23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանափոխության տեսլականը. Ավետիք Չալաբյան

Անցած շաբաթ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «անպարկեշտ առաջարկություն» արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ որպես իշխող խորհրդարանական մեծամասնություն, փաստացի հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը, եւ իր իսկ շարքերից նրա փոխարեն ավելի պետականամետ, հավասարակշիռ եւ գործունյա վարչապետ առաջադրել, որը կկարողանա հասարակության այլ ուժերի հետ աշխատելով, երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով իր գրառումը վերնագրել է «Իշխանափոխության տեսլականը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հոդվածից հետո հանրության մեջ սկսեցին բազմաթիվ տեսություններ տարածվել պատրաստվող «պալատական հեղաշրջման» մասին, մի շարք այլ գործիչներ էլ սկսեցին արտահայտվել իշխանափոխության թեմայով, ու թեեւ այս առաջարկությունը իրականում ավելի շատ իշխանության վրա հոգեբանական գրոհի տարր էր հանդիսանում, քան իրական քաղաքական գործողություն, առկա ճգնաժամային իրավիճակում այն անխուսափելիորեն բերել է բազմաթիվ ենթադրությունների եւ քննարկումների, եւ ես կուզենայի այդ կապակցությամբ ստորեւ շարադրել Հայաստանում ապագա իշխանափոխության վերաբերյալ մեր սեփական պատկերացումները։

Մեր կուսակցությունը իր հռչակման օրից հանդես է եկել գործող իշխանությանը սկզբունքային ընդդիմության դիրքերից, համարելով, որ այն տեսլականը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հանրությանը, եւ ստացել նրա վստահության մանդատը 2018 թ․ դեկտեմբերի ընտրություններին, որքան էլ առաջին հայացքից գրավիչ, իրականում խաբուսիկ է, եւ չի համապատասխանում մեր երկարաժամկետ ազգային շահերին։

Դա սակայն հեշտ չէր բացատրել հասարակության այն զգալի մասին, որը մինչ այժմ սեւեռված լինելով նախորդ իշխանությունների օրոք տարածված կոռուպցիայի վրա, եւ հավատալով «թալանը» հետ բերելու միջոցով համատարած բարեկեցության հասնելու Փաշինյանի խոստումներին, ուշադրությունից բաց էր թողնում այն պարզ իրողությունները, որ Հայաստանը բոլոր դեպքերում սահմանափակ ռեսուրսային բազայով, համեմատաբար թույլ զարգացած արդյունաբերությամբ, փոքր եւ նվազող բնակչությամբ, արտաքին մեծ կախվածությամբ, երկու կողմից շրջափակված, եւ նույնիսկ իր բուն գոյությանը սպառնալիքներ ունեցող երկիր է, որի համար կոռուպցիան թեեւ իրական մարտահրավեր է, բայց բնավ ոչ միակը։

Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելը պահանջում են ազգային լավագույն կառավարչական եւ մտավոր ռեսուրսների համախմբում եւ տասնամյակների համակարգված աշխատանք՝ բազմաթիվ ճակատներով։ Նախորդ իշխանության օրոք դա եւս բավարար տեղի չէր ունենում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրավիճակը էլ ավելի է վատացել, քանի որ նա, նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ, թուլացրել է պետության ինստիտուցիոնալ կառույցները, փչացրել է հարաբերությունները հայկական իրականության մեջ գործող բազմաթիվ կարող ուժերի հետ, եւ ֆորմալ ունենալով բացարձակ իշխանություն, փաստացի իրեն իսկ զրկել է երկիրը կառավարելու հիմնական լծակներից։

Որպես հետեւանք, «Իմ քայլ»-ի իշխանության գալուց հետո անցած մեկ եւ կես տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, թեեւ արձանագրել է որոշակի ձեռքբերումներ, մասնավորապես, հարկային մուտքերի ավելացման ուղղությամբ, վերջին շրջանում հայտնվել է ավելի եւ ավելի սրվող ներքին եւ արտաքին քաղաքական մեկուսացման մեջ, եւ կորցնում է երկիրը արդյունավետ կառավարելու ընդունակությունը։ Դա արտացոլվում է մի շարք առանցքային խնդիրներում, որոնք այլեւս անհնար է թաքցնել հասարակությունից՝

Ա) արտաքին քաղաքական հարաբերությունների վատթարացում մի շարք գերակա ուղղություններում, եւ Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշումների անթաքույց ուժեղացում տարբեր միջազգային հարթակներում,

Բ) հայկական ավանդական արժեհամակարգի եւ ընտանիքի նկատմամբ ուղղորդված գրոհ՝ դրսից ֆինանսավորվող ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱԺ իշխող մեծամասնությունը,

Գ) հասարակության ներսում ատելության, հանցավորության եւ քաղաքական բռնության աճ, որոնք վերջին շրջանում առավել սուր բնույթ են ստանում, ներառյալ տառացիորեն երեկ Սյունիքում,

Դ) համավարակի դեմ պայքարի ձախողում, որի արդյունքում Հայաստանում համավարակի ահագնացող տարածումը զուգորդվում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի հետ,

Ե) այս ամենի ֆոնին, պետական համակարգի եւ իրավապահ մարմինների շարունակվող կազմալուծում, որակյալ մասնագետների արտահոսք բազմաթիվ ոլորտներից (քաղավիացիա, կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն, եւ այլն), եւ դրան հետեւող ակնհայտ ձախողումներ։

Ցանկացած այլ զարգացած երկրում, այս խնդրներից մեկն էլ բավական կլիներ՝ կառավարության հրաժարականի համար։ Սակայն մինչեւ վերջերս, գործող կառավարությունը Հայաստանում անձեռնամխելի կարգավիճակ ուներ, նրան նույնիսկ քննադատել չէր կարելի։

Քննադատողները ակնթարթորեն «ժողովրդի թշնամու» կարգավիճակ էին ստանում, ինչպես ստալինյան ժամանակներում, իսկ բոլոր առկա խնդիրներում մեղավոր կարող էր լինել ով ասես, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սակայն իրավիճակը սկսվում է փոխվել, եւ շատերը սկսում են հասկանալ, որ ի վերջո, Կառավարությունը պատասխանատու է երկիրը արդյունավետ կառավարելու համար, ընտրողները դրա համար են նրան ընտրել, ոչ թե ամեն քայլափոխին թշնամիներ որոնելու, նրանց «ասֆալտին փռելու», բայց արդյունքում իրական գործերը ձախողելու համար։ Այս ամենը հանգեցրել է մի իրավիճակի, որում իշխանափոխությունը Հայաստանում աստիճանաբար դառնում է օրակարգային խնդիր, թեեւ բոլորովին էլ ոչ այն սցենարով, որն առաջարկում էր Միքայել Մինասյանը։

Իրականությունը այն է, որ թեեւ ֆորմալ իմաստով «Իմ քայլը» հանդիսանում է ԱԺ իշխող մեծամասնություն եւ իրավասու է իր հայեցողությամբ ցանկացած այլ վարչապետի թեկնածություն առաջարկել, մեկ եւ կես տարի առաջ ընտրողների մեծամասնությունը ընտրել են ոչ թե այդ տարասեռ եւ հավաքական քաղաքական կենսագրությունից զուրկ կառույցը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին, եւ հենց նրանից են ակնկալում երկրի առաջ կանգնած խնդիրների լուծումը։ Ուստի եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի կարողանում արագ շրջադարձ կատարել եւ հաղթահարել ահագնացող ճգնաժամը, վարչապետը ոչ միայն պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի եւ հրաժարական տա (ինչպես նախկինում բազմիցս խոստացել է), այլեւ նաեւ որոշակի անցումային փուլից հետո պետք է նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն, եւ մեր քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ազատ կամարտահայտության միջոցով նոր իշխանություններ ձեւավորելու։

Եթե դա արվի խելամիտ ժամկետներում, նույն Նիկոլ Փաշինյանը շանս կունենա պահպանել իր անկում ապրող վարկանիշի գոնե մի մասը, եւ իր թիմով վերադառնալ ԱԺ՝ կամ որպես ընդդիմություն, գամ գուցե նույնիսկ ինչ որ մի տարբերակում՝ նոր կառավարող կոալիցիայի մաս, եւ սա կլինի նորմալ ժողովրդավարական զարգացում՝ առանց պալատական հեղաշրջումների եւ դրան հաջորդող քրոնիկ անկայունության։ Այլապես, շարունակելով համառել եւ վատնել իր վարկանիշը եւ մեր բոլորի սուղ ռեսուրսները, նույն Նիկոլ Փաշինյանը ի վերջո կարող է կանգնել «մերժվելու» վտանգի առաջ, իսկ նրա առաջնորդած ուժը՝ քաղաքական թատերաբեմից ընդհանրապես վերանա, ինչպես դա արդեն տեղի է ունեցել մի շարք այլ, մեկ առաջնորդի շուրջ ստեղծված կառույցների հետ։

Այս պայմաններում արտախորհրդարանական ընդդիմությունն էլ նաեւ արդեն հիմա պետք է սկսի համախմբվել, եւ արդյունքում հանրությանը ներկայանա 2-3 խոշոր գաղափարական միավորներով։ Դա հնարավորություն կտա հեռանկարում ավելի խելամիտ եւ տարբերակված ընտրություն կատարել իրական քաղաքական ծրագրերի շուրջ, ձեւավորել ներկայացուցչական եւ հավասարակշռված խորհրդարան, եւ նրա մեջ ներկայացված ուժերից էլ՝ այնպիսի կառավարություն, որը կկարողանա լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, ձեւավորել ազգային համաձայնության օրակարգ, դրանով կայուն հեռանկար տալ հասարակությանը եւ պետական կառույցներին, եւ ձեռնամուխ լինել երկրի անվտանգության եւ զարգացման հիմնական խնդիրների լուծմանը։

Մենք, որպես նորաստեղծ, բայց արագ զարգացող ազգային առաջադիմական քաղաքական ուժ, եւս պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել այդպիսի համախմբման գործընթացներին, համագործակցել ազգային գաղափարախոսությամբ եւ ժողովրդավարական նկարագրով այլ կարող ուժերի հետ, եւ մեր առավելագույն ջանքերը ներդնել՝ հասարակությանը տալու իրական եւ որակյալ ընտրություն։ Բոլոր դեպքերում, մենք ապագա իշխանափոխությունը պատկերացնում ենք միայն սահմանադրական եւ ժողովրդավարական ճանապարհով, միայն դա հնարավորություն կտա բոլորիս այս ճգնաժամից հնարավորինս անկորուստ դուրս գալ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ