23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Քաղաքացին այլևս չի լսում Փաշինյանին, որովհետև ասել է մի բան, արել՝ հակառակը». Հանրային կառավարման մասնագետ

Հանրային կառավարման տեսանկյունից գնահատելիս ակնհայտ է դառնում, որ պետական կառավարման համակարգը, մեղմ ասած, վատ վիճակում է, իսկ դրա պատճառն այն է, որ մենք չունենք լավ կառավարիչներ, բացի այդ՝ չունենք նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ բոլոր ոլորտների համար։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հանրային կառավարման մասնագետ, մեդիափորձագետ Հայկ Դերզյանը։

«Օրինակ՝ 2019 թվականին, երբ Հայաստանում փակվեց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, շատերը վարչապետից ակնկալում էին նմանատիպ նոր կենտրոնի ստեղծում, սակայն դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև՝ 2020 թվականին վարչապետը գործադիրի նիստի ժամանակ հայտարարեց՝ մի՛ սպասեք մեզանից ռազմավարություն, որովհետև մենք այն չունենք։ Վարչապետն ինչ-որ բան փակելով և դրա փոխարեն որևէ այլ բան չբացելով՝ խաչ քաշեց ռազմավարությունների վրա։ Իսկ ինչ վերաբերում է Օրբելի վերլուծական կենտրոնին, ապա ես չեմ տեսել ներկայացված որևէ առաջարկ՝ անգամ համավարակի պայմաններում։ Չկա ռազմավարություն, որը կօգնի մեզ այս կաթվածահար վիճակից դուրս գալու համար»,- ասաց Դերզյանը։

 Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կառավարման խորացող ճգնաժամի պատճառը նաև այն է, որ պաշտոնների են նշանակված մարդիկ, որոնք հանրային շահը ստորադասում են իրենց քաղաքական շահերին:

«Մենք չունենք պետական համակարգում ոլորտներ, որոնք համակարգվում են փորձ, գիտելիք և հեղինակություն ունեցող մարդկանց կողմից»,- ասաց փորձագետը։

Հանրային կառավարման մասնագետի համոզմամբ՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց կառավարման բոլոր ոլորտների իրական պատկերը և կառավարիչների թերացումները, որոնք, սակայն, արժեցան մարդկային կյանքեր։

«Մենք տեսանք, թե ինչպես էր վարչապետը քաղաքական շահը վեր դասում պետական շահից և քարոզարշավ իրականացնում, ուղիղ եթերներով քաղաքացիների հետ նկարվում էր այն ժամանակ, երբ համավարակն էր տարածվում, դրանից հետո էլ շանտաժի և տգետ քարոզչության միջոցով քաղաքացուն պահում են այնպիսի կոլապսի մեջ, որի անունն է լռություն»,- ասաց Դերզյանը՝ նշելով, որ օր օրի անդունդը գլորվող երկրի համար հրամայական է այլևս նոր կառավարության ձևավորման հարցը։

«Պետք է հավաքագրել լուրջ մասնագետների՝ առանց բաժանելու իմքայլականի և ոչ իմքայլականի։ Իշխանությունն իր մեջ պետք է գնի գոնե 1 տոկոս հայրենասիրություն ու հայտարարի՝ մենք սխալվել ենք։ Անհրաժեշտ է գնալ ռադիկալ փոփոխությունների»,- ասաց Դերզյանը։

Կորոնավիրուսի համավարակի օր օրի ահագնացող թվերի և վարակի դեմ պայքարի տարվող քայլերի համար գլխավոր պատասխանատուն, ըստ Դերզյանի, Նիկոլ Փաշինյանն է, և այստեղ պետք չէ մեղադրանքի սլաքներն ուղղել դեպի ժողովուրդը։

«Քաղաքացուն մեղադրել պետք չէ, որովհետև նա այս ողջ ընթացքում լսել է իրար հակասող հայտարարություններ։ Քաղաքացին այլև չի լսում Նիկոլ Փաշինյանին, որովհետև ոչ միայն տրված նախընտրական խոստումները չեն կատարվել, այլև կորոնավիրուսի հետ կապված՝ ասել է մի բան, արել՝ հակառակը։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի շոշափում հանրության տրամադրությունները»,- ասաց Դերզյանը՝ նշելով, որ իր վարկանիշի անկումը զսպելու համար իշխանության ղեկավարը կգտնի իրավիճակի մեղավորների, որոնք կհեռացվեն՝ իրենց հետ տանելով պատասխանատվություն, ինչի համար արդեն իսկ հող է նախապատրաստվում։

«Ամեն օր լսում ենք՝ պարետի որոշմամբ այս կամ այն տնտեսվարողի գործունեությունը դադարեցվեց, հստակ ասվում է, որ դա տեղի ունեցավ պարետի որոշմամբ և դա՝ այն դեպքում, երբ պարետատունը դարձել է խորհրդատվական մարմին, այսինքն՝ որոշում կայացնողը վարչապետն է։ Բացի այդ, 1992 և 1998 թվականների ժամանակ ընդունված օրենքներով կարելի էր պահել արտակարգ դրության գործիքակազմը, բայց չերկարաձգել արտակարգ դրությունը, ինչն անելով՝ Փաշինյանը լեգիտիմացրեց ցույցերի դեմ պայքարը, նա որոշակի ժամանակահատվածում փորձում է զսպել հանրության դժգոհությունը և ժամանակ է շահում»,- ասաց նա։

Ըստ Դերզյանի՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ Հայաստանը նման է մի նավի, որի նավաստին բաց ծովում պատասխանատվություն չի կրում այդ նավի վերցրած ուղղության համար։

«Պետական տիտանիկը բախվել է այսբերգի, իսկ նավաստին խնդիրների պատասխանատվությունը գցում է նավում գտնվողների վրա։ Այն մարդը, որը պատասխանատու է նավի ուղղության և անվտանգության համար, ողջ պատասխանատվությունը գցել է ժողովրդի վրա»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ