Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական մակարդակներով իրականացվող ինտեսիվ աշխատանքները:
Նիկոլայ Ռիժկովը վարչապետին է ներկայացրել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում քննարկված հարցերն ու նախատեսվող ծրագրերը: Պարոն Ռիժկովը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը:
Հովիկ Աբրահամյանը եւ Նիկոլայ Ռիժկովը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: