Ոստիկանությունը հարևանին ստիպել է Հայկ Մարությանից ներողություն խնդրել
Հայկական լրատվամիջոցների հրապարակման համաձայն՝ հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին: «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին: Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռնք ու իջել բակը մաքրելու: Հարևանները տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին:
Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին: Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել, այդպիսով հանդարտեցնելով լարված վիճակը: Հարևանները պատմել են, որ իրենց հունից հանել է դեպքի նախորդ օրը Հայկ Մարությանի հոխորտանքները հյուրանոցներից մեկի ղեկավարության հասցեին, որը նկարահանվել և ցուցադրվել էր։
Սրան հաջորդեց քաղաքապետի մամուլի քարտուղարի Հակոբ Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ «կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսևորել, ինչին արձագանքելով, քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները: Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, և ներողություն են խնդրել միջադեպի համար: Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»-ֆեյսբուքում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղարը:
DataLeask-ին հայտնի է դարձել, որ Հակոբ Կարապետյանը խոսում է այն հարևանի մասին, որը բռունցքով հարվածել է Հայկ Մարությանի դեմքին։ Պարզվում է միջադեպի օրը, ժամը 22:30-ի սահմաններում այդ հարևանի բնակարան են այցելել քրեական ոստիկանության աշխատակիցները և հայտնել են, որ հայհոյանքների համար խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի առանցքային կասկածյալն ինքն է և պետք է բերման ենթարկվի։
Ընտանիքի անդամները անհանգստացել են և ոստիկաններին խնդրել են լուծում առաջարկել։ Ոստիկանության աշխատակիցները որպես արագ լուծում պահանջել են, որ ամբողջ ընտանիքով գնան և ներողություն խնդրեն Հայկ Մարությանից։ Ընտանիքի հորը հասկացրել են, որ հակառակ դեպքում իր որդուն սպասվում է երկարատև բանտարկություն: Հայրը ստիպված համաձայնվել և հանդիպել է քաղաքապետ Մարությանի հետ։