Տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ․ Իրավունք
Ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերադարձնելուն միտված: Ինչո՞ւ է լռում միջազգային հանրությունը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով փաստեց.
-Հարցը բավականին ակտուալ է ոչ այն պատճառով, որ մինչ օրս չեն վերադարձվել մեր գերիները, այլ որովհետև կարծես թե շրջանցում են հարցը, թե ինչպես են առաջացել այդ գերիները: Ես հիմնականում կցանկանայի շեշտը դրա վրա դնել, որովհետև դրանից է հետևում, թե ինչու չեն անում հստակ, հասցեական քայլեր, կամ ինչու նրանց մոտ դա չի ստացվում: Առաջինը, պետք է հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվում էր այդ փաստաթուղթը, մարտերը դեռ շարունակվում էին: Այդ ստորագրման ժամանակ մենք չենք տեսնում կետ, որ նախևառաջ դուրս բերվեն այդ տարածքներից դեռ ողջ և մարտնչող զինվորներին: Այսինքն՝ եթե հակիրճ, ապա ցավալիորեն պետք է ասեմ, որ տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ: Ավելին՝ կան մարդիկ, որոնք գերության մեջ են հայտնվել պատերազմը ավարտվելուց հետո՝ դեկտեմբերին:
-Դա ինչպե՞ս է պատահել:
-Շատ սովորական, իշխանությունները զինվորականներին ուղարկել են այնպիսի տարածքներ, որոնք հետագայում չեն կարողանում ապացուցել, որ դրանք հայկական են: Այստեղ է խնդիրը, եթե դուք ուղարկում եք մարդկանց ու հետագայում չեք կարողանում տեր կանգնել նրանց, ապա այստեղ պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչ չի արվել, այլ ինչ հանցագործություն է տեղի ունեցել: Եվ ես համոզված եմ, որ նման թշնամական վերաբերմունքն ամբողջովին զրոյացրել է այն հեղինակությունը, որը պետք է ունենա իշխանությունը՝ բանակցելու համար, որպեսզի կարողանա որպես հավասար կողմ հանդես գալ:
-Տիկի՛ն Ալավերդյան, իսկ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության, համապատասխան կառույցների անդեմ, կրավորական, ընդամենը հայտարարությունների մակարդակով արձագանքը:
-Երբ է լինում կոշտ արձագանք, երբ շահագրգիռ պետությունը բարձրացնում է այդ հարցերը ոչ թե որպես անհասցե հայտարարություն, այլ կոնկրետ հարցը դարձնում է օրակարգային բոլոր հարթակներում: Հիմա, քանի որ պետությունը ինքը չի անում դա, միջազգային հանրությունը հանդես է գալիս ընդհանուր, կոնվենցիաներից բխող, ՄԱԿ-ի կանոնադրություններից բխող հայտարարություններ: Հետո, ինչ սպասել միջազգային հանրությունից, երբ իշխանական պատգամավորը հայտարարում է, որ Ադրբեջանում շատ լավ են վերաբերվում գերիներին: Նման՝ անգամ թշնամու համար անհասկանալի դիրքորոշումները հիմք են տալիս միջազգային հանրությանը բավարարվել կրավորական, այո, ճիշտ նշեցիք, անդեմ հայտարարություններով