Իշխանություններից քառյակն ավելին էր սպասում
”Մենք սպասում էինք իշխանություններից ավելի ադեկվատ պահվածք, ադեկվատ վերաբերմունք այդ պահանջների նկատմամբ, բայց հակառան է , կոնստրուկտիվ վերաբերմունք չենք նկատում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` խոսելով 12 կետերի կատարման ժամկետի ավարտից: Նշենք, որ այսօր սեպտեմբերի 30-ն է, իսկ քառյակը մինչև այսօր էր ժամանակ տվել իշխանություններին` կատարելու իրենց ներկայացրած 12 կետերը:
Մարգարյանն ասաց, որ հիմա չի կարող ներկայացնել քառյակի տեսակետը, կամփոփեն, ապա կներկայացնեն: Իր կարծիքով` իշխանությունը ոչինչ էլ չի կատարել: ”Մենք ուզում էինք տեսնել` արդյուք ինչ-որ բաներ կան, որ չեն արել, բայց ուզում էին անել, սակայն դա ևս չի երևում”,-նկատեց նա:
”Իրենք կորոշեն` ինչպես են պատասխան տալու, մենք ամսի տասին կհայտարարենք մեր ծրագիրն ու հետագա անելիքները, ինչպես կպատասխանեն, թող իրենք որոշեն: Այն, ինչ-որ մենք կառաջարկենք, կլինի ամսի տասին: Մենք գտնում ենք, որ այսօր շատ կարևոր է սահմանադրական փոփոխությունների դեմն առնելը”,-շեշտեց ԲՀԿ պատգամավորը:
Հարցին, թե իշխանությունները հիմք ունեն վախենալու հանրահավաքից, Ս. Մարգարյանը պատասխանեց.”Ոչ ոք նպատակ չի դրել վախեցնելու , մենք հայտարարել ենք կետերը, և խնդիրն այն է, որ երկրի վիճակն օրեցօր վատանում է”: