Հերթական ապտակը Ռուսաստանից․ «Հրապարակ»
«ԵԱՏՄ խորհրդի հերթական տեսակոնֆերանսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է մեզ համար ամենացավոտ հարցերից մեկին՝ գազի գնին․ «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձեւավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձեւավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ՝ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ:
Մենք ելնում ենք նրանից, որ․․․ պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձեւավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման եւ տարանցման ծառայությունների միասնական սակագները: Մեր միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այս նպատակին»: Այս հայտարարությունն արժանացել է ՌԴ նախագահի կոշտ արձագանքին։ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Ինչ վերաբերում է մեր հայ եւ բելառուս բարեկամների կողմից առաջարկված միասնական տարիֆին՝ գազի տրանսպորտայնացման եւ տարանցման ծառայությունների համար, ապա մենք կարծում ենք, որ միասնական տարիֆը կարող է միայն այն դեպքում գործել, երբ լինի միասնական շուկա, միասնական բյուջե եւ միասնական հարկային համակարգ։ Նման խորը ինտեգրացիա ԵԱՏՄ-ում դեռեւս չկա», իսկ մինչ այդ «գազի գնագոյացումն իրականանալու է շուկայական կոնյունկտուրայի հիման վրա»։ Սա անթաքույց առաջարկ է՝ նոր ԽՍՀՄ ստեղծելու եւ հերթական ապտակը մեր ռազմավարական գործընկերոջից»։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: