23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսկ ո՞ւր են երաշխիքները, որ պետական փողերը քամուն չեն տա․ 168.am

168.am-ը գրում է․ «Տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում կառավարությունը մտադիր է Հայաստանում կորեական ավտոբուսներ արտադրել։ Կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե արտադրել, այլ հավաքել։ Սարքավորումները կբերվեն դրսից ու այստեղ կհավաքվեն։ Խոսքը 4,4 մլն դոլար ներդրումային ծրագրի մասին է։

Ակնկալվում է, որ ծրագիրը կլինի պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում։ Պետության մասնակցությունը կկազմի 1 մլն դոլար։ Եվս 1,1 մլն դոլար կներդնի մասնավորը։ Մնացած գումարը կլինի վարկի տեսքով, որի մարման պարտավորությունը կստանձնեն ծրագրի մասնակից 2 կողմերը։

Այսինքն՝ իրականում կառավարության բեռն ավելին կլինի, քան հայտարարվող 1 մլն դոլարն է։

Ծրագրի իրականացման հետ կապված անորոշությունները շատ են, ու դեռ հարց է, թե այն որքանով հեռանկարային կամ արդյունավետ կլինի։ Վերջին 2 տարիներին Հայաստանում բազմաթիվ ներդրումային ծրագրերի մասին է խոսվել, որոնք այդպես էլ մնացել են՝ որպես բարի ցանկություն։

Հավանաբար շատերը կհիշեն, թե ժամանակին ինչպիսի հաստատակամությամբ էր հայտարարվում Կոտայքում՝ վերելակների արտադրության կազմակերպման, Գավառում՝ բամբակի վերամշակման և տեքստիլի գործարանի շահագործման, Ալավերդիում նոր պղնձաձուլարանի կառուցման և այլ ներդրումային ծրագրերի իրականացման մասին։

Ո՞ւր են այսօր այդ գործարաները։ Դրանք չկան, իսկ ներդրումային ծրագրերն ըստ էության անցել են պատմության գիրկը։

Բերենք 1 օրինակ. դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Գավառի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ Ծովազարդ գյուղից ծագումով մի գործարար կբացի տեքստիլի գործարան։

«Նա որոշել է ներդրումներ իրականացնել և Ծովազարդ գյուղում ստեղծել տեքստիլ գործարան, որտեղ բամբակից թել են մանում։ Ընդ որում, այդ գործարանը կսկսի աշխատել արդեն հունվարից, և սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետագայում նաև 1200 աշխատատեղ է պլանավորում բացել»։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է 2018թ. նոյեմբերի 29-ին։

Դժվար չէ հաշվել, թե դրանից հետո քանի հունվար է անցել, բայց գործարանն այդպես էլ չի բացվել։ Հեռանկար էլ չկա, որ մոտ ապագայում կարող է բացվել։

Այսպիսի օրինակները շատ են։ Դրանցից մեկն էլ պղձաձուլարանի կառուցման ծրագիրն էր, որի մասին վաղուց արդեն մոռացել են։

Շատ դեպքերում էլ մեկնարկած ծրագրերը կարճ ժամանակ հետո կնքում են իրենց մահկանացուն։ Զարմանալի չէ, որ, երբ վարչապետին հարցնում ես, թե ինչո՞ւ չեն աշխատում բալոնների գործարանը, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սևանի շաքարի և այլ գործարաները, մի բան էլ վրդովվում է, թե ինչու են այդ մասին իրեն հարցնում։

«Ես շատ տեղերում շատ բաների կարող եմ մասնակցել, ես լինում եմ գյուղատնտեսական դաշտերում, ես լինում եմ սրճարաններում, ես լինում եմ ձեռնարկություններում, բայց ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և այդ ընկերության ղեկավարությունը։ Էդ ընկերությունների գործունեության պատասխանատվությունն իմ վրա չէ»,- վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Իրականում, իհարկե, այդպես է: Բայց մի՞թե դա արդարացում է կառավարության ղեկավարի համար, ով պարտավոր է դողալ յուրաքանչյուր ներդրումային միջոցի համար։

Այսօր, երբ տնտեսությունը հայտնվել է կոլապսի մեջ, իսկ ներդրումներ չկան այդ վիճակից երկիրը դուրս բերելու համար, նաև ներդրողների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատու վերաբերմունքի հետևանք է։

Իշխանափոխությունից հետո Հայաստանը հասցրել է ներդրումային չափազանց վատ համբավ ձեռք բերել։ Ու դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ ներդրումային խոշոր ծրագրեր են կասեցվում, ներդրողներին պարտադրում են դադարեցնել իրենց գործունեությունը, արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում պոտենցիալ ներդրողների նկատմամբ, և այդպես շարունակ։

Հետևանքն այն է, որ արտաքին կապիտալի հետաքրքրությունները մեր երկրի տնտեսության նկատմամբ շատ պասիվ են։ Ուղղակի ներդրումները վերջին 2 տարում չեն ավելացել։ Դրանք կազմել են ընդամենը 250-255 մլն դոլար։ Սա շատ փոքր գումար է մեր տնտեսության համար։ Դեռ չհաշված, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն էապես կրճատվել են։

Այսինքն՝ քիչ է՝ ներդրումները չեն ավելանում, մի բան էլ՝ տեղի է ունենում արտահոսք։

Հիմա, երբ համաշխարհային տնտեսությունն է հայտնվել ճգնաժամի մեջ, և էլ ավելի է դժվարացել ներդրումների ներգրավումը, կառավարությունում նստել-մտածել են, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա մասնավոր ներդրումային ծրագրերում։ Այս փուլում առանձնացրել են 50 մլրդ դրամ կամ 100 մլն դոլարին համարժեք միջոցներ, որոնք պետք է ներդրվեն համատեղ ծրագրերում։

Իհարկե, 100 միլիոնը մեծ գումար չէ, բայց Հայաստանում շատ ավելի պրոբլեմային է ներդրումային ծրագրերի խնդիրը։ Չկան կամ շատ քիչ են աշխատող բիզնես-պրոյեկտները։ Պատահական չէ, որ դրանք հաճախ մեկնարկից կարճ ժամանակ անց փակվում են։

Ոչ մի երաշխիք չկա, որ նույնը չի լինի նաև Հայաստանում կորեական ավտոբուսների հավաքման ծրագրի հետ։ Մեծ հարց է, թե այդ ավտոբուսները որքանո՞վ պահանջարկ կունենան նույնիսկ Եվրասիական տնտեսական տարածքում։

Զարմանալի չէ, որ կառավարությունը մտադիր չէ դրանք շահագործել ներքին շուկայում։ Փոխարենը՝ պատրաստվում է մի քանի տասնյակ միլիոն դոլար վճարել՝ Երևանի տրանսպորտային ցանցը թարմացնելու նպատակով, այլ երկրներից ավտոբուսներ ներկրելու համար։

Պետություն-մասնավոր համագործակցությամբ տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելը գուցե լավ է հնչում։ Բայց այն նաև լուրջ ռիսկեր է պարունակում։ Դա կարող է բերել պետական միջոցների կորստի ու փոշիացման։ Կառավարությունը հարվածի տակ է դնում ոչ միայն պետական միջոցները, այլև վերցնում է վարկերի ներգրավման ռիսկը։

Ո՞վ պիտի պատասխան տա այն ձախողված ծրագրերի համար, որտեղ կլինի նաև կառավարության մասնակցությունը։ Այս հարցն արդիական է լինելու ցանկացած նման նախաձեռնության դեպքում։ Չկա ոչ մի երաշխիք, որ դրանց շրջանակներում պետության փողերը քամուն չեն տա, իսկ կառավարությունը ստիպված չի լինի նոր վարկային բեռի տակ մտնել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ