Այս տարվա ծրագրերի շարունակականությունը 2015 թվականին կապահովի որոշ խնդիրների հիմնովին լուծում
Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 4 հարց: Մասնավորապես, ամփոփ ներկայացվել են Երեւանի զարգացման 2015 թվականի ծրագրի եւ Երեւան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծերը, ինչպես նաեւ «Երեւանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույթաչափերը սահմանելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Ի դեպ, վերջինի մասով նշվել է, որ դրույքաչափերը չեն փոփոխվել, եւ ներկայացված նախագծի հիմքում է գործող դրույքաչափերն են:
Օրակարգում ներկայացվել է նաեւ դպրոցների գործունեության առավել թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային տեղեկատվական համակարգը: «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը, ծրագիրը ներկայացնելով, նշել է, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում դպրոցների մասին տեղեկատվության ցանկում ավելացված «Ֆինանսական փաստաթղթեր» ենթաբաժինը ներառում է տարվա ընթացքում ծախսերի եւ եկամուտների ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները:
Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ 2015 թվականի զարգացման հիմնական ուղղությունների հիմքում Երեւանի տարածքային համաչափ ու կայուն զարգացումն է, ահա թե ինչու, նկատի ունենալով 2014-ի ծրագրերի շարունակականությունն ու մայրաքաղաքի քառամյա զարգացման ծրագիրը, արդեն հաջորդ տարի կիրագործվեն մի շարք նոր ծրագրեր եւս: Միաժամանակ նշվել է, որ նախագծերում ներառվել են նաեւ Երեւանի ավագանու խմբակցությունների կողմից տարվա ընթացքում ներկայացված առաջարկները:
«Մեզ համար առաջնային խնդիր է պահպանել մեկնարկած գերակա ծրագրերի շարունակականությունը: 2015 թվականին հատուկ ուշադրություն է դարձվելու սոցիալական նշանակության ծրագրերին, եւ այդ համատեքստում նախատեսում ենք ամբողջությամբ լուծել հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բոլոր բնակիչների բնակարանային ապահովման խնդիրը, որն իսկապես լուրջ լուրջ ձեռքբերում կլինի:
Հաջորդ տարվա ծրագրերում բյուջեով նախատեսվում է նաեւ ավարտել գրադարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, մշակույթի տների վերանորոգման ծրագիրը: Ի դեպ, շուրջ 20 տոկոսով կբարձրանան նաեւ գրադարանների եւ մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը: Կընդլայնվեն որոշակի ծրագրեր՝ կապված առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող, այդ թվում ոչ միայն հենաշարժողական, այլեւ տեսողական եւ լսողական խնդիր ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:
Նիստում խորհրդի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկներն ու մոտեցումները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն