23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ոչ թե տնտեսությունը դարձյալ փակել, այլ իրավիճակը վերահսկել. եթե կարանտինում արդյունավետ գործեինք, այսօր նման ցուցանիշներ չէին լինի. Վաչե Գաբրիելյան

Տնտեսության սահմանափակումները պետք էր մտցնել ավելի շուտ, ոչ թե մարտի կեսին. բոլոր այն երկրները, որոնք ուշացրին կանխարգելիչ միջոցառումները, վատ արդյունք ունեցան, և այսօր արդեն խնդրահարույց է, թե դրա հետևանքով մենք ինչպիսի համաճարակային իրավիճակ ունենք. վարակումն այլևս օջախներով չէ, և դժվար է ասել՝ ինչ կտա տնտեսությունը նորից փակելը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:

 «Եթե անգամ մենք անցնենք տոտալ կարանտինի, վիրուսն արդեն դուրս է վերահսկողությունից, և եթե ամբողջական փակում ունենանք, որևէ օջախի սահմանափակում չենք ունենալու: Դրա փոխարեն պետք է շատ ավելի խիստ ընթացիկ վերահսկողություն իրականացնել: Ավելի ճիշտ է տոտալ վերահսկողության սահմանումը փողոցներում, ավտոբուսներում, խանութներում՝ շատ խիստ տուգանքներ նշանակելով: Պետությունը պետք է հարկադրանքի միջոցների դիմի՝ չբացառելով համոզումը»,- ասել է նախկին փոխվարչապետը:

Ըստ Գաբրիելյանի՝ վարակի դեմ պայքարում կա երկու ծայրահեղ մոտեցում՝ չինական և շվեդական. Չինաստանի մոդելը կոշտ մեկուսացում է ենթադրում, Շվեդիայինը՝ կարանտին չհռչակելը. «Մենք ո՛չ Շվեդիա ենք, ո՛չ Չինաստան, մեր ճանապարհը ոսկե միջինն է, այն պետք է փնտրել և գտնել: Վրաստանը կարանտինին հետևեց շատ ավելի խստորեն, քան մենք, տուգանքները շատ ավելի հետևողականորեն էին կիրառվում, նրանք կարողացան օջախները սահմանափակել: Եթե մարտ ամսին բոլոր միջոցառումները ճշգրտորեն և արդյունավետ անեինք, այս վիճակում չէինք լինի»:

 

Նախկին փոխվարչապետի կարծիքով՝ այսօր հնարավորինս շատ մարդ պետք է աշխատի տնից, եթե կա դրա հնարավորությունը, պետություն էլ պետք է Աշխատանքային օրենսգրքով հատուկ կարգավորումներ տա, օրինակ՝ գործատուներին հորդորի սեփական տրանսպորտային միջոցներ օգտագործել. «Բնակչության կեսից ավելին չի օգտվել աջակցության որևէ ծրագրից: Պետք էր շատ ավելի լայն շրջանակի ընդգրկել աջակցության ծրագրերում, դա անել ավելի արագ՝ սահմանային դեպքերին մեծ ուշադրություն չդարձնելով: Երկարաժամկետ հեռանկարում այդ օգնությունը պետք է լինի խիստ թիրախային: Եթե կառավարությունն ստիպում է մարդկանց տնից դուրս չգալ, պետք է գումարային խթան առաջարկի»:

Վաչե Գաբրիելյանի պնդմամբ՝ կառավարությունը մի կողմից պետք է քննարկի հարկային արձակուրդների տարբերակը շահութահարկի գծով, մյուս կողմից՝ մշակի ճյուղային քաղաքականություն, օրինակ, տուրիզմի ոլորտային ներուժը պահպանելու նպատակով:«Մենք դեռևս չենք կորցրել բոլոր շուկաները, բայց աշխատելու ենք շատ ցածր հզորությամբ: Կանխատեսվում է 90 տոկոսանոց համաշխարհային տնտեսություն, այսինքն՝ 10 տոկոսի անկում: 2009-ի 14 տոկոսանոց անկման պատճառը շինարարություն էր, հիմա մենք նման համամասնություններ չունենք: Զրոյական վիճակ, ամեն դեպքում, չենք ունենա»,- ամփոփել է նախկին փոխվարչապետը:

 

Դավիթ Սարգսյան

tert.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ