«Ալիևը կարողացավ խաբել Հայաստանի նոր իշխանություններին». Սամվել Նիկոյան
«Առաջին անգամը չէ, որ Ալիևը խոսում է շանտաժի լեզվով, և առաջին անգամը չէ, որ նա դիմում է և՛ համանախագահներին, և՛ միջազգային հանրությանը: Նա փորձում է դրանով հաջողություններ գրանցել, որպեսզի նրանք Հայաստանին և Արցախին ստիպեն և ադրբեջանամետ լուծումներ առաջարկեն: Ալիևը պարզ հայտարարել է, որ Արցախը միայն և միայն տեսնում է Ադրբեջանի կազմում: Եթե նա հանկարծ իր հռետորաբանությունը մեղմում է, ակնկալում է, որ կարող է խաբել, ծուղակի մեջ գցել ՀՀ իշխանություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձառություն չունեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությանը, թե եթե բանակցություններն առարկայական չլինեն, Ադրբեջանը չի մասնակցի դրանց:
Նա հիշեցրեց, որ Ալիևն ինքն է խոստովանել, որ համանախագահներն իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը. «Այսինքն՝ մեր իշխանությունը կարողացել էր Արցախի հարցում հասնել այն մակարդակին, որ արդեն Ադրբեջանի նախագահի վրա ուղիղ ճնշումներ էին գնում, որ ճանաչի Արցախի անկախությունը»:
«Հայ ժողովրդին դուք խաղաղությո՞ւն եք քարոզում, կա՞ մի հայ մարդ, որը պատերազմ է ուզում, բա ո՞ւմ եք ուզում քարոզել և ի՞նչ եք ուզում քարոզել: Ձեր քարոզը խաղաղությունը չէ, զիջելն է այն ելակետային դիրքերից, ինչ մենք սահմանել ենք Ալիևի համար, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը պետք է ունենա Հայաստանի հետ միջազգայնորեն ճանաչված ցամաքային սահման, և Արցախի անվտանգությունը պետք է միջազգայնորեն կազմակերպել: Ալիևը, վստահ եմ, որ այս պահին դեռևս պատրաստ չէ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել: Անկախ Հայաստանի ներքաղաքական խնդիրներից՝ հայոց բանակը կա, հայ ժողովուրդը կա և բանակի թիկունքին այստեղ կանգնած է: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն. Ալիևը դա շատ լավ հասկանում է»:
Նրա խոսքով՝ Ալիևը կարողացավ խորամանկորեն խաբել Հայաստանի նոր իշխանություններին և չեզոքացնել ապրիլյան պատերազմի քաղաքական ձեռքբերումները:
«Խնդիրն այն է, որ ցանկացած հեղափոխական իշխանություն փորձում է դրսի թշնամու հետ լեզու գտնել, որովհետև ինքն իր թշնամին տեսնում է ներսում: Քանի կա հեղափոխական իշխանություն, նա գտնում է իր թշնամիները՝ կլինեն նախկինները, իր թիմի միջից, չգիտեմ՝ ով: Որպեսզի ինքը ներսում կարողանա իր դիրքերն ամրապնդել, պետք է արտաքին թշնամու հետ լեզու գտնի, ինչն արեց՝ պայմանավորվեցին միմյանց վրա չկրակել, որի արդյունքում Ադրբեջանը կարողացավ իր դիրքերն ամբողջ Նախիջևանի մասում առաջ բերել, և խոսքը 2000 հեկտարի և կարևոր ռազմավարական ճանապարհների մասին է: Նախկինում իրենք չէին կարող հասնել դրան, որովհետև կար շատ սթափ մտածող ռազմաքաղաքական ղեկավարություն, որը հասկանում էր դրա հետևանքները»,- ասաց նա:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին և կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց կորցրել է ժողովրդի հետ խոսքով շփվելու կուլտուրան.
«Նա այն ժամանակ խաբում էր, կեղծում էր, մանիպուլյացնում էր, տեխնոլոգիաներ էր կիրառում ժողովրդի ուղեղների վրա ազդելու համար, որպեսզի անհատ քաղաքացուց կերտի ժողովուրդ, ժողովրդին էլ դարձնի ամբողջ, ամբոխին կառավարելը հեշտ է: Եվ հիմա, երբ եկել է գործնական քայլեր իրականացնելու պահը, ինքը տապալել է ամեն ինչը: Ժողովուրդը հասկանում է, որ դու քո անգործությամբ տապալել ես ամենը: Ցանկացած իշխանության համար սա լակմուսի թուղթ էր, համավարակը քննություն էր ամբողջ մոլորակի կառավարությունների համար: Հեռու չգնանք՝ մեր հարևան Վրաստանից մենք հարյուրապատիկ անգամ անցել ենք և՛ մահերի, և՛ վարակվածների թվով: Այս ամենի մեղավորը կառավարությունն է և ուղիղ Նիկոլ Փաշինյանն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am