23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկել է նորից բռունցք դառնալու ժամանակը. Միքայել Մինասյանի ուղերձը

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առիթով։ Այս պատերազմում մեր պապերը աչքի ընկան բացառիկ հերոսությամբ՝ մասնակցելով Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի, Բեռլինի ճակատամարտերին, Կովկասի, Կերչի ու Ղրիմի համար մղվող մարտերին (որտեղ զոհվեց նաև մեծ պապս՝ Մկրտիչ Մինասյանը), Արևելյան Եվրոպայի ազատագրմանը ֆաշիստական լծից և վերջապես առանձին հայկական 89-րդ Թամանյանական դիվիզիայով մտան Բեռլին։

Պատերազմին միայն Խորհրդային Միությունից մասնակցել են 68 հայ գեներալներ, ԽՍՀՄ հերոսի կոչմանն են արժանացել 117, Փառքի շքանշանի լրիվ ասպետի կոչմանը՝ 27 հայորդիներ։ Սա դեռ ամբողջական ցանկը չէ. մենք ունեցել ենք ԽՍՀՄ կրկնակի հերոսներ ու լեգենդար գեներալ, ով գլխավոր ռազմաճակատներից մեկի հրամանատարն էր։ Սա պատմության էջ է, որին մեր պապերի մասնակցությունը հպարտանալու առիթ է տալիս, ընդհանուր հայրենիքի պաշտպանությանը ու դարչնագույն ժանտախտից եվրոպական ժողովուրդների ազատագրությանը մեր մասնակցությունը դարձնում է ոչ թե խորհրդանշական, այլ ճիշտ հակառակը՝ նշանակալի և անմոռանալի։ Ու որևէ մեկին չի հաջողվելու մեր հաղթանակի պատմությունը վերանայել ու կեղծել: Սա մե՛ր հաղթանակն է։ Սա մե՛ր տոնն է։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Շուշիի ազատագրման և պաշտպանական բանակի ստեղծման առիթով։

Այդ օրերին, երբ մեր հայրերն ու ավագ եղբայրներն արեցին անհնարինը՝ ապացուցելով, որ կարող ենք պարտադրե՛լ, ոչ թե մուրալ խաղաղություն։

Այս առիթով շնորհավորում եմ այն ժամանակվա ազգային-պետական պատասխանատուներին` ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Արցախի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ընտանիքին, ընկերներին ու համախոհներին, ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին և օպերացիան ղեկավարած Արկադի Տեր-Թադևոսյանին, Սամվել Բաբայանին, Սեյրան Օհանյանին, Վալերի Չիթչյանին և Արկադի Կարապետյանին։

Անուրանալի է գործողությանը մասնակցած հրամանատարների` Ֆելիքս Գզողյանի, Աշոտ Ղուլյանի, Սամվել Կարապետյանի, Վալերի Բալայանի, Գագիկ Սարգսյանի, Ժորա Գասպարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասուն Միքայելյանի և այլ հրամանատարների դերակատարությունը, ովքեր ապահովեցին և օժանդակեցին օպերացիայի ընթացքը՝ Մոնթեից մինչև Մանվել Գրիգորյան, Վիտալի Բալասանյանից մինչև Արթուր Աղաբեկյան ու Արշավիր Ղարամյան։

Հիրավի, անուրանալի է այդ տարիներին բանակաստեղծման ու բանակաշինության գործում պաշտպանության առաջին նախարարների՝ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի ներդրումը։ Շնորհավորում և խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին այս մեծ հաղթանակն ու հպարտությունը:

Ուշադրություն դարձրեք այս պատկերին։ Սա պատմական օրերի խորհրդանշական վերամիավորում է, երբ բոլորդ մի բռունցք էիք ընդդեմ թշնամու։ 28 տարվա ընթացքում քաղաքականությունը ձեզ բաժանեց ճամբարների, դարձրեց հակառակորդներ, երբեմն՝ նույնիսկ թշնամիներ:

Այդ ընթացքում ձեզ համար աննկատ ձեր թիկունքում ու ձեր սխալների պատճառով եկավ մարդ, ով հետևողականորեն խաղալով ձեր իսկ տարաձայնությունների վրա, թուլացնելով ու թշնամացնելով ձեզ, ի վերջո հասավ իր նպատակին. նա տիրացավ ոչ միայն երկրին, այլև ձեր անցյալին, ներկային ու փորձում է տիրանալ նաև ձեր ապագային։ Նա հեգնում է ձեր սխրանքները, նա արհամարհում է ձեր ներկան և փորձում է ոչնչացնել ձեր ու ձեր սերունդների ապագան։
 Դուք կարող եք փնտրել մեղավորներ, բայց Նիկոլ Փաշինյանը ձեր բոլորի սխալների հավաքական խորհրդանիշն է ու դրա հետևանքը։ Ես չէ, որ պիտի մատնանշեմ ձեր սխալները։ Այսօր այդ օրն էլ չէ։

Շուշիի ազատագրումից անցել է 28 տարի։ Եկել է նորից բռունցք դառնալու ժամանակը, հակառակ պարագայում՝ չէի ցանկանա, որ մեր զավակները ստիպված լինեին նորից ազատագրել Շուշին։ Ի վերջո, հաղթանակ է դառնում միայն այն ամենը, ինչ հնարավոր է լինում պահել ու պաշտպանել։

Փա՛ռք մեր նահատակներին և ողջ հերոսներին։

Աստված պահապան մեր երկիրը», – ասված է նախկին դեսպանի ուղերձում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ