Վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց դադարեցնել Երևանի թիվ 60 դպրոցի վերանորոգման համար նախատեսված գնման ընթացակարգը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ սա գտնվում է այն 13 դպրոցների շարքում, որոնց իրականացումը հետաձգել են 2 տարով և որոնց վերակառուցման համար պահանջվում է միլիարդ ու դրանից ավել ֆինանսական աջակցություն:
Նախարարի խոսքով՝ բյուջեով այս դպրոցների վերակառուցման համար ավելի քիչ գումար է նախատեված եղել, և սրանց վերակառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կընդգրկվեն 2016 թվականի բյուջեում: Բացի սրանից նախարարն ասաց, որ խնդիր կա դպրոցի տարածքի հետ կապված, դրա մի հատվածը սեփականաշնորհված է, սակայն քաղաքապետարանը բանակցություններ է տանում:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը ստուգել է իրականացվող ծրագիրը և պարզել, որ անցած տարվա դրությամբ 2006-2013 թվականների ծրագրով նախատեսված 74 դպրոցներից ոչ մեկի շինարարությունն ավարտված չէ, թեև ծախսվել է նախատեսված գումարի շուրջ 70 տոկոսը։ Ավելին, ըստ Վերահսկիչ պալատի նախագահի, ծրագիրն իրականացնելիս Կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել սեյսմակայնության խնդիրներին: