Ես այդ անունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում. Կա այդ անունով դասալիք. Արա Սահակյանը՝ Վահե Գրիգորյանի մասին
Ես որպես «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, լիազորված եմ հայտարարել, որ տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամ, Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը:
«Հավանաբար իշխանությունը երեկ գիշերային իր այդ ժամադրությունից դատելով, կրկին շարունակում է հետամուտ է իր հեղափոխական քայլերին, իսկ հեղափոխությունները բերում են դժբախտություն, կործանում: Մենք հիմա համոզվում ենք, որ կործանման թիրախ է ընտրվել ՍԴ-ն: Մեր հասարակությունը պետք է անպայման միավորվի եւ միայն քաղաքացիական հասարակությունը կարող է զսպել այս իշխանությանը: Դա է ճանապարհը, մենք այդ ճանապարհն ենք տեսնում, եւ դա է պատճառը, որ եկել ենք այստեղ մեր բարոյական ու քաղաքական աջակցությունը հայտնելու ՍԴ-ին: Իսկ ՍԴ-ն բոլորինս է, ուրեմն պաշտպանել ՍԴ-ն նշանակում է պաշտպանել մեր իրավունքները»,-հայտարարեց Արա Սահակյանը:
Նա նկատեց, որ այն, որ մեդիա դաշտը հետաքրքրված է այս խնդրով եւ հնարավորություն է տալիս մարդկանց իրենց տեսակետը հայտնել, օգնում է, որ ժողովուրդը կողմնորոշվի, դա արդեն իսկ հսկայական աշխատանք։ է: «Քաղաքացիական հասարակության տեսակետների արտահայտման միջոցները անսահման են: Հիմա գիտեք, որ արտակարգ դրություն է եւ բնական է, որ զանգվածային բողոքները ժամանակավորապես կասեցված են, նաեւ գիտեք մեր տեսակետը, որ արտակարգ դրության պահպանման համար որեւէ իրավական կամ կազմակերպական անհրաժեշտություն չկա: հավաքների արգելումը դիտավորություն է: Դա շատ նման է արտակարգ դրությանը, որ 1988-ից սկսած Կրեմլը հայտարարում էր ղարաբաղյան շարժման դեմ, բայց արդյունքում Կենտրոնը կործանվեց, իսկ շարժումը հաղթեց»,-ասաց նա:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի տեսակետին, թե սահմանադրական այս փոփոխություններով ՍԴ ճգնաժամը լուծվում է, Արա Սահակյանն ասաց. «Ես այդպիսի անուն-ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում: Ես գիտեմ, որ կա այդ անուն ազգանունով մի դասալիք, գործալիք:Սովորական մի բանվորը, բժիշկը, ուսուցիչը մի քանի ժամ աշխատանքից բացակայելուց հետո վաղուց հեռացվել էր: Նա ձրիակեր է, ուտում է ձեր փողերը աշխատավարձի տեսքով: Նա որեւէ բաոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ»:
Ինչ վերաբերում է սահմանադրական բուն փոփոխություններին, Արա Սահակյանն ասաց, որ սահմանադրությունը փոփոխվել է խախտելով Սահմանադրության պահանջը առ այն, որ այդ փոփոխությունները նախ պետք է ստանան ՍԴ կարծիքը. «Գործադիր եւ օրենսդիր երկգլխանի հիդրան, որը կոչվում է ներքին իշխանություն, ոտնահարել է այդ պահանջը: Մեր գործունեության արդյունքում այդ երկգլ;խանի հենարանը մնացել է փոքրամասնությունը»: