28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ձեր մեկնաբանությունները ձեզ պահեք. բանավեճ Ազգային ժողովում

՛՛Ձեր ոլորտն այն ոլորտն է, որը կիսաուժային, բայց նաև բիզնես միջավայրի և հանրային կյանքի տարբեր ոլորտների հետ ակտիվ ներազդեցություն ունի՛՛,-Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԻ նախարարությանը հատկացվող բյուջեի քննարկման ժամանակ: ՛՛Եթե կարկուտը չի հաղթահարվում, փլուզումները չեն հաղթահարվում ժամանակին, ներդրողները մտահոգություններ են ունենում, ու անցյալ տարիների փորձն էլ ցույց է տալիս, որ ներդրումներ չեն անում՛՛,-նկատեց նա: Մելքումյանը նշեց, որ նախարարն, իհարկե, ասում է, որ ֆինանսական միջոցները չեն բավականեցնում, բայց արդյոք չեն հասկանում, որ  վաղը-մյուս օրը պետությունը կրկնակի  է վճարելու այսօր չարված ծախսերի համար:

Արմեն Երիցյանը համաձայնեց պատգամավորի հետ: ՛՛Բայց այստեղ պետք է հաշվի առնել մեր գումարների չափը: Օրինակ՝ յուրաքանչյուր մարզ հակակարտակայանների մասով մոտ երեք միլիարդի վնաս է կրում կարկուտից, եթե  կարողանանք մեկ տարվա ընթացքում գումարներ հայթայթենք, որ ներդնենք, մի քանի տարի հետո ավելի շատ գումարներ կարող ենք խնայել: Այստեղ բոլոր ուղղություններով կարող ենք զարգանալ, եթե լինեն գումարներ, բայց այսօր չկա այդ գումարների չափը: Դա միայն մեր նախարարության խնդիրը չէ, բոլոր նախարարություններն էլ ունեն իրենց խնդիրները, և յուրաքանչյուրը բավարարվում է այն գումարով, որը տրվում է, այսօր այսքան է տրվում, ուրեմն այսքան կա: Ես վստահ եմ, որ եթե ավելի լիներ, հո Ֆինանսների նախարարությունը կամ կառավարությունը այդ գումարները չի պահելու իրեն՛՛:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն արձագանքեց. ՛՛Մենք 12 համատեղ նիստ ենք անում, ու յուրաքանչյուր նիստ ունի իր օրակարգը: Ես կարծում եմ, որ ճիշտ է, որ յուրաքանչյուր հարց տրվի այն օրակարգի շրջանակներում, որ տեղի է ունեցել: Մենք նախորդ նիստում քննարկել ենք եկամուտների ձևավորման հարցը, հարկերի, մաքսերի քաղաքականությունը: Այդ հարցը շատ ավելի դիպուկ կլիներ, եթե հնչեցնեիք նախորդ նիստի ժամանակ, որովհետև այդ հարցին պարոն Երիցյանը կդժվարանա պատասխանել՛՛:

ԲՀԿ պատգամավորն արձագանքեց. ՛՛Պարոն Մինասյան, դիպուկահարության և դիպուկ լինելու մեկնաբանություններ մի տվեք դուք: Ես շեշտեմ, որ մենք տնտեսական հարցերի հանձնաժողովում ենք քննարկելու հարցերի և մաքսերի հարցը, հիմա եղե՞լ է այդ նիստը, չի եղել, այսինքն՝ ես տարբերակում եմ մակրոտնտեսական քաղաքականության խնդիրները կոնկրետ հարկային գործիքների քաղաքականությունից, այնպես որ ձեր մեկնաբանությունները թող մնան ձեզ՛՛:

Նիստ վարող Կորյուն Նահապետյանը հորդորեց բանավեճ չծավալել այս հարցի շուրջ: Իսկ Գագիկ Մինասյանն էլ ընթերցեց այսօր տեղի ունեցած առաջին ու ընթացող երկրորդ նիստի օրակարգերը: ՛՛Եթե դուք տեղյակ չեք, ցավում եմ՛՛: ՛՛Ինչքա՞ն է տևել այդ նիստը՛՛,-նետեց Մելքումյանը: ՛՛Եթե դուք այստեղ լինեիք, կտևեր այնքան, ինչքան որ ձեզ կբավարեր: Եթե դուք տեղյակ չեք, ես ցավում եմ ուղղակի, ցավում եմ՛՛: Կորյուն Նահապետյանն ընդհատեց բանավեճը:     

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ