29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Չի կարելի 21-րդ դարում պետության քաղաքականության առանցք դարձնել թշնամու կերպարը”. Իրատես de facto

Ներկայացնում ենք ”Իրատես de facto”-ի հարցազրույցից մի հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Ինչպիսի՞ն է լինելու ”թեժ աշնան” այս տարվա տարբերակը` Ձեր գնահատականով:
-Հերթական ”թեժ” աշունն է լինելու. ամեն տարի ընդդիմությունը խոստանում է թեժ աշուն, որովհետև ամռանը քաղաքական կյանքը նիրհում է, իսկ աշնանը սկսվում է խորհրդարանի աշխատանքը և որոշակի ակտիվություն է բերում քաղաքական ասպարեզ: 

-Ընդդիմության ”12 կետերը” կարո՞ղ են դառնալ 2014-ի թեժ աշնան հանրահավաքային հիմք:
-Հայաստանում այնքան խնդիրներ կան, որ ցանկացած քաղաքական կուսակցություն ու քաղաքացիական նախաձեռնություն կարող են հանրահավաք անել: Իշխանության քաղաքական օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան ոչ իշխանական ուժերի 12 կետերն են: Ցանկացած երկրի համար աբսուրդ է, եթե իշխանությունն առաջնորդվի ընդդիմության ծրագրերով. կա կառավարության ծրագիր, կա նախագահի նախընտրական ծրագիր, որին հավանություն է տվել հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը, և ինչպես նորմալ երկրներում` մենք էլ պիտի իրականացնենք մեր ծրագրերը: Բնականաբար, ընդդիմության առաջարկությունները, քննադատությունը մեզ համար շատ կարևոր են, բայց ասել, որ մենք պետք է առաջնորդվենք ընդդիմության ծրագրով, նվազագույնը անլուրջ է: Մենք ունենք մեր ծրագիրը, որտեղ հաշվի են առնված թե՛ ընդդիմության, թե՛ փորձագետների, թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների առաջարկությունները: Առավել քան անլուրջ է իշխանության հետ խոսել ուլտիմատումների, շանտաժի, վերջնաժամկետների լեզվով: Կրկնում եմ` քաղաքական օրակարգում շատ ավելի կարևոր հարցեր կան` տեսնո՞ւմ են այդ հարցերը ոչիշխանական ուժերը, թե՞ ոչ:

-Իսկ կա՞ այսօր հրաշալի քառյակը` միասնական, միակամ ու պատրաստ միահամուռ պայքարի ոչ միայն 12, այլև այլ խնդիրների լուծման համար:
-Այդ հարցն իրենց ուղղեք, ակնհայտ է, որ քառյակը միավոր չէ, այլ համագործակցություն մի քանի կետերի շուրջ: Առաջիկա ամիսների ամենակարևոր հարցը սահմանադրական բարեփոխումներն են: ՀՅԴ-ն արդեն ասել է, որ համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են: Մյուսները, թեպետ նախկինում հայտարարում էին, որ պետք է Սահմանադրությունը փոխել, հիմա, չգիտես ինչ է փոխվել, ասում են, որ սահմանադրական բարեփոխումներ պետք չեն կամ պետք են 2018-ից հետո: Բայց նախընտրական ժամանակը շատ վատ շրջան է Սահմանադրություն փոխելու համար: Ամենահարմար ժամանակը ընտրություններից ու մասնագիտական քննարկումներից հետո փոփոխություններ կատարելն է: Ի վերջո, կարծում եմ, ընդդիմությունն էլ դա կհասկանա: 

-Հայաստանի քաղաքական օրակարգի խնդիրնե՞րն են շատ տարբեր, որ քառյակին թույլ չեն տալիս միասնական դառնալ կամ հնգյակ դառնալ, ի վերջո, ՕԵԿ-ն էլ իրեն քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժ է որակում: 
-Կարծում եմ` ոչ այնքան խնդիրները, որքան գաղափարական ու ռազմավարական տարաձայնությունները թույլ չեն տալիս, գուցե նաև մարտավարական: Քառյակում կան ուժեր, որ իրենց ընդդիմադիր չեն հռչակել, կան ուժեր, որ հայտարարում են բարեփոխումների անհրաժեշտության մասին, մի մասը ամբողջական իշխանափոխություն է պահանջում, մի մասը` ոչ, մի մասը խիստ քննադատում է կառավարությանը, մի մասը չի քննադատում, մի մասը սպասում է առաջարկված կետերի կատարմանը, մի մասը չի սպասում ու քննադատում է, մի խոսքով, աջաբսանդալային տրամադրություն է: Ընդդիմությունը, իրոք, բազմաշերտ է` սոցիալիստներից մինչև ազատականներ ու անհասկանալի դավանանք ունեցողներ: Ընդդիմության աշխարհաքաղաքական տարբերությունները ուշ թե շուտ կարող են հանգեցնել բաժանման: Հիմա հարցազրույցը կարող են կարդալ ու ասել` իշխանությունը գիշեր-ցերեկ երազում է, որ քառյակը քանդվի: Բնավ: Իշխանությունը շահագրգռված է ուժեղ ու գաղափարական օպոնենտ ունենալու մեջ: Ընդդիմության դաշտում խմբակցություններ կան, որ յոթ պատգամավոր ունեն ու երեք մասի են բաժանված, հինգ պատգամավորով խմբակցություն ունենք, որ երեք կուսակցությունից է բաղկացած, կան խմբակցություններ, որ իրենց կուսակցություններում միասնական չեն: 

-Չի՞ ստացվում, որ ոչիշխանական ուժերը կոնյունկտուրային կառուցվածք ունեն` դավանում են իրավիճակի ու պահի թելադրանքին: 
-Գուցե, նրանք արդեն սկսել են ապագա ընտրություններին պատրաստվել: 
-Չե՞ն շտապում:
-Շուտ է, իհարկե, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանում, ինչպես ցանկացած երկրում, կա հակաիշխանական զանգված, որը շատ դեպքերում իշխանությանը ձայն չի տալիս` անկախ այն բանից, թե ով է իշխանությունը, և հիմա նրանք սկսել են պայքարն այդ ընտրազանգվածի համար միմյանց միջև: Ինչքան էլ ասեն, որ իրենք միասնական են և այլն, և այլն, հիմնական պայքարը քառյակի միջև է, որովհետև պարզ չէ, թե ով է լինելու ընդդիմության ”առաջին ջութակը”: 
-Չի՞ բացառվում, որ ընդունեն` առաջին ջութակն իրենցից ոչ մեկը չէ:
-Չեմ կարծում, որովհետև մեր հասարակությունը ցանկանում է բոլոր ժամանակներում կոնկրետ այլընտրանք տեսնել:
-Հայաստանի քաղաքական օրակարգի շատ ավելի կարևոր խնդիրները ներքի՞ն քաղաքական դաշտում են, թե՞ արտաքին:
-Ե՛վ ներքին, և՛ արտաքին: Ներքինը` բարեփոխումների շարունակումն է, տնտեսության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության նվազումը, արտաքինը անվտանգության խնդիրներն են. վերջին զարգացումները ցույց տվեցին, որ մեր անվտանգության համակարգը պետք է ուժեղ լինի: Հայաստանը գնում է դեպի ԵՏՄ և ցանկանում է երկխոսությունը շարունակել ԵՄ-ի հետ, ուկրաինական դեպքերն են ավելի շիկանում, որն ազդում է միջազգային հարաբերությունների վրա: Որպեսզի մենք ավելի զարգանանք, պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը:

Հարցազրույն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ