Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ համոզված է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երեւանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր մակարդակի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը ՀՀ եւ ՌԴ միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման եւ այդ հարաբերություններում կարեւոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերի սերտացման գործում:
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, որ Երեւանում եւ Մոսկվայում պարբերաբար անցկացվող միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում քննարկվում են երկու բարեկամ երկրների համար արդիական ու կարեւոր հարցեր՝ միտված է՛լ ավելի խորացնելու միջպետական բարձր մակարդակի հարաբերությունները: Նա գոհունակությամբ է խոսել հանձնաժողովի 25-րդ նիստի արդյունքների մասին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ս.թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ եւ ՌԴ օրենսդիր մարմիններում դրանց քննարկման եւ վավերացման նախապատրաստմանն ուղղված աշխատանքներին, մտքեր են փոխանակել ԵՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր անհատներ, լրատվամիջոցներ ազատ են քննարկելու, քննադատելու այդ գործընթացը, ներկայացնելու իրենց մոտեցումները, եւ դա միանգամայն բնորոշ է բաց հասարակություններին, սակայն ակնհայտ է, որ ընդունված այդ կարեւորագույն որոշումը բխում է երկու երկրների շահերից. ինտեգրացիոն գործընթացները միտված են առավել ամրապնդելու հարաբերությունները, նպաստելու Միության անդամ երկրների հզորացմանն ու այդ երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը: