզում ոչ միայն հեղինակություն չունի, այլ, օբյեկտիվորեն կամ ոչ, արժանացել է հասարակության ատելությանը, ինչը նրան պետք է ստիպեր դուրս գալ ֆեյքային պսևդոիրականությունից և առերեսվել դառը, տհաճ իրականությանը՝ դրանից բխող հետևանքներով։
Մյուս տարբերակում Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ժողովրդի համատարած դժգոհությունն ու ցասումը կարող էր վերագրել «հայտնի խմբակներին» և շարունակել ապրել իր ֆեյքային իրականության մեջ՝ հազարավոր ոստիկանների, հարյուրավոր ԱԱԾ-ականների ծիծաղաշարժ ուղեկցությամբ։
Ինչպես և կարելի էր սպասել, նա ընտրեց երկրորդ տարբերակը և հենց Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցածը որակեց՝ որպես «փոքր խմբակ մարդկանց» կազմակերպած «միջադեպ»՝ իրավապահներին հանձնարարելով՝ օրենքի ողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին։ «Պարո՛ն Աբազյան, Դուք՝ Ձեր այստեղի կառույցի ներկայացուցիչների հետ, պարո՛ն Ղազարյան, Դուք, գնացե՛ք և զբաղվե՛ք այդ հարցերով»,- ՀՀ ԱԱԾ ղեկավարին ու Ոստիկանապետին հրահանգել էր նա։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր սովորության ու գուցե կարողությունների հանգույն մնաց մակերեսում, անգամ չփորձեց գոնե իր համար խորամուխ լինել իրերի իրական դրությանը և հասկանալ՝ ինչո՞ւ են մարդիկ, այդ թվում՝ գուցե նաև ինչ-որ խմբակների պատկանող (ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով այս կամ այն խմբակին պատկանող մարդիկ նույնպես ՀՀ քաղաքացիներ են), այդպիսի ատելությամբ լցվել իր հանդեպ։
Մտածելու փորձ անելու դեպքում Նիկոլ Փաշինյանը գուցե հասկանար, որ պատճառն այդ մարդկանց խմբային պատկանելությունը չէ, այլ այն, որ անձամբ իր գործողությունների ու անգործության հետևանքով նրանց հայրենիքը հայտնվել է գոյաբանական սպառնալիքի ներքո, և հենց դա է նրանց դրդել փողոցում հայհոյել երկրի ղեկավարին, ինչը, իհարկե, անընդունելի ու դատապարտելի է բոլոր դեպքերում։ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը հպարտ է համարում միայն իրեն քծնող քաղաքացիներին ու խոնարհվում է հատկապես նրանց առաջ, ովքեր հալվում են իրեն տեսնելիս։
Մյուսներին, ինչպես Մեղրիի ու Ագարակի բնակիչներին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հպարտ քաղաքացիներ չի համարում, այլ քաղաքացիներ չի համարում ընդհանրապես։ Նա երեկ ցույց տվեց, որ առաջնորդվում է ոչ թե երկրի ղեկավարի լայնախոհությամբ, այլ մանրամարդու վրեժխնդրությամբ։ Նիկոլ Փաշինյանն այլևս ատում է Մեղրիի ու Ագարակի, ողջ Սյունիքի բնակիչներին, ինչը չափազանց վտանգավոր է․ հաշվի առնելով նրա անձնական որակները՝ այդ ատելությունը կարող է դրդել, որպեսզի նա էլ ավելի նախանձախնդրորեն լծվի Մեղրիի միջանցքն Ադրբեջանին տրամադրելու ծրագրին՝ այդպիսով պատժելով Սյունիքի բնակիչներին։
Նիկոլ Փաշինյանի ոստիկանապատ այցերն այլևս միայն խղճահարություն են առաջացնում։ Ամեն նման այցով նա նեղացնում է իր և հասարակության միջև դեռևս մնացած միջանցքը, եթե, իհարկե, նման միջանցք ընդհանրապես կա։ Բայց դա Փաշինյանին չի հուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թե հանրության հետ հաղորդակցությունն է, այլ Ադրբեջանի հետ կոմունիկացիան, որի իրագործման համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ սեփական արժանապատվությունից՝ մինչև ազգային անվտանգություն։ Ամեն ինչ, բացի իշխանությունից, բնականաբար»,-գրում է թերթը։