Սկզբում վախենում ես, հետո վախն անցնում ա, հետո ընկերոջդ ես տեսնում՝ կյանքի հեղուկի մեջ շաղախված․․․ Ցնցող նամակ առաջնագծից
Մորս
Մենակ 45 րոպե պետք եկավ, որ հասկանամ` ինչից սկսեմ. տենց էլ չհասկացա։
Բարև, Մա´մ, վերջին 10 օրվա մեջ առաջին անգամ սկսել եմ մտածել, վերջին 10 օրվա մեջ առաջին անգամ դադար ա, մինչև էս պահը ուղղակի ժամանակ չկար մտածելու։
45 րոպե գնաց մտածելու վրա, թե ոնց չցավացնեմ քեզ, ոնց դուխ տամ, վերջը որոշեցի ուղղակի անկեղծ լինեմ։
Դուխի պակաս չունենք, էստեղ բոլորս առյուծներ ենք, 2-րդ լուսաբացին արդեն հաղթել էինք մահը։ Հիմա էլ ոչ մեկը չի մեռնում, ուղղակի առավոտները արթնանում ես, ու էլ կողքդ չեն։
Մենք մերոնցից ոչ մեկի մասին չենք ասում՝ մեռավ կամ զոհվեց, ասում ենք գնաց տուն։ Մահ չկա 2-րդ լուսաբացից հետո։
Էսօր առաջին անգամ սկսել եմ մտածել՝ էս ինչ ա, ինչ կռիվ ա, ինչի դեմ ա կամ հանուն ինչի ա։
Սկզբում վախենում ես, հետո վախն անցնում ա ու արագ ա անցնում, հետո ընկերոջդ ես տեսնում՝ կյանքի հեղուկի մեջ շաղախված, էդ տեսարանից հոգիդ լքում ա մարմինդ մի 5 րոպեով, հետո հետ ա գալիս։
Հետո գալիս ա դառնությունը, հետո դառնությունը դառնում ա աղի՝ արտասուքներից, դրանք վախի կամ թուլության արտասուքներ չեն, դա մեր սերն ա՝ մեր ընկերների նկատմամբ ունեցած։
Հետո գալիս ա կատաղությունը, ու սկսում ենք մորթել աջ ու ձախ՝ 100-ներով, ամենադաժան ձևով, պահի տակ նույնիսկ հաճույք ենք ստանում։
Հետո գալիս ա ցնծությունը՝ մեր մեծ ու փոքր հաղթանակների։
Հետո գալիս են լռության ժամերը, բայց միտքը դատարկ ա, ոչ մի բան չես կարում մտածես, կարճատև խաղաղություն ա հաստատվում։
Հետո էմոցիաները անհետանում են, ու նորից սպանում ենք 100-ներով, բայց արդեն առանց էմոցիա, առանց վրեժի, առանց ուրախության, ուղղակի խնդիր ենք լուծում, հայացքդ էլ մշուշոտ չի, հոգիդ էլ տակն ու վրա չի լինում, ուղղակի վերացնում ես դրանց վաշտը վաշտի հետևից, տանկը տանկի հետևից։
Երեկ, մեր սարերի պես խաղաղ կանգնած, նայում էի՝ ոնց ա գոռում հակառակորդի՝ տանկից կախված վառվող զինվորը։ Մատս մատիս չտվեցի. ո՛չ փրկեցի, ո՛չ սպանեցի, ուղղակի սպասեցի մինչև վերջ նրա մոխրանալուն։
Զզվելի բան ա պատերազմը, մա՛մ, կներե՛ս էս կարգի անկեղծության համար։ ԻՆչքան գան, էդքան սպանելու ենք։
Զգու՞մ ես, մա՛մ, էդ բառը ինչ հանգիստ եմ օգտագործում, այ դրա համար ա զզվելի բան պատերազմը, Մա՛մ։
Էսօր առաջին անգամ սկսեցի մտածել՝ որն ա հաղթանակը։ 2 ժամ էլ դրա վրա գնաց։ Վերջը զոռով քամեցի ձևակերպումը։
Հաղթանակը էս ամեն ինչի չկրկնվելն ա, մեզ ստիպել են կռվենք, մենք կկռվենք՝ բայց լրիվ ոչնչացնելով հակառակորդի բանակը։
Եթե դա չանենք, սա էլի կրկնվելու ա 2 տարին մեկ կամ ամեն տարի։
Էսօր բարձրագույն հրամանատարությունից մարդիկ էին եկել, անուններ չտամ, պարգևատրեցին, ինձ էլ։ Արիության մեդալ և այլն։
Վերջում ասեցին՝ հարցեր ունե՞ք, ասեցի՝ հա, հարցրեցի՝ որն ա հաղթանակը։ Ասեցին թշնամուն պիտի կոտորենք ու ոչ մի թիզ հող չենք տալու։
Ասեցի՝ թիվ գիտե՞ք, ես ուզում եմ մինչև վերջին հատիկ թշնամին մեռած չլինի, տուն չգնանք ու կրակն էլ չդադարացնենք։ Ինձ ասեցին՝ դա ղեկավարությունը կորոշի։
Մա՛մ, հաղթանակը ձեր, մամաների չլացելն ա, ձեր՝ ցավ չապրելն ա, էս ամեն ինչի չկրկնվելն ա , դա հնարավոր կլինի թշնամու ամբողջական ոչնչացումից հետո, ամբողջական, մա՛մ, դրանց ոչ մի զինվոր պիտի ոտքի վրա չլնի։
Ու սա չարացած չեմ ասում , սա խնդիր ա մաթեմի նման, որ ունի մենակ մի լուծում՝ բացառել սրա կրկնությունը։
Գիտե՞ս՝ ինչի ա խնդիր, որովհետև ֆագոտի կամ սնայպեռսկի վինտովկի պռիցելում դու թքած ունես ազգության վրա, դու ուղղակի խնդիր ես լուծում, մինուս 1, մինուս 3, մինուս 40, մինուս 200։ Թվաբանություն ա, մա՛մ։
Ես քեզ սիրում եմ, սիրում եմ իմ ընկերներին, սիրում եմ իմ հայրենիքը, բայց ես էլ ռոմանտիկ չեմ, ես խելացի եմ, հաղթանակը դա բացառելն ա սրա կրկնությունը՝ թեկուզ մինչև վերջին հատիկ թշնամուն սպանելով։ Ես էլ էդ բառից չեմ վախենում, մա՛մ, ու ես մեղավոր չեմ.
ինչ-որ մի օր ինչ-որ մեկը փչացրեց էս աշխարհը, ես կսարքեմ՝ ինչքան կկարենամ։
Լավն ա մեր մոլորակը, մա՛մ, ափսոս ա։ Կյանքը լավն ա, սիրում եմ քեզ։
Առաջնագիծ 06.10.2020
Դավիթ Հակոբյան