«Վրա քշել» մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին, անընդունելի եմ համարում․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին
Տեղի ունեցածն անընդունելի է, բայց սա նախապատրաստված սադրանք է, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով այսօր Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև ծագած ծեծկռտուքին։
«Պետք է մի բան արձանագրենք՝ այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, այն օրենքների հետ, որոնք մենք ընդունել ենք։ Պետք է սադրանքների չտրվել, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի, համարում եմ, որ իրեն կլասիկ հռչական քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել։ Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է և ունի շարունական բնույթ», – ասաց նա։
Սիմոնյանն ասաց, որ որևէ մեկին մեղավոր կամ անմեղ չի կարող որակել:
«Ես ասում եմ, որ սադրանք էր, որին պետք է չտրվենք», – ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանն՝ այդ դեպքում ինչո՞ւ իշխանական պատգամավորները տրվեցին սադրանքի, Ալեն Սիմոնյանը նկատեց․
«Դե ասում եմ՝ վրա քշել մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին և ամբիոնից իջնել, որ՝ «հեսա գալիս եմ տես քեզ ինչ անեմ, սադրանք է, հիմա մարդու նյարդերը տեղի են տվել»»:
Լրագրողի դիտրակմանը, թե Սասուն Միքայելյանն արդեն տեղից իջել էր, երբ Մարուքյանն ամբիոնից իջավ, Սիմոնյանն ասաց․
«Ես ձեր գնահատականի հետ համաձայն չեմ»։
Դիտարկմանը՝ պատգամավորներին նկատողություներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, Սիմոնյանն ասաց, որ նման քննարկում չի եղել, բայց այս իրադարձությունը դեռ կքննարկվի խմբակցությունում։
Սիմոնյանը նաև հերքեց, որ թիմակիցները հարվածել են Մարուքյանին․
«Արտակ Մանուկյանը հետևից չի հարվածել, Ղալումյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, ես կադրում տեսել եմ», – ասաց Սիմոնյանը։