Փաստորեն հազարավոր մարդկային կորուստները, հայրենիքի կորուստը երկրորդական են․ «Փաստ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում ասել է, թե այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։ Այստեղ, իհարկե, «բանալի» բառը ոչ այնքան «ներողությունն» ու «ինքնասպանությունն» են, որքան «արժանապատվությունը»: Բայց սրան կարելի է գումարել նաև «ամոթ» բառը: «Վախի» մասին՝ հետո… Պատերազմից հետո տևական ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներին հնարավոր չէր լինում գտնել։ Նրանք պարզապես թաքնվել էին որտեղ կարող էին, որ հանկարծ մարդկանց աչքին չերևան: Երբ Սյունիքում սահմանների հարցն էր որոշվում, իշխանությունների կողմից ոչ մի պարզաբանում չկար, թե ինչ է կատարվում երկրում։
Թվում էր, թե իրենց կրած խայտառակ կապիտուլյացիայից, իրենց պատճառով ունեցած հազարավոր զոհերից, տարածքային հսկայական կորուստներից հետո իշխանականները ամոթից պետք է ընդհանրապես խուսափեն մարդկանց աչքերին նայել, պետք է ծպտունները դուրս չգա, պետք է գլխիկոր քայլեն, բայց արի ու տես, որ «Իմ քայլի» պատգամավորները հանկարծ այնպիսի ցինիզմ են դրսևորում, որ նույնիսկ իրենց փոքրաթիվ կողմնակիցների զարմանքն է հարուցում։ Ավելին, նշյալի մեղավորները հոխորտում և այլոց են մեղադրում տարբեր մեղքերի մեջ՝ առանց հաշիվ տալու, թե իրենք ընդհանրապես խոսելու տեղ ունե՞ն արդյոք։ Նախկին «գաիշնիկը» գոռգոռում է քաղաքացիների վրա, նրանց հետ «դու»-ով խոսում, իր կասկածելի անցյալով հայտնի մեկ ուրիշը հիստերիկայի մեջ բղավում է լրագրողի վրա, մի երրորդը…
Չթվարկենք, մեկը մյուսից ավելի ու ավելի «գլուխգործոցներ» են թույլ տալիս իրենց: Դե, հնարավոր է, որ սա նույնիսկ զարմանալի չէ: Ի վերջո, իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը ժամանակին ամենակարևորն այն էր համարում, որ իրենց խմբակցությունը այս վիճակից դուրս եկավ… ընդամենը մի քանի պատգամավորի կորստով: Հազարավոր մարդկային կորուստները, Հայրենիքի կորուստը երկրորդական են, կարևորը՝ իշխանությունը չկորցնեն, կարևորը՝ իշխանության դիրքերը չթուլանան: Այսինքն, անցած լինի, դե, հիմա այդպես է ստացվել։ Ի դեպ, միակ ներողությունը, որ իշխանություններից հնչել է, եղել է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից. դա էլ ընդամենը ձևական բնույթ է կրում, սարքած «կերկերանքի» արանքում։
Բայց ներողությունով մեղք չես քավի։ Իսկ ինչո՞ւ ունեցանք այսպիսի վիճակ, որ «քայլողները» ոչ միայն դուրս են եկել թաքստոցներից, այլև հոխորտում են, հեգնում, բղավում քաղաքացիների վրա: Հնարավոր է, որ այս ամենի պատճառն այն է, որ կապիտուլյացիայից չորս ամիս անց էլ նրանք դեռ շարունակում են մնալ իշխանության, չնայած Փաշինյանի ու յուր թիմի հրաժարականը պահանջում են իրապես ընդդիմադիր բոլոր ուժերը (փաշինյանամերձ, արհեստականորեն ստեղծված մի քանի մարդ-կուսակցությունները հաշիվ չեն, նրանց նպատակները պարզ են), երկրի նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Եկեղեցին, Բանակի գեներալիտետը, բուհերը, ԳԱԱ-ն, մտավորականությունը, փաստաբանական համայնքը և այլն, և այլն, ու ընդհանրապես՝ ինտելեկտ ունեցող բոլոր քաղաքացիները:
Այսինքն, նրանց «թևեր» է տվել այն հանգամանքը, որ հանրության մեջ կա մի զանգված, որը պատրաստ է կանգնել իրենց կողքին, թեկուզ «պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն»: Այսպիսի հենարանն, ըստ երևույթին, լիարժեք բավարարում է «քայլողներին»: Բայց կա նաև կարծիք, որ այս պարագայում ավելի շատ գործ ունենք ինքնապաշտպանական բնազդի հետ։ Այսինքն, նյարդերն են արդեն տեղի տալիս: Իշխանությունը կորցնելու, պաշտոններն ու իրենց համար ամենակարևորը՝ պարգևավճարները կորցնելու, վերջապես դատվելու վախը, խորտակման վախն է, որ նրանց դրդում է նման ագրեսիվ կեցվածքի։
Ինչպես ասում են, «արջն իր ահից է գոռում»։ Դե, արջն այս դեպքում մի քիչ չափազանցված է: Բայց հենց այդ ահն է, որ նրանց կարող է դրդել անցնել բոլոր սահմանները և դուրս գալ սեփական ժողովրդի դեմ։ Այն ժողովրդի, որի մի զգալի հատվածը փողոցից իշխանության բերեց նրանց: Բերեց ու բեռ դարձրեց իր գլխին: Բեռ ու պատուհաս… Բայց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի՝ «դալանների» մասին խոսքերը ամեն դեպքում միշտ պետք է հիշել, թեկուզ ուրիշների համար էին ասված»,-գրում է թերթը: