23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սխալները, որ այսօր կատարվում են, ճակատագրական են և վատ նախադեպ՝ ապագայի համար. Դավիթ Հարությունյան

Գործող իշխանությունները վերջին օրերին իրավաբանության այնպիսի «մաստեր կլաս» են ցուցադրում, որ նախկինները երեւի զարմանքից քար են կտրել։ Նախկիններն ի՞նչ իմանային, որ կարող են մի գիշերվա մեջ սահմանադրական փոփոխություն իրականացնել՝ խորհրդարանում, իշխող մեծամասնությամբ։ Մի քանի ժամում օրենքներ «կարել»՝ առանց ընդդիմության, քաղհասարակության, միջազգային կառույցների կարծիքը հաշվի առնելու։ Եվ այդ ամենը ծառայեցնել բացառապես սեփական քաղաքական շահերին։ Նախկիններն էլ էին դա անում, բայց ամիսների տքնաջան աշխատանքով՝ դեմոկրատիայի ֆոն ապահովելով, ընդդիմության ու միջազգային կառույցների կարծիքն էին հարցնում, քարոզարշավ անում։ Ի վերջո, իհարկե, իրենց ուզածն անցկացնում էին, բայց գոնե՝ գրագետ ու պրոֆեսիոնալ ձեւով, օրենքի տառը պահելով։

 

Օրենքների միջոցով իշխանական կամքը կյանքի կոչելու հարցում անգնահատելի էր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դերը, որը տարիներ ի վեր զբաղված է եղել օրենքներ գրելով։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց․ «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, դրանք ակնհայտորեն քայլեր են, որոնք խարխլում են իրավական պետության հիմքը, եւ ամեն ինչ ծառայեցվում է զուտ քաղաքական նպատակահարմարությանը։ Սա, բացի նրանից, որ ունենալու է բումերանգի էֆեկտ, նաեւ ստեղծում է շատ վատ նախադեպ ապագայի համար»։

– Պարոն Հարությունյան, Ձեր մտքով երբեւէ կանցնե՞ր, որ հնարավոր է սահմանադրական փոփոխություն իրականացնել մի քանի ժամում՝ առանց ընդդիմության եւ խորհրդարանական լսումների, առանց միջազգային կառույցների կարծիքը հաշվի առնելու։

– Բնականաբար՝ այն, ինչ տեղի է ունենում, չի կարող համարվել տրամաբանական, ոչ էլ՝ բնական։ Ու թեեւ մտքովս չէր անցնում, բայց յուրաքանչյուր քայլը, որ հիմա կատարվում է, հուշում է, որ մենք դեռեւս ականատես ենք լինելու շատ ավելի բացասական զարգացումների։

– Այսօր շատ են հիշում նախկին իշխանություններին, որ դուք էլ օրենքներն ու Սահմանադրությունը «կարում» էիք ձեր հագով, հիմա էլ նույնը նորերն են անում, եւ ձեր «կարած» Սահմանադրությունն է պատճառը, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել։

– Ես բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ Սահմանադրությունը որեւէ մեկի հագով կարված չէ, այն կարված է եղել Հայաստանի Հանրապետության համար։ Պատահական չէ, որ Սահմանադրությունն իր հիմնական մասով առ այս պահը որեւէ փոփոխության ենթարկելու քայլեր փաստացի կատարված չեն։

– Երբ հետահայաց նայում եք, Դուք Ձեր թիմի եւ անձամբ Ձեր սխալը տեսնո՞ւմ եք, որ եթե Սահմանադրության մեջ այսինչ կետն այսպես չգրեինք, այսօր նման իրավիճակ չէր լինի։

– Ուրեմն՝ սխալ չի անում նա, ով որեւէ բան չի անում, եւ, բնականաբար, հետադարձ հայացք նետելով, իհարկե, միշտ կարելի է բացահայտել՝ այ, սա սխալ էր։ Այլ խնդիր է՝ արդյոք այդ սխալները ճակատագրակա՞ն են, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, ես համարում եմ, որ այն սխալները, որ այսօր կատարվում են, դրանք ճակատագրական են։

– Իսկ Դուք թույլ չե՞ք տվել ճակատագրական սխալներ, որոնք նաեւ հանգեցրել են այսօրվա ճակատագրական սխալներին։

– Տեսեք, եթե Դուք նկատի ունեք ճակատագրական, ենթադրենք, կուսակցության համար, ապա բնական է։ Ես խոսում եմ ճակատագրական՝ երկրի համար։ Ես կարծում եմ, որ պետության համար ճակատագրական սխալներ թույլ չենք տվել։

– Ձեզ շատ էին քննադատում, որ դուք օրենքները ծառայեցնում էիք բացառապես ձեր քաղաքական շահերին, օրինակ՝ նույն կառավարության նիստերը փակելու որոշումը, վարչապետի ծախսերը չհրապարակելու վերաբերյալ օրենքը, Ընտրական օրենսգրքում՝ ռեյտինգային համակարգը, եւ հիմա այդ օրենքներից օգտվում է նաեւ գործող իշխանությունը։

– Բանն այն է, որ ես չեմ համարում, որ Ձեր թվարկածների մեջ տեղի է ունեցել սխալ։ Սկսենք նույն կառավարության նիստերի փակ լինելուց։ Ես այսօր էլ եմ համարում, որ կառավարության նիստերը պետք է լինեին փակ, եւ գոնե չէինք ունենա այն իրավիճակը, երբ կառավարության նիստի բաց մասում քննարկում են առանձնապես որեւէ էական նշանակություն չունեցող հարցեր, որովհետեւ միացված է ուղիղ եթերը, եւ դա օգտագործվում է զուտ PR-ի նկատառումներով։ Իսկ այն առավել կարեւոր հարցերը, օրինակ՝ նույն գույքահարկի հետ կապված հարցերը, դրանք բոլորը չզեկուցվող հարցերի ցանկում են։ Այսինքն՝ իրականում այն, ինչ տեղի է ունենում այսօր, երբ կառավարության նիստերը բաց են, դա ավելի շատ բեմականացում է, քան բուն քննարկում։ Եվ մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ ավանդական ժողովրդավարական երկրներում կառավարության նիստերը փակ են, ավելին՝ արգելված է նախարարներին ներկայացնել կառավարության նիստերի ընթացքում քննարկման ընթացքը։

– Դուք նաեւ ռեյտինգային համակարգ ներդրեցիք, երկրում սուպերվարչապետական համակարգ ձեւավորեցիք, որոնցից այսօր ոչ միայն չեն հրաժարվել, այլեւ լիուլի օգտվում են գործող իշխանությունները։

– Ասեմ, որ ցանկացած նմանատիպ համակարգ երբ ուրվագծում ես, այն ենթադրում է ոչ թե զուտ տառը կարդալը, այլ ենթադրում է նաեւ բովանդակային, քաղաքական հարաբերությունների զարգացում։ Արդյոք այսօրվա խորհրդարանում մենք ունե՞նք քաղաքական հարաբերությունների զարգացմանն ուղղված խորհրդարան։ Կարծում եմ՝ ոչ։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ համակարգը, որն ուրվագծված է Սահմանադրության մեջ, չունի ապագա կամ ունի լուրջ թերություններ։ Ես խորապես համոզված եմ, որ իրապես խորհրդարանական հանրապետությունում, այո, խորհրդարանը պետք է ուժեղանա, եւ այդ ուղղությամբ պետք է քայլեր արվեին։ Այն, ինչ արվում է այսօր, դրանք հակառակ ուղղությամբ քայլեր են։ Բայց մոդելը՝ որպես այդպիսին, ես համարում եմ կենսունակ մոդել, որը հնարավորություն է տալիս երկրին, որը գտնվում է ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում, դիմակայել մարտահրավերներին։

– Այս օրերին Ձեր թիմակիցները հանրապետության նախագահից ակնկալում էին հստակ եւ ուժեղ գործողություններ, որոնք նա չի անում, մինչդեռ նախագահն էլ բազմիցս հայտարարել է, որ իր լիազորությունները սահմանափակ են։ Պետք չէ՞ր, արդյոք, Սահմանադրությամբ նախագահի ավելի ուժեղ ինստիտուտ ամրագրել, ավելի լայն լիազորություններ ընձեռել։

– Այն մոդելը, որը դրված է Սահմանադրության մեջ, հետեւյալն է, որ նախագահը չունի ուղղակի լեգիտիմացիա, այսինքն՝ չի ընտրվում ժողովրդի կողմից, այլ ընտրվում է խորհրդարանի կողմից։ Եվ այստեղ էական տարբերություն կա նախագահների լիազորությունների միջեւ։ Եվ այդ տեսանկյունից, կարծում եմ, արժե մեկ անգամ եւս ընթերցել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Սահմանադրության նախագծի վերաբերյալ, որ շատ բարձր է գնահատում լիազորությունների ճիշտ բալանսավորումը։

– Ի վերջո, Սահմանադրության մեջ կա՞ որեւէ դրույթ, որ արժեր փոխել, որպեսզի այսօր նման խնդիրներ չառաջանային, թե՞ Հրայր Թովմասյանի ու մյուսների գրած Սահմանադրության մեջ ամեն ինչ ճիշտ է։

– Իհարկե, կան դրույթներ, ավելին՝ այդ դրույթների մասին ես ժամանակին էլ եմ բարձրաձայնել, ուղղակի որոշ հարցերի հետ կապված՝ ես այդքան էլ համաձայն չեմ եղել, բայց եղել եմ փոքրամասնություն, եւ այդ փոփոխությունները չեն ընդունվել։ Այո, եղել են հարցեր, որոնց վերաբերյալ ես հայտնել եմ իմ հակառակ դիրքորոշումը, համարել եմ, որ դրանք սխալ են, մի մասը կարողացել եմ համոզել հանձնաժողովի մյուս անդամներին, մի մասը չեմ կարողացել։

– Եվ այդ խնդիրնե՞րն են պատճառը, որ այսօր մենք ունենք սահմանադրական առումով նման ճգնաժամային ու խառնաշփոթ իրավիճակ։

– Ոչ, մենք չունենք Սահմանադրության առումով ճգնաժամային իրավիճակ, մենք ունենք իշխանություն, որը պատրաստ է ոտնահարել Սահմանադրությունը։

Վահե Մակարյան

hraparak.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ