Գերիշխում է ամենուրեք միանձնյա իշխանություն հաստատելու կարծրատիպը․ Գևորգ Դանիելյան
Խորհրդարանում Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին ուղղված հարցերն ու ելույթներն ավելորդ անգամ հաստատեցին, որ այս միջավայրում, ցավոք, գերիշխում է ամենուրեք միանձնյա իշխանություն հաստատելու կարծրատիպը եւ դրանով թելադրված ակնկալիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդպես էլ չձեւավորվեց այն անհրաժեշտ իրավաքաղաքական մթնոլորտը, որ ընտրվում է ոչ թե ողջ դատական համակարգն իր հայեցողությամբ վերանայելու, այն իր սեփական պատկերացումներին հարմարեցնելու իրավասությամբ օժտված, կոնկրետ գործերով դատավորների որոշումների համար կանխարգելիչ դիրքորոշում հայտնելու եւ դրա համար պատասխանատու վերադաս պետ, այլ սոսկ Վճռաբեկ դատարանի եւ դրա աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովող, զուտ ընթացակարգային որոշ վարչական գործառույթներ իրականացնող եւ Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում ներկայացնող ինքնավար պաշտոնյա»: