Բուհ-երից հեռացող երիտասարդ դասախոսները դիմել են վարչապետին. խնդիրը կլուծվի
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ այս օրերին իրեն են դիմել մի շարք բուհ-երի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում աշխատանքը պետական ոչ առևտրային կարգավիճակ ունեցող բուհ-երում դասախոսական աշխատանքի հետ:
”Նրանք մտահոգություն են հայտնում նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից պահման պարտավորության առնչությամբ”,-ասաց վարչապետը,- չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճարը կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն` կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ` կամ համակարգին մասնակից է, կամ մասնակից չէ”:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ուսումանսիրել ու ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու առաջարկ, ինչպես նաև փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում` հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնել նաև այն անձին, ով համատեղությամբ աշխատում է բուհ-ում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը: