23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դատարանը որոշեց քեզ դատապարտել գնդակահարության»․ 168.am

168.am-ը գրում է․ ««Վատառողջ էր ու որոշ ժամանակ բացակայել էր: Վերադարձավ, աշխատավարձի օր էր, ինքն էլ առաջինը ստանալու սովորություն ուներ: «Տեսանք` կանգնել է մի անկյունում, հեռու, ասացինք` Ավետ Մարկիչ, մոտեցեք: Ասաց` չէ, տղերք, էս ամիս չեմ աշխատել, ամոթ է` փող ստանամ»,- պատմում է Երվանդ Ղազանչյանը դերասան Ավետ Ավետիսյանի մասին,- էս տեսակ պարկեշտությո՜ւն»:

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը շուրջ մեկ տարի` Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավոր ընտրվելու օրից սկսած, չներկայանալով աշխատանքի` ստացել է աշխատավարձ: Ոչ միայն չի ամաչել դրա համար, այլև լրագրողների ներկայությամբ բաց ճակատով պատճառաբանում է, որ այդ աշխատավարձն իր ապրուստի միջոցն է, եթե չստանար, դրանից մենք մեզ լա՞վ կզգայինք: Այո’, պարոն Վահե, լավ կզգայինք: Եթե նախապես գրավոր հրաժարվեիր բացակայած ժամանակահատվածում նախատեսված աշխատավարձից ու պարգևավճարներից և ՍԴ դատավորի արտոնություններից, որոշակի արդարացված ու հասկանալի կլիներ դիրքորոշումդ: Իսկ եթե օրենսդրությամբ դա հնարավոր չէր, արդյո՞ք նման վարքագծի դրսևորում թույլ է տալիս նույն օրենսդրությունը:

Նախապես գիտեիք, չէ՞, որ Սահմանադրական դատարանում, ըստ Ձեզ, ճգնաժամ է, ինչո՞ւ համաձայնեցիք, երբ Ձեր թեկնածությունն էին առաջադրել, և այն Ազգային ժողովը հաստատեց` հիմնականում հիմք ընդունելով հավանաբար այն ելույթը, որով վստահելի էիք դարձնում աշխատանքային գործունեություն ծավալելը: Ինչո՞ւ չասացիք` քվեարկելուց առաջ հաշվի առեք այն պայմանը, որ իմ պարտականությունները չեմ կատարելու` մինչև… Գուցե դարձյալ ընտրեին, այդ դեպքում կարող էիք արդարանալ, որ Ձեր պարապուրդն ԱԺ-ն օրինականացրել է: Կամ գուցե կընտրեին մեկ ուրիշին, որը կգնար և կպայքարեր` այդ ճգնաժամից դուրս գալու ելք նշելով, գոնե իր ներկայությամբ կընդգծեր բողոքն ու անհամաձայնությունն անօրինականության դեմ:

Պայքարելով են թնջուկը վերացնում, ոչ թե մանկական խռովկանությամբ մի անկյուն քաշվելով: Դուք չարաշահել եք Ձեր թեկնածությունն առաջադրածի և ԱԺ մեծամասնության վստահությունը: Եթե մարդը ասֆալտ փռելու մրցույթը շահել է, ուրեմն պետք է փռի այդ ասֆալտը, իսկ եթե նախապես անհամաձայնություն ուներ ասֆալտի ու գրունտի հետ, ուրեմն չպետք է հայտ ներկայացներ մրցույթին: Դուք Ձեր ասֆալտը չեք փռել, Ձեր վրա դրված պարտականությունները չեք կատարել, բայց մսխել եք այդ նպատակով հատկացված գումարը: Իսկ ձեր գործընկերները, որոնցից ոչ թե սոցիալական հեռավորությամբ եք անջրպետված եղել, այլ աշխատանքային անգործությամբ, կատարել են իրենց պարտականությունները` լավ կամ վատ: Այլ հարց է, թե ով է այդ աշխատանքից հաճույք ստանում, և ում հաճույքն է կոտորվում դրանից: Սահմանադրական դատարանը անձնական հաճույք կամ տհաճություն զգալու համար չէ:

Իսկ Ազգային ժողովն ինչո՞ւ ետ չկանչեց իր ընտրած թեկնածուին, իսկ առաջադրողն ինչո՞ւ երբևէ չանհանգստացավ: Գործադիր մարմինն ինչո՞ւ էր լռում, դատական համակարգն ինչո՞ւ էր լուռ, հենց նույն ինքը` Սահմանադրական դատարանը, մինչ օրս իրավական լուծում տվե՞լ է խնդրին: Չկա՞ր այս երկրում իրավասու, պարտավորված մեկը, որ բարձրաձայներ: Պատկերացրեք, երկրի վարչապետն ասում է, որ նախկինների հետ խնդիր ունի և չի գնում գործի, գլխավոր դատախազը չի գնում գործի, պաշտպանության նախարարը չի գնում գործի… Գուցե շա՞տ վերևից բռնացրեցի. իջնենք ներքև: ԱԺ հավաքարարներից մեկը չի գալիս գործի և իրեն հատկացված տարածքը չի մաքրում. հարգելի Ազգային ժողով, կհանդուրժեի՞ք կեղտի մեջ նստել: Իսկ ինչո՞ւ եք հանդուրժում, որ մարդը Սահմանադրական դատարանում իր տարածքը չի մաքրում:

Ուրեմն սա քաղաքական դիրքորոշում է` քաղաքական իշխող մեծամասնության թողտվությամբ: ՍԴ ճգնաժամը լուծվե՞ց երեք դատավորներին աշխատանքից ազատելով և Հրայր Թովմասյանի՝ այլևս նախագահ չլինելով: Ո’չ, ավելի խորացավ: Սերժի մարդը գնաց, Նիկոլի մարդը եկավ: Իսկ վաղը, երբ Պողոսն ընտրվի վարչապետ, Նիկոլի մարդը գնալու է, Պողոսի մարդն է գալու: Սա չեղավ Սահմանադրական դատարան, սա չեղավ երկիր ու պետություն: Ամեն անգամ մեկը գալիս է` քեֆը տեղը, և սկսում է իր իմացած գիտությամբ չալել: Սա պետությո՞ւն է, թե՞ լարախաղացի հրապարակ: Հասկացեք, այս ժողովուրդը հոգնել է, ամեն եկողի հավեսն ու քեֆը չունի:

Հիմա, մեր երկիրը անձերի հայացքով ու վերաբերմունքո՞վ է պայմանավորված, թե՞ օրենսդրությամբ: Միայն սույն օրինակը բավական է, որպեսզի քանդուքարափ արվեն այս հեղափոխության արժեքները, նման օրենսդրությունը և համակարգը: Եթե, ըստ վարչապետի, նախկինում «ճ» կլասի երկիր էր, հիմա այբուբենով մի քանի տառ էլ ներքև իջնենք: Իսկ ի՞նչ է փոխվել երկրում. այն, որ նախկինում ծածուկ էին գողանում, իսկ հիմա` պետության բարձր հովանու ներքո:

Ես դժվար թե խոսքս ավարտեմ, ուրեմն դիմեմ Հրանտ Մաթևոսյանի օգնությանը` «Մենք ենք մեր սարերը» վիպակից մեջբերելով այն հատվածը, երբ ռանչպար Պավլեն դատում է լեյտենանտին: Կհարցնեք, թե ի՞նչ կապ ունի… արդյո՞ք Պավլեն, ում ասեին, թե Հրայրը վատն է, կվստահեր Վահեին, որ հավակնում է Սահմանադրական դատարանի նախագահ դառնալ:

«Դատարանը որոշեց քեզ դատապարտել գնդակահարության… որովհետև մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով այս երկիրը դարձնի երկիր, իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները` սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ