17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար աշխատող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում. AntiFake-ը ներկայացրել է մշտադիտարկման ամփոփումը

AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուքում, որի արդյունքները պարբերաբար ներկայացնում է հանրությանը։ Այս հրապարակմամբ ամփոփվում է մինչ այս կատարված աշխատանքները։

AntiFake.am-ի հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայտնի է, որ Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։

Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։

 

Մեթոդաբանություն. Կեղծ օգտահաշիվների մշտադիտարկումն իրականացվել է իշխանության կարկառուն ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության քարոզչական թեզերը առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում։ Ուսումնասիրության առարկա է դարձել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը։

Մշտադիտարկումը իշխանության առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության քարոզչական թեզերն առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում իրականացվել է հետևյալ սկզբունքով. պատահականության սկզբունքով ընտրվել է ֆեյսբուքյան որևէ գրառում՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ֆեյքերի հայտնի բանակն աշխատում է տվյալ անձի համար։ Ընտրված գրառման հավանումներից կամ մեկնաբանություններից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (100-200)` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է տվյալ անձի համար։

Իսկ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը մշտադիտարկման է ենթարկվել ավելի ինտենսիվ կերպով. ուսումնասիրության առարկա են դարձել վերջինիս գրառումները, Ֆեյսբուքով հեռարձակվող ասուլիսները, տեսանյութերը, տարբեր լրատվական հարթակների հրապարակումները, որոնցից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (50-200)` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է բոլոր այդ հարթակներում։

Այսինքն՝ դուրս բերված կեղծ օգտահաշիվները այդ անձանց համար աշխատող ֆեյքերի բանակի ամբողջական ցուցակը չէ, այլ մի փոքրիկ մասը միայն՝ դրանց գոյությունը փաստելու համար։

AntiFake.am-ի կողմից առանձնացվել են այն ֆեյք օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած չափանիշներով ամբողջությամբ դասակարգվում են ակնհայտ ֆեյք օգտահաշիվների ցանկին։ Գոյություն ունեն նաև օգտահաշիվներ, որոնք նման են իրական անձանց էջերին և ներառված չեն ցանկում։ Նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։ Իրական էջի տպավորություն թողնող կեղծ օգտահաշիվների գործունեությունն ավելի վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։

Այսպիսով՝ մշտադիտարկման արդյունքում դուրս են բերվել ավելի քան 1600 կեղծ օգտահաշիվներ. թիվը, ինչպես արդեն նշեցինք, սիմվոլիկ է, քանի որ դա ֆեյքերի բանակի մի փոքր մասն է միայն։

AntiFake.am-ը ուսումնասիրել է նաև, թե որքանով են համընկնում տարբեր անձանց համար աշխատող և մեր կողմից դուրս բերված ֆեյսբուքյան կեղծ էջերը և պարզել, որ դրանց համընկնումը, դուրս բերված բոլոր ցուցակները համադրելով, ընդամենը 4.9% է։

Իշխանական գործիչներ և իշխանության թեզերն առաջ տանող պաշտոնյաներ, որոնց ֆեյսբուքյան էջերը մշտադիտարկվել են

Արդեն իսկ հրապարակել ենք իշխանությունների կողմից ուղղորդվող, նրանց պաշտպանող, կեղծ օրակարգեր ստեղծող, Ֆեյսբուքում մանիպուլյացիաներ անող ֆեյքերի բանակի և դրանց ղեկավարների մասին տեղեկություններ։ Անդրադարձել ենք վարչապետի տիկին Աննա Հակոբյանին (218 ֆեյք), Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին (42 ֆեյք), Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին (200 ֆեյք. Մաս 1Մաս 2), Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին (132 ֆեյք), Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին (100 ֆեյք), Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին (100 ֆեյք), Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին (118 ֆեյք), Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին (141 ֆեյք) «սատարող» ֆեյքերին։

Ֆեյքերի բանակի «առյուծի բաժինը», սակայն, սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: AntiFake.am-ը հրապարակել է շուրջ 1000 կեղծ օգտահաշիվներ, որոնք հավանում են, «սրտիկում են» և տարածում են Նիկոլ Փաշինյանի հրապարակումները և ուղիղ եթերները։

Ինչ գործառույթներ են իրականացնում ֆեյքերը

Կեղծ օգտահաշիվների գործողությունները նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանի և իշխանական մյուս գործիչների շուրջ հանրային բարձր աջակցության շղարշ ստեղծել սոցիալական տիրույթում, ինչպես նաև արհեստական ձևով պահպանել Նիկոլ Փաշինյանի` նախկինում ունեցած ռեյտինգը։ Նյութը հավանելուց (like) բացի` ֆեյքերը նաև մեկնաբանություններ են թողնում, ինչն արվում է մի քանի հիմնական ուղղություններով.

– դրանց գերակշիռ մեծամասնությունն իրենց աջակցությունն ու սերն են հայտնում իրենց սիրելի վարչապետին,

– հայհոյում և վիրավորում են այն իրական օգտատերերին, որոնք քննադատական մեկնաբանություններ են թողնում,

– հայհոյանքներ են գրում նախկին իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին,

– վիրավորում, հայհոյում և անիծում են հարցեր տվող լրագրողներին,

– հրահանգավորված հարձակվում են Փաշինյանի ընդդիմախոսների, ինչպես նաև բողոքի ցույցեր իրականացնող քաղաքացիների վրա:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում

Հիմա խոսենք կոնկրետ օրինակներով.

Նիկոլ Փաշինյանը դեռևս նախորդ տարվա ապրիլին հայտարարել էր. «Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դրանք իրոք հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան»:

Ի պատասխան այս հայտարարության՝ AntiFake.am-ը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան տիրույթում ակտիվ սատարող 140 կեղծ օգտահաշիվների ցուցակը:

Երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր իր բանաստեղծությունները, հրապարակման առաջին րոպեներից հայտնվում էին դրանք «սրտիկող» ֆեյքերը: Մենք առանձնացրել էինք Արմավիրի մարզում վարչապետին ողջունած քաղաքացիներին նվիրված բանաստեղծությանն արձագանքած անհաշվելի թվով ֆեյքերից ընդամենը 50-ը, որոնք շտապել էին «սրտիկել» և «գնահատել» վարչապետի հանճարը:

Կեղծ օգտահաշիվները նաև «ներկա են լինում» վարչապետի մամուլի ասուլիսներին, կիսում նրա հայտարարությունները: Օրինակ, կապանյան ասուլիսի ուղիղ եթերի ընթացքում նրան մեկնաբանություններով «օգնում էին» 90 կեղծ օգտահաշիվներ, ևս 190 ֆեյք էլ «սրտիկում էին» ուղիղ եթեր հեռարձակված տեսանյութը։

Եվս 116 կեղծ օգտահաշիվներ էլ հավանել և մեկնաբանություններ էին գրել Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարի մարտի 16-ին Մատենադարում անցկացված մամուլի ասուլիսի՝ ֆեյսբուքյան էջով հեռարձակվող ուղիղ եթերի ներքո։

Բացի վերը նշված գործառույթներից` ֆեյքերի առաջ դրված է նաև նպատակ. իշխանությունը ձևավորում է կեղծ օրակարգ, որը պաշտպանում են կեղծ օգտահաշիվները և ներքաշում իրական օգտատերերին:

Օրինակ, կառավարության դիմաց կազմակերպվել էր հերթական բողոքի ակցիան, որի մասնակիցները զոհված զինծառայողների մայրերն էին, ովքեր կառավարությունից պահանջում էին իրենց 30 մլն դրամ հատկացնել որպես փոխհատուցում, ինչպես կառավարությունը փոխհատուցում էր տվել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին: Այդ նպատակով նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։

Ակցիայի ընթացքում զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանվում էր նրա ֆեյսբուքյան էջում։ Ուղիղ հեռարձակման ամբողջ ընթացքում հրապարակման ներքո վարչապետի աջակիցների կողմից արվել է շուրջ 2500 մեկնաբանություն: 

Մեկնաբանությունները արվում էին թե՛ կեղծ, թե՛ իրական օգտատերերի կողմից, որոնք ունեն նույն բովանդակությունը, այն է՝ պաշտպանել վարչապետին և վարկաբեկել զոհված զինվորների մայրերին: Մեկնաբանությունների մեծ մասը պարունակում էին հայհոյանքներ և վիրավորական բառեր` ուղղված կանանց։ Հիմնական թեզը, որը շրջանառվում էր մեկնաբանություններում, այն էր, որ այս կանայք նախկինների օրոք «չեն պայքարել», եղել են նրանց «հպատակը» և նրանցից գումար չեն պահանջել, լռել են, քանի որ վախեցել են, իսկ հիմա խոսում են և գումար պահանջում, ներկայումս «աշխատում են» նախկինների համար և այդպիսով «վաճառում» իրենց երեխաների արյունը, իսկ ստեղծված իրավիճակում վարչապետը «անմեղ է», և պետք է նրան «հանգիստ թողնել»: Մենք ներկայացրել էինք 2500-ից ավելի մեկնաբանություններից մի փոքր մասը՝ ավելի քան 40 իրական և կեղծ օգտահաշիվներ, որոնք, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, հայհոյանքներ և վիրավորանքներ էին գրել սևազգեստ մայրերի հասցեին:

Բացի այդ, բոլորին հայտնի է Նիկոլ Փաշինյանի ընդգծված բացասական վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, ինչի մասին նա բարձրաձայնեց վերջերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում։ Այս հարցում նույնպես դեռ իր պաշտոնավարման սկզբից օգնության են եկել ֆեյքերը։ Մենք ներկայացրել ենք 85 ֆեյքերի ցուցակ, որոնք սպառնում և վիրավորում են լրագրողներին՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։

Ֆեյքերի բանակը ներգրավվել էր նաև հանրաքվեի քարոզարշավին. առանձնացրել էինք 38 կեղծ օգտահաշիվներ Պետրոս Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ներքո տեղ գտած մեկնաբանություններից, որոնք գովաբանում էին Նիկոլ Փաշինյանին և հանդես գալիս «Այո»-յի դիրքերից, ևս 27 կեղծ օգտահաշիվներ դուրս էինք բերել Պետրոս Ղազարյանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցի ներքո տեղ գտած մեկնաբանություններից, որոնք վիրավորում և հայհոյում էին Ռուբեն Մելիքյանին։

Իշխանական ֆեյքերը մասնակից են դառնում նաև ազգամիջյան խնդիրների հարուցմանը. այդպիսի մի ուսումնասիրություն էինք արել նախորդ տարի ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի գրառման ներքո բարձրացած փոթորիկի հետքերով, որի արդյունքում այդտեղ ի հայտ եկան իշխանության համար աշխատող կեղծ օգտահաշիվները։ 

Իշխանության կողմից թիրախավորված անձանցից էլ ֆեյքերի վիրավորանքների և սպառնալիքների թիրախում էին հայտնվել Շուշան Պետրոսյանն ու Վիտալի Բալասանյանը։

Այսպիսով՝ մինչ այս պահը մեր մոնիթորինգի արդյունքում հայտնաբերել ենք ավելի քան 1600 ակնհայտ ֆեյք օգտահաշիվներ, որոնք Ֆեյսբուքում աշխատում են իշխանության տարբեր ներկայացուցիչների օգտին, որոնց գերակշիռ մասը, սակայն, սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ