“Վիրավորական չէ”. ինչու ԲՀԿ-ը կողմ չէր Փաշինյանի նախագծին
Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած ”Սահմանապահ համայնքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը օրակարգ մտնելու հարցը: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ այս նախագիծը արտոնություններ է տալիս սահմանապահ բնակիչներին, ոչ թե ձեռնարկատերերին: Նախատեսվում է տալ որոշակի արտոնություններ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և մի քանի այլ գյուղերի բնակիչներին, մասնավորապես գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի վարձավճարի հիսուն տոկոսը պետք է վճարի պետությունը պետական բյուջեից: Նախատեսվում է այս գոտում ավելացնել տարեկան դոտացիաների շարքով ֆինանսավորումը, որը պետք է ծախսվի բացառապես այդ բնակիչնյերի առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքների աջակցելու համար, նախատեսվում է նաև ականների պայթյունից վիրավորված, ադրբեջանական ԶՈՒ գործողությունների արդյունքում վիրավորված քաղաքացիների բուժումը կատարել պետական միջոցներով:
Փաշինյանը նշեց, որ հարցն ինքնաբերաբար չի մտնում օրակարգ, քանի որ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակցություն չի տվել, դեմ են քվեարկել ՀՀԿ ու ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Փաշինյանը նշեց, որ ԲՀԿ պատգամավորները իրենց այս որոծումը պատճառաբանել են, թե այլ օրենքներում պետք է փոփոխություն մտցնել, ոչ թե հենց այս օրենքն ընդունել: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն էլ ասել են, որ կառավարությունն ավելի համապարփակ նախագիծ է ներկայացնում: Պատգամավորը նշեց, որ կառավարությունն արդեն հաստատել է սահմանամերձ գյուղերում հարկերրից ազատման վերաբերյալ օրենքը, սակայն իր ու այդ նախագծերը բավական տարբերվում են իրարից: ”Մեր ներկայացրած օրենքի նախագծով նախատեսվում է ուղիղ արտոնությունը տալ բնակչին, ովքեր այսօր ապրում են այդ վայրերում: Սահմանապահ համայնքի բանկիչներին օր առաջ սոցիալական այս նվազագույն արտոնությունների տրամադրումը ոչ միայն ազգային անվտանգության, այլև քաղաքացիական պատասխանատվության հարց է, ուստի կոչ եմ անում կողմ քվեարկել նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցին ”,-կոչ արեց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ նախընտրելի նախագիծ է, և խնդիրն այն է, որ քաղաքական վեց խմբակցություններ իրենց առաջարկություններով դիմել են կառավարությանն, ու դրանք ավելի համապարփակ կլինեն: Գ. Սահակյանը նշեց, որ չկան մարդիկ, ովքեր են սահմանապահ բնակիչներին արտոնություններ տալու, սակայն պետք է նաև ավելի լավ սահմանել` ինչ է նշանակում սահմանամերձ համայնք: ”Վիրավորական չէ, որ ձեր նախագիծը դեմ է քվեարկվել, մենք պատրաստ ենք անդրադառնալ, և եթե աշխպատում ենք, բոլորս միասին աշխատենք”,-պարզաբանեց նա:
Վարման կարգի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. ”Քանի որ այս նախագիծը մեր հանձնաժողովում է քննարկվել, ես սկզբից չէի ուզում պարզաբանում տալ, բայց քանի որ մի քիչ քաղաքականացվեց, ասեմ, որ երկու խմբակցություններն են ձեռնպահ եղել, ոչ թե դեմ, ինչու երկու խմբակցությունները, որովհետև այլ խմբակցությունից մարդ չի եղել ներկա”,-նշեց ԲՀԿ պատգամավորը: Նա նշեց, որ մի քանի հոդվածով է օրենքը նման կարևոր հարցի վերաբերյալ, այդ պատճառով էլ ինքը ձեռնպահ է եղել: ”Ժառանգությունից” Զարուհի Փոստանջյանը կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել հիմա այս օրենքին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս ձայն խնդրեց. ”Մենք դեմ չենք այս օրենսդրական նախաձեռնությանը, բայց քանի որ վեց քաղաքական ուժերը , այդ թվում ՀԱԿ-ը, որ խմբակցությունից է նաև Նիկոլ Փաշինյանը, միասնական առաջարկություն են ներկայացրել կառավարությանը, և կառավարությունն էլ տվել է իր համաձայնությունն ու արդեն ուղարկել է Ազգային ժողով, արդեն իսկ կարելի է որոշում կայացնել, որ մեր քննարկումների ժամանակ քննության առարկա կդարձնենք նաև Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը”: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք ևս ձեռնպահ են քվեարկելու:
Ապա հեղինակը նշեց, որ եթե այս հարցն ընդունվեր, ապա ինքն անձամբ մոտենալու էր բոլոր խմբակցություններին, խնդրեր ներկայացուցիչ, ով համահեղինակ միանար նախագծին իր առաջարկություններով: Նա հավելեց, որ կառավարության հետ քննարկումների արդյունքում համոզվել է, որ նման արտոնություններ առայժմ կառավարության օրակարգում չկա: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ հավելեց, որ իրենց խմբակցությունից ներկայացուցիչ չի եղել նիստին, բայց գաղափարին դեմ չեն:
”Եկեք աջակցենք մեր խորհրդարանականին, մոդայիկ չդարձնենք, որ պատգամավորի նախաձեռնությունը պետք է մրժել ու ամեն ինչ կառավարությունը պետք է ներկայացնի”,-ասաց նա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. ”Պետք է միմյանց աջակցել”: Նախագիծը դրվեց քվեարկության և այն չընդգրկվեց նիստի օրակարգ, դեմ քվեարկեց 3, կողմ 40, ձեռնպահ 50 պատգամավոր: