23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունն ամեն ինչ արեց, որ համավարակը դառնա չարիք տնտեսության համար․ 168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը դադարել է տնտեսական ցուցանիշներ հրապարակել։ Մինչդեռ ժամանակին մեծ ոգևորությամբ էր դա անում։ Նույնիսկ չէր սպասում, մինչև կհրապարակվեին պաշտոնական տվյալները։

Իր շտապողականության պատճառով երբեմն վարչապետն ընկնում էր նույնիսկ անհարմար դրության մեջ։ Բայց միևնույն է, չէր հրաժարվում այդ սովորությունից։

Հիմա արդեն այդպես չի անում։ Սակայն ոչ այն պատճառով, որ հրաժարվել է իր սովորությունից. ուղղակի ասելու բան չկա։ Ավելի շուտ կա, բայց իշխանությունների օգտին չէ։ Դրա համար էլ վարչապետը դադարել է տնտեսական ցուցանիշներ հրապարակել կամ դրանց մասին գրառում անել ու լայվ մտնել, ներկայացնել կառավարության նիստերի ժամանակ։

Տնտեսությունը փլուզվում է։ Ոչ միայն աճ չկա, այլև հայտնվել ենք անկման մեջ։ Մտնում ենք ռեցեսիայի փուլ։

Թե ո՞ւր մնացին այդքան գովերգած տնտեսական հաջողությունները, ռեկորդային աճերը, ակտիվ կառուցվածքային փոփոխություններն ու զարգացումները, որոնք պիտի բերեին տնտեսության դիմադրողականության բարձրացմանը, մնում է միայն գուշակել։ Ընդամենը 2 ամիս էր պետք, որպեսզի նախկին «աննախադեպ» աճերից ոչինչ չմնար։

Հայաստանի տնտեսությունը հիմա արդեն անկումային է։ Նման բան շատ վաղուց չէր եղել։ 2 ամիս անընդմեջ տնտեսությունը մեծ վնասներ է կրում։ Ընդ որում, անխտիր գրեթե բոլոր ոլորտներում։

Եթե առաջին եռամսյակում դեռ որոշ աճ ունեինք, ապա այժմ դա էլ չկա։ Ու դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ չի լինելու, և մինչև ուր է գլորվելու տնտեսությունը։

Այս պահին՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին զարգացումները տնտեսության օգտին չեն։ Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի համավարակը դառնա լրջագույն չարիք Հայաստանի տնտեսության համար։ Ու եթե այսօր ունենք տնտեսական անկում, հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ձախողել ենք համավարակի դեմ պայքարը։ Դրա տարածումն էապես ավելացրել է տնտեսության անորոշությունները։

Ցանկացած պահի հնարավոր են անկանխատեսելի իրավիճակներ։ Վերջին շրջանում վարչապետը հաճախ է սկսել սպառնալ՝ տնտեսական սահմանափակումների խստացմամբ։ Մինչդեռ, այդ մասին ժամանակին էր պետք մտածել՝ երկիրն այսպիսի փորձության առաջ չկանգնեցնելու համար։

Այսօր արդեն այդպիսի սահմանափակումների հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, քան կարող էին լինել նախկինում։ Այսօր համավարակը Հայաստանում այնքան է ընդլայնվել, որ սպառնալիք է դարձել ոչ միայն՝ տնտեսության, այլև՝ ազգային անվտանգության համար։ Զարմանալի է, որ այդքանից հետո մեղավորներին ուրիշ տեղ են փնտրում։

Այս իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է և, առաջին հերթին՝ կառավարությունը։ Նրա անպատասխանատու գործողությունների հետևանք է նաև տնտեսության մեջ սկսված փլուզումը։

Ներքին միջավայրն այս պահին ամենևին էլ տնտեսության զարգացումների օգտին չէ։ Քիչ էին արտաքին հատվածից փոխանցված բացասական ազդեցությունները, մի բան էլ կառավարությունն է իր ապաշնորհությամբ խնդիրներ ստեղծել։

Դրա հետևանք է այն, որ տնտեսության առանձին հատվածներ շարունակում են փակի տակ մնալ։ Այն պարագայում, երբ սոցիալական իրավիճակը գնալով ահագնանում է։ Մարդիկ զրկված են եկամուտ ստանալու հնարավորությունից։

Կառավարությունը մի քանի հազար դրամի մեկանգամյա միանվագ օգնություն տրամադրեց հասարակության որոշ խավերին և սոցիալական հատվածում իր հակաճգնաժամային առաքելությունը համարեց ավարտված։ Մինչդեռ նախկինում աշխատանք ունեցող հազարավոր քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ զրկված են իրենց եկամուտներից։ Եվ ի՞նչ անեն հիմա այդ մարդիկ, երբ կառավարությունն իր անհետևողականությամբ խնդիրներ է ստեղծել նրանց գործունեության համար։

Այդքանից հետո, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլև հնարավորություններ, ուստի, մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ այս դժվարությունները մեզ համար բացում են նոր հնարավորություններ, և մենք պետք է կենտրոնանանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա։ Համաշխարհային տնտեսության մեջ ու շուկաներում տրիլիոն դոլարների ազատ դաշտ է բացվում, ու պետք է Հայաստանը վերցնի իր բաժին։

Թե ինչքանո՞վ է դա մեզ հաջողվում, ցույց է տալիս այն իրավիճակը, որին բախվել է տնտեսությունը։

Արտաքին շուկաներ նվաճելու մասին էինք խոսում, մինչդեռ կանգնել ենք եղածն էլ կորցնելու վտանգի առաջ։ Մարտին արտահանումը կրճատվեց 17 տոկոսով, ապրիլին արդեն անկումն անցավ 30 տոկոսից։

Արտաքին շուկաներում Հայաստանի տնտեսության դիրքերը թուլանում են։ Դա նկատելի է հատկապես հիմնական գործընկեր երկրներից մեկի՝ Ռուսաստանի պարագայում, որին բաժին է ընկնում արտահանման գրեթե 30 տոկոսը։

Արժեզրկվել է ռուսական ռուբլին՝ հերթական անգամ խնդիրներ ստեղծելով հայկական ապրանքների մրցունակության համար։ Տնտեսական ու ֆինանսական դժվարություններով պայմանավորված՝ ռուսական շուկայում նվազել է նաև սպառողական պահանջարկը, ինչը լրացուցիչ գործոն է իրացման ծավալների կրճատման համար։

Արտաքին շուկաներում Հայաստանի տնտեսությունը տուժում է նաև հումքային ապրանքների գների նվազումից։ Որքան էլ փորձ է արվում ֆինանսական կորուստները փոխհատուցել արդյունահանման ավելացման հաշվին, միևնույն է, դա ապագա չէ տնտեսության համար։ Տնտեսության ապագան մրցունակ արտադրանքի ստեղծումն է ու արտադրության ընդլայնումը։

Ցավոք, Հայաստանում նոր արտադրություններ շատ քիչ են ստեղծվում։ Ստեղծվելուց հետո էլ շատ հաճախ չեն դիմանում մրցակցությանը և արագ փակվում են։

Տնտեսության համար արտաքին հատվածում տեղի ունեցող դրսևորումները մտահոգիչ են նաև այլ առումներով. չեն լինելու տրանսֆերտների տեսքով ստացվող ֆինանսական այն հոսքերը, որոնք մտնելով շրջանառության մեջ՝ աշխուժություն են հաղորդում տնտեսությանը։ Տրանսֆերտները 4 ամսում հասցրել են կրճատվել գրեթե 10 տոկոսով։ Բայց դա դեռ ոչինչ է այն սպասումների համեմատ, որոնք կան։

Եվ ինչ է անում կառավարությունը՝ մեղմելու տնտեսության վնասները. վարկերի տոկոսներն է սուբսիդավորում, որից, դեռ հայտնի չէ՝ ավելի շատ տնտեսությո՞ւնն է շահում, թե՞ բանկային համակարգը։ Այսպիսի քաղաքականությամբ հազիվ էլ տնտեսությունը նման վիճակում լինի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ