Բացահայտվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը
ՀՀ քաղաքացի Լեւոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երեւան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարեւանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել էր Լեւոն Բունիաթյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայի մեջ: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը (ողեւոր) կրակել է իր հետ նույն տաքսի ավտոմեքենայի սրահում գտնվող Լեւոն Բունիաթյանի գլխի շրջանի ձախ քունքային մասին՝ նրան ապօրինաբար զրկելով կյանքից:
Այնուհետեւ նույն տաքսի ավտոմեքենայով Լ.Բունիաթյանի դին տեղափոխել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարեւանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք եւ թողել գնացքի գծերի մոտ, որտեղ եւս մեկ ստուգողական կրակոց է արձակել Լ.Բունիաթյանի ծոծրակային հատվածին եւ նստելով նույն տաքսի ավտոմեքենան` հեռացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` առերեւույթ հանցագործություն կատարած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին