Դուք կարմիր գվարդիան եք, մենք էլ սպիտակ գվարդիականներն ենք. փոխնախարար
2015 թ-ի բյուջեով Կառավարությունը աշխատող հղիների նպաստի որևէ կրճատում չի հաշվարկել, որովհետև բյուջեն ներկայացնելիս այդ օրենսդրական փաթեթը չկար: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: ՛՛Հղիները ստանում են այնքան աշխատավարձ, ինչքան կազմել է վերջին տարում, իսկ չաշխատողներն էլ չեն ստանում, այսինքն՝ բյուջեում հարցը ընդգրկված է գործող օրենսդրությամբ՛՛,-նշեց նա:
Փոխնախարարը շեշտեց, որ վերջին երկու տարիներին շատ են դեպքերը, երբ մարդը չի աշխատում, հետո պարզվում է, որ վեջին երկու ամսում 1 մլն աշխատավարձ է ստացել: ՛՛Այդ խնդիրը, թեկուզ թվաբանորեն կա, եթե ոչ ռեալ բարձր աշխատավարձ են նշանակում, պետությունը լրացուցիչ գումարներ է տալիս: Մեկն ասում է՝ մորաքրոջս տղան է, կնոջը բերեմ, մի հինգ-վեց ամիս ձևակերպեն բարձր աշխատավարձով ու դեռ գործի էլ չի գնում, հետո պետությունը պարտավոր է վճարել: Ընդունենք, որ խնդիրը կա, և այլ բան է, թե այդ խնդիրը ոնց ենք ուզում լուծել: Եկեք ռեալ քննարկման դաշտում խոսենք, դուրս չգա, որ դուք կարմիր գվարդիան եք, մենք էլ սպիտակ գվարդիականներն ենք: Հիմա լուծումները ճիշտ են, թե ոչ, չեմ կարող հստակ ասել, բայց Կառավարությունն այս լուծումն է տվել՛՛:
Փոխնախարարը կարծում է, որ եթե խնդրին այլ լուծում կա, կարող են առաջարկել և անպայման կքննարկվի: Պավել Սաֆարյանի խոսքով՝ ուղղակի մարդիկ սովորել են ոչինչ չանել, բայց լուծումներում խնդիր փնտրեն. ՛՛Սովորել են, որևէ մեկը մի բան չասի՝ պատգամավորներ, հանրություն և այլն, բայց տեսնեն, երբ մեկը մի բան է առաջարկում, ասեն՝ հլա նայենք, տեսենք, դրանց սխալները ոնց ենք գտնում, երեսին տան՛՛: