“Երկրները` մեկ հարկի տակ”. փառատոնը աշխարհի 30 երկրի ներկայացուցիչների կհամախմբի Երեւանում
Արդեն հինգերորդ տարին է, ինչ երեւանում անց է կացվում “Երկրները մեկ հարկի տակ” միջազգային խոշոր ցուցահանդես-փառատոնը: Այս տարի այն կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը` Կարապի լճի հարեւանությամբ:
Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:
Նա նշեց, որ փառատոնն ամեն տարի իրականացվում էր Հյուսիսային պողոտայում, բայց այս տարի, հաշվի առնելով այնտեղ տեղի ունեցող շինարարական աշխատանքները, փառատոնը տեղի կունենա Կարապի լճին հարող տարածքում:
“Փառատոնը համախմբում է Հայասատնում գործող բոլոր դիվանագիտական մարմինները, գործարար ընկերություններն ու տարբեր միջազգային ու տեղական ընկերություններ: Փառատոնին իրենց տաղավարներով կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատները: Այս տարի փառատոնին մասնակցում են 90-ից ավելի ընկերություններ”,- ասաց բանախոսը` նշելով, որ դեսպանությունները ներկայացնելու են իրենց երկիրը, մշակույթն ու կոլորիտը, նաև լինելու է ազգային ճաշատեսակների համտես:
“Օրինակ, Եգիպտոսը եռանդով պատրաստվում է ներկայացնել իր ազգային ճաշատեսակները, Ղազախստանը ներկայանալու է իր գորգերով ու ազգային տարազով: Հայաստանը ներկայացնելու է միջին և փոքր ընկերությունների”,- ասաց նա:
Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 22-ին` Անի Պլազա հյուրանոցում: Փակման արարողության ընթացքում տեղի կունենա մրցանակաբաշխություն, յուրաքանչյուր դեսպանություն, որ ներկայացնում է իր տաղավարը, հնարավորություն կունենա ստանալու հավաստագիր:
“Մեկ տարի շարունակ ընկերություններն ուսումնասիրվում են պետության կողմից, ապա, ըստ իրենց իրականացրած աշխատանքների, ստանում մրցանակներ”,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ սա հանրության համար նաև մշակությային տոն է, որովհետև սեպտեմբերի 20-22-ը կներկայացվեն նաև տարբեր երկրների մշակութային շերտեր, այդ թվում նաև` հայկական երգ ու պար:
“Փառատոնն ունի նաև բարեգործական բնույթ, այն աջակցում է սիրիահայերին: Այս տարի աջակցությունն ուղղված կլինի Հալեպահայերի հայրենակցական միությանը: Դրված են լինում նաև արկղեր, որտեղ յուրաքանչյուր ընկերություն կամավոր կարող է հանգանակություն անել: Նախորդ տարի հավաքված գումարով աջակցել են սիրիահայ տաս ուսանողի` վճարելով նրանց ուսման վարձը”,- ասաց Մ. Մանուկյանը: