23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ կորոնավարակի տարածումը Հայաստանում մասշտաբային եղավ. Երվանդ Բոզոյան

Այսօրվա կորոնավարակի տարածման ցուցանիշները Հայաստանում ապշեցնում են իրենց ծավալներով:

Դատե՛ք ինքներդ, հունիսի վերջին 1 մլն մարդու հաշվարկով վարակի տարածման ցուցանիշներով Հայաստանը գերազանցել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին:

Այսպես, հունիսի 28–ի դրությամբ այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 8317: Մինչդեռ, օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը 232 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 35 անգամ: Ադրբեջանի ցուցանիշը 1620 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 5 անգամ: Մեր մյուս հարևան Թուրքիայի ցուցանիշը 2323 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3,5 անգամ: Իրանի ցուցանիշը 2651 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3 անգամ, Ռուսաստանի ցուցանիշը 4347 է, այսինքն՝ մեզնից քիչ է համարյա երկու անգամ:

Մենք առաջ ենք բոլոր նախկին կոմունիստական երկրներից՝ ներառյալ Բելառուսը, որի ցուցանիշը 6506 է, այսինքն՝ մեզնից բարվոք է մոտ 30 տոկոսով: Նշենք, որ այդ երկիրն այն եզակիներից է, որ հրաժարվեց փակել իր տնտեսությունը: Այդ շարքից էր նաև Շվեդիան, որի ցուցանիշը 6450 է, այսինքն՝ նույնիսկ այդ երկրի վարակի տարածման ցուցանիշը մեզնից պակաս է 44 տոկոսով:

Այն, որ մենք վաղուց առաջ ենք անցել Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ եվրոպական երկրներից, նույնպես այսօրվա կայացած փաստերից է: Իսկ վերջերս մենք անցանք նույնիսկ ԱՄՆ-ից, որտեղ տիրում է իսկական հումանիտար աղետ:

Այսպիսով, վարակի տարածման ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է աշխարհի երկրների շարքում 11-րդ տեղը: Իսկ եթե նշենք, որ թեստավորումների քանակի ցուցանիշով մենք զբաղեցնում ենք ընդամենը 62-րդ տեղը, ապա կարող ենք կռահել, թե իրականում ինչ հումանիտար աղետի մեջ է գտնվում այսօր Հայաստանը:

Թե որն է այս ամենի պատճառը, շատ է խոսվել և դրան կրկին անդրադառնալն անիմաստ զբաղմունք է:

Սակայն, մեկ գործոնի արժե անդրադառնալ հասկանալու համար, թե ինչու այսպես ստացվեց, որ Հայաստանը հայտնվեց այսպիսի վիճակում:

Մեկ մարդու համակարգի հետևանքները

Ինչպես հայտնի է, վարակի տարածման գործոններից են ակտիվ շփումներ ունեցող մարդը և մեծ մարդկային կուտակումները: Վերջին գործոնը կապված է հարսանիքների, թաղումների և այլ նմանատիպ միջոցառումների հետ: Իսկ այդ երևույթները սերտորեն կապված են ազգային ավանդույթների հետ: Ի դեպ, այս գործոնն առկա է նաև այլ ժողովուրդների մոտ, և դա սպեցիֆիկ հայկական ֆենոմեն չէ:

Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ վարակի դեմ քարոզը էֆեկտիվ է եղել, երբ այդ քարոզի մեջ ակտիվորեն ներգրավվել են հասարակական բոլոր կառույցները: Եկեղեցին, տարատեսակ հանրային կառույցները, քաղաքական ուժերը, մտավորականությունը, մշակույթի և նույնիսկ շոուբիզնեսի ներկայացուցիչները: Ընդորում այս շարքում, սովորաբար, երկրի ղեկավարի կողմից քարոզը պետք է կրի ավելի շատ ֆոնային բնույթ: Քանզի հայտնի է, որ շարքային մարդու ենթագիտակցության մեջ ավելի վստահելի է ոչ քաղաքական գործիչների քարոզը․ երկրի ղեկավարի և մյուս քաղաքական գործիչների խոսքը հանրության մի մասի համար վստահելի է, իսկ մյուս մասի համար՝ ոչ: Իսկ քանի որ վարակը քաղաքական հայացքներ չի ճանաչում, բնականաբար, եթե նույնիսկ հանրության փոքր մասը վարակին լուրջ չվերաբերվի, այն միևնույն է տարածվելու է հանրության բոլոր անդամների վրա: Այդ իսկ պատճառով, հանրային բոլոր տիպի կառույցների միաժանակյա քարոզն է, որ դեր է խաղացել մարդկանց վարվելակերպի փոփոխման վրա:

Իսկ ի՞նչ կատարվեց Հայաստանում: Վարակի դեմ քարոզով հիմնականում զբաղված էին վարչապետն ու առողջապահության նախարարը: Բնականաբար, նրանց ազդեցությունը կարող էր էֆեկտիվ լինել հանրության մի մասի համար: Մինչդեռ մյուս մասի համար այն ենթագիտակցորեն չէր կարող ազդել և նույնիսկ կարող էր հակառակ էֆեկտն ունենալ: Ասվածի վառ օրինակն այն էր, որ այդ քարոզը չէր ազդել նույնիսկ մեր երկրի ՊՆ գլխավոր շտաբի պետի վրա և նա հարսանիք էր արել: Էլ ուր մնաց, որ փաշինյանենց քարոզն ազդեր շարքային քաղաքացիների, այն էլ այն քաղաքացիների վրա, որոնց համար իշխանության ներկայացուցիչների խոսքը վստահելի չէ:

Սակայն, այսօրվա Հայաստանում, որտեղ երկրի գրեթե բոլոր ինստիտուտների տեղը խոսում է անձամբ վարչապետը՝ որպես բժիշկ, որպես վարչարար, որպես մտավորական, որպես հոգևորական և այլն, նշանակում է, որ մարդկանց առնվազն մի մասի մոտ գոնե ենթագիտակցորեն վարակի վտանգավորության աստիճանը պատշաճ մակարդակով սկսում է չընկալվել: Մարդկանց մի մասն այս ամենը սկսում է ընկալել որպես վատ բեմադրված թատրոն, մյուսներն անկեղծորեն սկսում են կասկածել, որ այստեղ գործում է բիզնես շահագրգռգվածությունը և այդպես շարունակ:

Այս պայմաններում, իհարկե, ոչ մի վարչարարական մեթոդ չի կարող աշխատել, քանզի ոչ մի վարչարար մարդու մոտ վստահություն չի կարող առաջացնել:

Այս ամենի արդյունքը կլինի այն, որ Հայաստանում վարակի տարածումն այլևս հնարավոր չի լինի կանխել կամ գոնե թուլացնել: Իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը հատկապես աշնանը՝ սկսած նոյեմբերից, կարող է հայտնվել այնպիսի հումանիտար աղետի մեջ, որի նախադեպը կարող է չլինել աշխարհում:

Գրեթե բոլոր երկրներում կարողացել են քիչ թե շատ վերահսկելի դարձնել վարակի տարածումը, ու այդ շարքում Հայաստանի բացառությունը կլինի ոչ միայն աղետը, այլև իսկական խայտառակությունը մեր ժողովրդի համար:

Այս ամենի սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքները մենք արդեն կտեսնենք հենց այդ ժամանակ, երբ մարդկանց համար պարզ կդառնա, որ այս ամենի մեջ սուբյեկտիվ գործոնը չափազանց մեծ դեր է խաղացել Հայաստանում, քանզի ազգային համանման ավանդույթներ ունեն բոլոր ժողովուրդները, բայց այնպես չի ստացվում, որ բոլորի մեջ ամենացածր գիտակցություն ունեցողը հայերն են:

Իսկ թե այդ սոցիալական, տնտեսական և քաղաքական ցնցումներն ինչ հետևանքներ կարող են թողնել երկրի անվտանգության վրա, դա էլ իր հերթին բոլորովին այլ ուսումնասիրման թեմա է:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ