23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք պետք է փրկենք առողջապահության համակարգը, որը պետք է շարունակի փրկել մեր քաղաքացիներին». Արա Բաբլոյան

Aravot.am-ի զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը:

– Պարոն Բաբլոյան, Հայաստանում COVID-19 վարակված քաղաքացիների օրեցօր աճող թվերն ու նախարարի վերջին հայտարարությունը` հիվանդների խորը տեսակավորման մասին, մարդկանց մոտ արդարացի մտահոգություններ են առաջացնում: Ի՞նչ խնդիրների առջեւ ենք կանգնած այս պահին, Ձեր կարծիքով, եւ ի՞նչ պետք է անել:

– Ես կարծում եմ, որ նախարարի կողմից դա պարզապես զգուշացում էր. եթե պատասխանատուներն ու հանրությունը չկարողանան ապահովել վիրուսի տարածման այս տեմպերի կանխարգելումը, ապա դա կարող է հանգեցնել առողջապահության համակարգի կոլապսի: Ի վերջո, առողջապահության համակարգի թե՛ մասնագիտական, եւ թե՛ նյութական ռեսուրսները անսահմանափակ չեն: Այո, դրանք մի օր կարող են սպառվել:

– Ընդհանուր իրավիճակից, պատասխանատու պաշտոնյաների հայտարարություններից շատերի մոտ տպավորություն է, թե առողջապահական համակարգը չի կարողանում լուծել իր առջեւ դրված խնդիրները: Կարդացեք նաև COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները Դավիթ Տոնոյանը մասնակցել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը Մանկապարտեզներում պարետատան կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել

– Ես վստահեցնում եմ, որ այսօր մենք դեռ կարողանում ենք սպասարկել հիվանդներին, բայց վաղը կարող ենք ունենալ լուրջ դժվարություններ: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է փրկենք առողջապահության համակարգը, որը պետք է շարունակի փրկել մեր քաղաքացիներին:

-Իսկ դա ինչպե՞ս է պետք անել, ինչի՞ց պետք է սկսել:

– Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է շարունակի եւ նույնիսկ առավել ուժեղացնի իր ջանքերը, որպեսզի կարողանա ապահովել համաճարակային իրավիճակի վերահսկողությունը: Ես չէի ցանկանա անդրադառնալ այդ միջոցառումների մանրամասներին, դրա համար կան ավելի կոմպետենտ մարդիկ, որոնք պետք է ասեն` ինչպե՞ս պետք է դա իրականացնել: Միակ բանը, որ կցանկանայի շեշտել. անհնար կլինի պատկերացնել անգամ, որ առողջապահական համակարգը կհասցնի բոլորին սպասարկել, եթե չլինեն կանոնակարգումն ու խիստ վերահսկողությունը: Պետք է հասնել նրան, որ վարակի նոր դեպքերը սկսեն նվազել:

– Ստեղծված իրավիճակում, գուցե նաեւ առողջապահական համակարգո՞ւմ են փոփոխություններն անհրաժեշտ`մոտեցումների, առաջնայնությունների, գործելաոճի:

– Այո: Միանշանակ է, որ մեր որդեգրած մոտեցումը՝ առանձնացնել հատուկ հիվանդանոցներ եւ մեկուսացման վայրեր, այլեւս չի կարող շարունակվել, դա թույլ չի տալիս ամեն օր նոր հայտնաբերվող վարակվածների աճող թիվը: Ես համամիտ եմ այն գաղափարի հետ, որ այժմ,  COVID- 19-ի սպասարկման գործընթացում պետք է ներգրավվի առողջապահության ամբողջ համակարգը` սկսած առաջնային օղակից մինչեւ 2-րդ եւ 3-րդ մակարդակի հիվանդանոցներ: Իհարկե, ամեն մակարդակ իրեն համապատասխան ծանրության եւ բարդության հիվանդների սպասարկման պատասխանատվությունը ստանձնելով:

– Իսկ համակարգն ու բուժաշխատողները, Ձեր կարծիքով, պատրա՞ստ են դրան:

– Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Կարծում եմ, պետք է կարողանանք ամրապնդել բուժաշխատողների եւ բժշկական հաստատությունների միջեւ միասնության եւ համերաշխության մթնոլորտը, որը կնպաստի յուրաքանչյուրի պատասխանատվության բարձրացմանը` հիվանդներին բուժելու համար: Իհարկե, գործընթացն իրականացնելիս պետք է յուրաքանչյուր կազմակերպություն եւ բուժաշխատող առաջնորդվի առողջապահության նախարարության հաստատած չափորոշիչներով, որոնցով սահմանված են բոլորի իրավասությունները: Այս խնդիրները լուծելու համար շատ օգտակար կարող է լինել նախարարին կից խորհրդի ստեղծումը` առողջապահության բնագավառում հայտնի մասնագետների եւ գիտնականների, խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարների, Երեւանի եւ մարզերի առողջապահական վարչությունների պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդի աշխատանքը կարելի է կազմակերպել հեռավար խորհրդակցությունների միջոցով: Ոչ պակաս կարեւոր է բժշկական հաստատություններին եւ բուժաշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով եւ ախտահանիչ նյութերով մշտական ապահովումը: Այս առումով, գտնում եմ, որ կառավարությունը պետք է որոշում ընդունի` առողջապահության պետական բյուջեն ավելացնելու, նույնիսկ` կրկնապատկելու, մասին: Ֆինանսական ծախսերը կավելանան ոչ միայն պաշտպանիչ միջոցների լայնածավալ կիրառման, այլեւ հետազոտական եւ բուժական հզորությունները ընդլայնելու, տնային պայմաններում հիվանդներին վարելու համար ընտանեկան եւ տեղամասային բժիշկների ու բուժքույրերի նպատակային ֆինանսավորման պատճառով: Անխուսափելիորեն կբարձրանա նաեւ անհետաձգելի ցուցումներով կամ COVID-19 վարակով ընդունված հիվանդների սպասարկման արժեքը հիվանդանոցներում:  Ընդ որում, վստահ եմ, որ հարկավոր կլինի շատ արագ վերակազմավորել բոլոր հիվանդանոցները, որպեսզի կարողանան ընդունել եւ սպասարկել COVID-19-ի վարակով միջին եւ ծանր աստիճանիհիվանդներին, իհարկե, պահպանելով COVID-19-ի մասնագիտացված որոշ կենտրոններ, որոնք կսպասարկեն առավել ծանր` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման կարիք ունեցող հիվանդներին:

– Ի՞նչ հորդոր ունեք Ձեր գործընկերներին, կառավարությանը:

– Ես կոչ կանեի իմ գործընկերներին շարունակել, ինչպես միշտ, գործել միասնության եւ համերաշխության մթնոլորտում` ի շահ մեր ժողովրդի առողջության: Իսկ կառավարությանը կոչ եմ անում` ապահովել պատշաճ կանոնակարգում` վարակի տարածման կանխարգելման համար:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ