Լենա Նազարյանի ամուսինը լուրջ տարաձայնություններ է ունեցել Փաշինյանի հետ․ Ժողովուրդ
օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է պաշտոնից ազատվել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը: Ըստ թերթի տեղեկությունների՝ Նարեկ Բաբայանը հեռանալուց առաջ լուրջ տարաձայնություն է ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բանն այն է, որ վերջերս, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է տեղի ունեցել, եւ մի նախագծի փոփոխության հետ կապված հարց է քննարկվել, Նարեկ Բաբայանը հայտարարել է, թե այդպիսի փոփոխություն անելը կարող է իշխանությունների վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալ:
Նրա այդ նախադասությունից հետո Նիկոլ Փաշինյանը կոպիտ է արտահայտվել՝ ասելով, թե Բաբայանն արդեն երկուսուկես տարի է (նշանակվել է 2018 թ. հունիսի 11-ին- խմբ.)՝ զբաղեցնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, սակայն որեւէ դրական փոփոխություն չի կատարել, եւ անգամ տեսակետ արտահայտել, թե հենց այդպիսի երեւույթներն են բացասաբար ազդում իշխանության վարկանիշի վրա:
Եվ ահա, թերթի տեղեկություններով՝ այս միջադեպից հետո խորացել են հակասությունները, Նարեկ Բաբայանի հետ կապված դժգոհություններ են եղել, եւ այդ պատճառով էլ փորձել են գտնել մեկին, որը կարող է փոխարինել նրան: Եվ ահա, գտել են եւ նշանակել Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին, որն աշխատանք չուներ: Նարեկ Բաբայանը, թերեւս, հազիվ թե երկար անգործ մնա։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում ։