Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի փոփոխությունը, ինչն անելանելի վիճակի մեջ է դնում փոքր և միջին բիզնեսով զբաղվող տասնյակ հազարավոր ձեռներեցների: Օրենքի ընդունման ժամանակ Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը դեմ էր արտահայտվել նշված փոփոխությանը` զգուշացնելով դրա բացասական հետևանքների մասին: Սակայն գործող վարչախումբը, հարազատ մնալով իր գործելաոճին, հակամենաշնորհային օրենքներ ընդունելու, իշխանության հետ սերտաճած խոշոր օլիգարխներին տրված անօրինական հարկային և մաքսային արտոնություններից զրկելու փոխարեն, ստվերի դեմ պայքարի քողի տակ իրականում ոչնչացնում են փոքր և միջին բիզնեսը:
Մի քանի օր է, ինչ հազարավոր ձեռներեցներ բողոքի ակցիաներ են անցկացնում` նոր օրենքի կիրառումը դադարեցնելու պահանջով: Քաղաքացիների պահանջներին ի հակազդեցություն, գործի են դրվում ռեժիմի զինանոցի ամենաքստմնելի միջոցները, ինչպես, օրինակ, ոսկու շուկայի սեփականատիրոջ անօրինական քայլերն ու պահանջները: Մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն:
Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ:
Հայ Ազգային կոնգրեսը ողջունում է իրենց իրավունքների համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին և պատրաստ է սատար կանգնել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց շահերի պաշտպանության գործում: Այս առումով, Կոնգրեսը մասնավորապես հրատապ է համարում Ազգային ժողովի՝ Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն խմբակցությունների կողմից նախաձեռնած ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունումը: