Էդգար Ղազարյանի հրաժարականը մի քանի պատճառ ուներ
Ինչպես երեկ պարզ դարձավ, երեկ՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց արդեն նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը: Առաջին հայացքից թվում էր, որ ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել, և որ մարզպետի փոփոխությունը նորմալ, բնականոն գործընթաց է: Սակայն, իրականությունը մի փոքր այլ է, որովհետև Էդգար Ղազարյանն ուղղակիի չէր կարող մարզպետ աշխատել մի քանի պատճառով:
Պատճառներից մեկն այն է, որ Ղազարյանն իր պաշտոնավարման ընթացքում որպես անհատ ոչ մի սկանդալում ներգրավված չի եղել, իսկ դա մեր իրականության մեջ ուղղակի անթույլատրելի է, քանզի իր այս որակով նման չէ մյուսներին:
Երկրորդ պատճառն այն է, որ Ղազարյանը ծնվել և մեծացել է մանկավարժների ընտանիքում, ստացել է լավ կրթություն և ինչպես և հայրը, ունի գիտությունների թեկնածուի կոչում: Ուշագրավ է, որ ոչ մի ՀԿ-ի կողմից տրված գիտությունների դոկտորի կոչում չունի, ինչպես մյուս կոլեգաները:
Երրորդ պատճառ. թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է “Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով, ինչն ուղղակի նշանակում է, որ նա առնվազն լավ տիրապետում է մարզի զարգացման տեական կողմին, և հետևաբար կա հեռանկար, որ հնարավոր է գոնե մի մարզում ներդրվի կառավարման որևէ ժամանակակից մոդել, ինչն ուղղակի անթույլատրելի է, որովհետև մարզը պետք է զարգանա մյուս մարզերին համարժեք, և նույն ավանդական, տնական զարգացման մոդելով:
4-րդ պատճառ. ընդհանուր առմամբ Ղազարյանը սպիտակ մարդ է, սիրում է ջութակ և դաշնամուր նվագել, դասավանդել, շփվել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, և լինել ուղղակի սիրված:
Իսկ վերջինս ուղղակի անթույլատրելի է, որովհետև մարզպետների նկատմամբ հասարակության մեծ մասը չի կարող լավ վերաբերմունք ունենալ, որովհետև կան այնպիսի պաշտոններ, որտեղ գործողություններ իրականացնելով, քեզ ուղղակի հասարակության որևէ շերտ պետք է ատի, իսկ եթե քեզ չեն ատում, հետևաբար ինչ-որ բան այնպես չես անում:
Ահա թե ինչու աշխատանքից ազատվեց Էդգար Ղազարյանը:
Հուսանք, որ մեր երկրում կգա մի օր, երբ աշխատանքից կազատվեն ոչ թե նրանք, ովքեր առանձնանում են լավ, այլ վատ որակներով:
Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Բաբկեն Պիպոյանը: