Կատուն կմլավի, շունն էլ կհաչի. ՛՛Դաշնակցության՛՛ ակնարկը
”Քառյակի վերջին նիստը, քննարկումներն ու եզրակացություններն անցել են շատ հանդարտ, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Մենք միմյանց հասկացել ենք, որ կա առանցքային խնդիր, որի շուրջ տարաձայնություններ կան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նիստի ընթացքում նաև պայմանավորվածություն է եղել, որ քաղաքական ուժերը պետք է փորձեն առավելագույնս կոռեկտ լինել միմյանց հանդեպ, ցեխ չշպրտել:
”Այլ բան է, որ որոշ լրատվամիջոցներում, որոշ անհատների կողմից հերթական անգամ ՀՅԴ-ին պիտակավորելու մոտեցումները թափ են առել: Սա մեզ համար նորություն չէ: Երբ մենք որևէ քայլ ենք անում, հստակ գիտակցում ենք նաև այդ քայլի արձագանքները: Եթե մենք գիտենք, որ այդ քայլն ամենաճիշտն է, այդ արձագանքները դառնում են երկրորդական: Շեքսպիրն ասում էր` կատուն կմլավի, շունն էլ կհաչի”,-շեշտեց ՀՅԴ պատգամավորը:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե քառյակում կոնսոլիդացնող կոնկրետ ուժ կա, Վարդանյանն ընդգծեց` քառյակում չի եղել մեծ ու փոքրի խնդիր, եղել է իրավահավասար ուժերի հարաբերություն:
”Մենք նման հարաբերություն ոչ մեկի հետ երբեք չենք ունեցել ու չենք ունենալու: Եթե ”Դաշնակցության” հետ փորձ արվի խոսել ոչ հավասար դիրքերից, ապա տուժողները մենք չենք լինելու”,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի մասնակցի քառյակի հանրահավաքին, սոցցանցերում պրոբհկ-ական եւ հակկ-ական շրջանակները ինֆորմացիոն պատերազմ հայտարարեցին ՛՛Դաշնակցությանը՛՛: