27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս աբսուրդի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ի վերջո, ինչքա՞ն է այս աբսուրդը շարունակվելու և ո՞րն է ելքը։

Իշխանության վարկանիշը կատաստրոֆիկ անկում է ապրում և դա ակնհայտ է նույնիսկ իրենց՝ իմքայլականների համար։ Մթնոլորտը փոխելուն չեն օգնում նույնիսկ ֆբ-ում ֆեյքերի ու ռուսաստաններում, լոսերում նստած՝ նախորդ ռեժիմների կողմից «իրականացված հալածանքների» մասին խոսող, իսկ իրականում Հայաստանից իրենց փախուստն արդարացնել փորձող, օտար տաքուկ ու ապահով ափերում ծվարած «հայրենասերների» հիացական քոմենթներն ու լայքերը։ Նիկոլն ու իր թիմի անդամներն առերեսվում են 20, իսկ վերջին 2 տարում առավել ինտենսիվությամբ իրենց ցանած ատելության, սպառնալիքների իւ բռնության սերմերի՝ այսօր իրենց դեմ ուղղվող պտուղներին։ Պատմության ու հասարակական հարաբերությունների զարգացման տրամաբանությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ վաղուց կանխատեսում էին այս իրավիճակը։
Բայց կուզեի անդրադառնալ դեպքերի զարգացման հնարավոր մի սցենարի, որը թույլ կտա դուրս գալ ներկա փակուղուց Հայաստանի, Արցախի համար նվազագույն կորուստներով, և որը Նիկոլի ու իր թիմի համար կարող է դառնալ արժանապատիվ ու ապահով նահանջի ճանապարհ։

Եթե վարչապետը, ի տարբերություն լտպ-ի 95-96-ի և Սերժ Սարգսյանի 2017-18 թվերի, չի կորցրել իրականության զգացումը, եթե դեռևս ի վիճակի է սթափ գնահատել իրավիճակն ու հավասարակշիռ որոշում կայացնել, ուղղակի պարտավոր է հասկանալ, որ «հետհեղափոխական էյֆորիայի» պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում, որևէ երկրում, առավել ևս Հայաստանում, ձևավորված իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը չեն կարող երկար գոյատևել, ներկայացնել ու արդարացնել ցնցում ապրած հասարակությունների տարաբնույթ շերտերի, հաճախ իրար հակասող ակնկալիքներն ու ղահերը։ Հասարակության չափազանցված սպասելիքների չարդարացման, դրա հետևանքով առաջացող հիասթափության ու նաև անթաքույց ատելության՝ հեղափոխության առաջնորդի դեմ ԱՆԽՈւՍԱՓԵԼԻՈՐԵՆ (սա օրենք է, որը բացառություն չունի) առաջացող և աստիճանաբար ահագնացող վտանգից և անդառնալի հետևանքներից խուսափելու լավագույն լուծումը ԱՐՏԱՀԵՐԹ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Սա թույլ կտա չեզոքացնել հասարակության մեջ կուտակվող բացասական լիցքերը, ինչպես նաև այսօր իշխող քաղաքական ուժին և Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա անցնցում, խորհրդարանում զգալի ներկայություն ապահովելով, կիսել իշխանությունն այլ ուժերի հետ, կամ շարունակել իրենց քաղաքական գործունեությունը, դառնալով հզոր ընդդիմություն։ Հակառակ սցենարը թե՛ երկրի, թե՛ հենց իշխանության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով։ 2 տարի առաջ իրենց իսկ բացած «պանդոռայի արկղը» եթե չփակվի, եթե թշնամանքի, ատելության մթնոլորտի խորացումը շարունակվի, մենք անխուսափելիորեն անդառնալի կորուստներ ենք ունենալու՝ ԲՈԼՈՐՍ, խուսափել ոչ մեկին չի հաջողվելու։

Վստահ եմ, սա լավագույն ելքն է, բայց արդյո՞ք այս քայլին ունակ է Նիկոլը, և արդյո՞ք իր՝ անհայտությունից անսպասելիորեն իշխանություն դարձած իր շրջապատը կթողնեն նրան այս որոշումը կայացնել։ Եվ, որ ամենակարևորն է, արդյո՞ք թույլ կտան այս քայլն անել այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց առաջ ստանձնած պարտավորությունները Նիկոլը դեռ ամբողջությամբ չի կատարել։ Վստահ չեմ, մանավանդ վերջինի մասով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ