Սամվել Բաբայանը ծեծե՞լ է. Ժողովուրդ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի հիշում, թե 20 տարի առաջ ինչու էր հրաժարվել իրականացնել Սամվել Բաբայանի պաշտպանությունը:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության արդյունքում: Բանն այն է, որ վերջինս 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:
Հիշեցնենք՝ 2000 թվականին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Բաբայանին ներում շնորհվեց: Օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ հետո ինչ է կատարվել, 2000-ին հանցագործները ովքեր էին, տեռորիստներն ովքեր էին, եւ ինչ է կատարվել: Երբ որ կպարզվի ձեր ասածը, ինքնաբերաբար կվերականգնվեն բոլոր իրավունքները»:
Ուշագրավ է, որ այդ տարիներին տարբեր հրապարակումների համաձայն՝ մարդկանց են ծեծի ենթարկել՝ փորձելով ցուցմունքներ կորզել Սամվել Բաբայանի դեմ, կամ, հակառակը, մարդկանց հեռու պահել Բաբայանի համար ինչ-որ լավ բան անելուց: Եվ, ահա, 2000 թվականի ապրիլին Ստեփանակերտում լուրեր էին տարածվել, թե երկու օր այնտեղ գտնվելուց եւ Սամվել Բաբայանի հետ մեկուսարանում հանդիպելուց հետո ծեծի է ենթարկվել Երեւանից հրավիրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է: Եվ քանի որ գործի քննությունը վերաբացվում է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից հետաքրքրվել՝ 20 տարի առաջ ինչու հրաժարվեց պաշտպանությունից, եւ արդյոք իսկապես նրան ծեծի էին ենթարկել: Եվ քանի որ գործը վերաբացվել է, ակնհայտ է՝ պետք է ցուցմունք տա նաեւ Նիկոլայ Բաղդասարյանը եւ պարզաբանի, թե ինչու է խախտել փաստաբանի էթիկան եւ օրենքը՝ ճնշման տակ հրաժարվելով վստահորդի պաշտպանությունից։
Նախկին փաստաբանը ,այսօր արդեն իշխանական պատգամավորը օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես չեմ հրաժարվել իր գործը վարելուց, այլ նախաքննության ավարտից հետո ինձ փոխարինել է այլ փաստաբան: 23 տարեկան էի, չեմ հիշում՝ ինչն էր պատճառը, սակայն որոշվեց, որ այլ փաստաբան մասնակցի դատաքննությանը: Այո՛, միջադեպ եղել է, սակայն իմ փոփոխությունը եղել է դրանից ամիսներ հետո: Դա չի ազդել իմ որոշման վրա»:
Այս նույն հարցի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեսակետը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե չգիտի՝ ինչու էր Բաղդասարյանը նման քայլի դիմել, ապա հավելեց, թե չի էլ հետաքրքրվել այդ հարցով՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: Հետաքրքիր է՝ ի վերջո ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվել փաստաբանական գործառույթները կատարելուց:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: