Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները:
Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես, որքան ազատ և զբաղված մահճակալ կա:
«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»- նշել է Արսեն Թորոսյանը:
Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:
Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին: