26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվում որպես ԵՏՄ անդամ երկիր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը 2014թ.  հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): 

Երկու հարևան պետությունները ջերմ հարաբերություններ և կայուն առևտրային կապեր ունեն հազարավոր տարիներ ի վեր և համարվում են ռազմավարական բարեկամներ տարածաշրջանում: Հայաստանի և ԻԻՀ-ը արդյունավետ համագործակցում են էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային կապերի ոլորտում: 

Համատեղ ծրագրերի արդյունքում կառուցվել է կամուրջ Արաքս գետի վրա,  Իրան-Հայաստան գազատարը, Իրան-Հայաստան (Կապան-Մեղրի) այլընտրանքային ճանապարհը:  Երկու երկրները նաև բանակցում են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության, Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցման վերաբերյալ։ Երկու պետությունները գործարկել են նաև մեկ այլ բազմամիլիոնանոց էներգետիկ ծրագիր, որն իրենից ներկայացնում է երկու հիդրոէլեկտրակայանների կառուցում Հայաստան-Իրան սահմանագիծ հանդիսացող Արաքս գետի վրա։ 

Չնայած Հայաստանը Ռուսաստանից բնական գազ է ներկրում համեմատաբար ցածր գներով, Իրան-Հայաստան գազատարը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Առաջինը, այն ստեղծում է Վրաստանի տարածքով գազի ներկրման այլընտրանք՝ ապահովելով մեր էներգետիկ անվտանգությունը հարավկովկասյան տարածաշրջանի հնարավոր նոր ապակայունացման դեպքում։ Եվ երկրորդը՝ հնարավորություն է տալիս Հայաստանին, օգտագործելով ներկրվող բնական գազը, մեծացնել արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները։ 

Վերջին հանգամանքը Հայաստանի համար հատկապես կարևոր է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկիր լինելուց հետո, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելացնել Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները և, վաղ թե ուշ բացման ենթակա,  Թուրքիայի էլեկտրաէներգիայի շուկայում մասնակցության որոշակի ներուժ, հնարավորություն  ստեղծել։

Իրանից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝ կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, քիմիկատներ, քարից, գիպսից, ցեմենտից պատրաստված իրեր, ավտոմեքենաներ, սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ: Արտահանվող ապրանքատեսակները ներառում են հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա: 

Այժմ Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվում  որպես Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկիր: Դա կարող է ներառել ինչպես ԵՏՄ տնտեսական տարածքում արտադրված մեծաքանակ ապրանքների արտահանում Հայաստանի տարածքով դեպի ԻԻՀ, այնպես էլ իրանական ապրանքների ներմուծում դեպի իրացման հսկայական հնարավորություններ տրամադրող ԵՏՄ տնտեսական գոտի: 

Արդյունքում կարող ենք ունենալ ինչպես  բեռնափոխադրումների ծավալի զգալի մեծացում, այնպես էլ տարբեր համատեղ շինարարական, դեղագործական, էներգետիկ ծրագրերի իրականացում Հայաստանում՝ որպես ԵՏՄ երկիր հանդիսացող երկրում (պարզ է, շահագործման և իրացման առավել բարենպաստ պայմաններով): Նպատակահարմար է նաև ստեղծել ազատ տնտեսական գոտիներ Հայաստան-Իրան սահմանի վրա, որը կավելացնի համատեղ տնտեսական համագործակցության ծավալները: 

Շատ կարևոր է նաև Հայաստան-Իրան ռազմաքաղաքական հարաբերությունների ամրապնդումը: Այս պարագայում բավականին զգուշորեն պետք է մոտենալ Իրանի հետ քաղաքական համագործակցությանը, որը կարող է դառնալ տարածաշրջանում միջնորդ երկիր Երևանի և Բաքվի միջև ԼՂՀ-ի շուրջ ընթացող բանակցություններում: Վերջին ժամանակներս ակտիվացել է տարածաշրջանում Թուրքիայի դերը, որը հանդիսանում է Ադրբեջանի անմիջական դաշնակից և Իրանի քաղաքական ակտիվացումը տարածաշրջանում կնվազեցնի Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական շահերին: 

Տիգրան Խաչատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ