23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարոն Փաշինյան, ձախողել եք ձեր էմոցիոնալ չհավասարակշռված քաղաքականության պատճառով. Սամսոնյան

Ես մի գործատու ունեի, որ ասում էր՝ ինձ չի հետաքրքրում, թե ինչու չես արել քո գործը, չես արել և վերջ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Երբ լսում էի ձեզ, հարգելի կառավարություն, և հարգելի պատգամավորներ, տեսնում էի, որ ձեզ համեմատում եք նախկինների հետ: Անցել է 2 տարի, և ես ուզում եմ ձեզ համեմատել հենց ձեզ հետ: 2019-ի ծրագրի վերաբերյալ մենք ասել ենք, որ այն չափելի չէ: Բայց ես փորձել եմ հանել մի քանի նախադասություն ու հասկանալ՝ արդյոք դրանց էությունը 2020-ին տեսնում ենք, թե ոչ: Ներքին անվտանգության մասով գրված է՝ հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով կառավարությունը մտադիր է հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի  նվազեցման և բացառման ուղղությամբ: Մի կողմ եմ թողնում, որ դուք չեք նպաստել հանրային համերաշխությանը: Ես կխոսեմ հանցավորության տեսանկյունից: Դատախազության զեկույցի համաձայն միայն հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է 13 տոկոսով, Երևանում՝ 16 տոկոսով: Այս աճը ապահովվել է զենքի գործադրմամբ: Մենք տեսնում էինք, թե ինչ էր կատարվում երկրի երրորդ քաղաքում, որտեղ քրեական ենթամշակույթն անարգել կրակում էր իրար վրա: Մենք տեսնում էինք, որ ոստիկանապետը գտնվում է մի շենքում, և ինչ-որ մարդիկ որոշեին, որ ինչ-որ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Սա նշանակում է, որ 2019-ին չի արվել նվազագույնը, որ մարդիկ գոնե ոստիկանության գոյությունից զգաստանան»,-հայտարարեց Անի Սամսոնյանը:

Նա անդրադարձավ վարչապետի հայտարարությանը, թե իրավապահ համակարգում կան դավաճաններ. «Դուք ունեինք հնարավորություններ այդ հարցը լուծելու: Դուք պետք է շոկային, կտրուկ փոփոխությունների ենթարկեիք համակարգը, հեռացնեիք դավաճաններին: Դուք դա չեք արել: Երկրորդ տարբերակը, դուք այդ դավաճաններին կարող էիք դարձնել նվիրյալներ, բայց հիմա դուք աչքի տեղը ունքն եք հանում, որովհետև ես չեմ պատկերացնում, որ դուք տարբեր հարթակներից փորձում եք փնտրել դավաճաններ ու նվիրյալներ, այդ համակարգում մարդիկ պետք է աշխատեն ու երկրի թալանածը հետ բերեն: Մի համակարգում, որտեղ դուք անհամերաշխություն եք սերմանում, ես չեմ պատկերացնում՝ դուք ոնց եք այդ համակարգից պահանջում կարգուկանոն, այն էլ խայտառակ վարձատրությամբ:

Եթե առաջնահերթ խնդիր է թալանածը հետ բերելը, այդ դեպքում ո՞րն է մեզ համար կարևոր ինստիտուտը՝ իրավապահ համակարգը, թե՞ մարզպետարանները: Ինչու են մարզպետները ստանում պարգևավճարներ՝ կոկորդիլոս բուծելո՞ւ համար, համայնքի ղեկավարների վրա հոխորտալո՞ւ, թե ներդրումային սպամներ անելու համար: Այդ փողը տվեք ոստիկանությանը, ԱԱԾ-ին, թող աշխատեն ու թալանածը հետ բերեն»,-հայտարարեց Անի Սամսոնյանը:

Նա հավելեց, որ հասկանում է, երբ պարգևավճար են տալիս գիշեր-ցերեկ ճանապարհ սարքող նախարարին. «Երբ ասում եք, որ խոստացել եմ բարձրացնել պետական համակարգի աշխատողների աշխատավարձը, արդյոք դա առաջին հերթին վերաբերվում էր ձեր հեղափոխական թիմին: Եթե նրանց թվում էր, որ իշխանությունը քաղցր բան է, բայց հիմա դառը հաբերը կուլ տալու համար դուք իրենց պետք է շատ փող տաք, կներեք, դա կարծում եմ՝ ազնիվ չի, պարոն վարչապետ»:

Նա անդրադարձավ նաև հանրային կառավարմանը՝ նշելով, որ ունենք պարգևավճարներով ծանրաբեռնված, դանդաղ անկանոն, սաբոտաժ ունեցող  հանրային կառավարման համակարգ:

«Լավ է, որ խոստովանում եք, որ ձախողել եք դատական համակարգի բարեփոխումները, բայց արդյոք հասկանում եք, թե ինչու եք ձախողել: Ձախողել եք ձեր էմոցիոնալ, չհավասարակշռված քաղաքականության պատճառով: 2018-ին բոլոր փորձարկումներն արեցիք, ելքերն ու մուտքերը փակեցիք դատարանների, դատական համակարգի վրա հայհոյանք բերեցիք, հետո խոստացաք վեթինգ անել, բայց վեթինգ էլ չարեցիք: Մի քանի տարի կգաք, կասեք, որ մի քանի լավ դատավորի համար վեթինգ չարեցինք: բայց ես կարծում եմ, որ եթե վեթինգ անեիք, այդ մի քանի դատավորները դա հաղթահարելու էին: Այլ հարց է, որ մի հրաշքով այդ մի քանի դատավորների թիվն ավելացավ, և դատական համակարգը պարզվեց, որ շատ լավն է»:

Անի Սամսոնյանը նաև ընդգծեց, որ սոցիալական ապահովության ոլորտում վարչարարությունը խայտառակ վիճակում է, Կրթության ոլորտում կառավարման համակարգը չի փոխվել, փոխարենը այդ համակարգը լցրել են կուսակցականներով:

«ՏԻՄ ոլորտում պատկերը հետևյալն է. ՀՀԿ-ական նախկին այն ղեկավարները, որոնք այսօր հլու հնազանդ ծառայում են «Իմ քայլի» իշխանությանը նրանց հետ սեր ու համերաշխություն է: Նրանք, ովքեր փորձում են մի փոքր ընդվզել, միանգամից մարզպետներն ընկնում են հետևներից: Ես ձեր տարածքային կառավարման քաղաքականությունը հաջողված կհամարեմ այն դեպքում, եթե դուք քաղաքական կամք կդրսևորեք և կվերացնեք մարզպետի ինստիտուտը»,-ասաց նա:

Ամփոփելով խոսքը, ԼՀԿ պատգամավորն ասաց, որ իշխանությունն իրեն այսօր տիրոջ պես չի պահում. «Տիրոջ պես պահել չի նշանակում սպառնալ, հայհոյել, ասֆալտին փռել, դա հաղթողի կեցվածք չէ: Մի հեքիաթ կա, երբ թագուհին կանգնում է հայելու առաջ և ասում՝ հայելի ջան, հայելի, ով է ամենագեղեցիկը: Հիմա դուք այս ամբիոնը դարձրել եք այդ հայելին: Այդ հեքիաթը անինքնավստահության, մեծամտության և ինքնախաբեության մասին է: Դուք ձեր վարքագիծը պետք է փոխեք, և այդ դեպքում միայն կկարողանաք կատարել այն բարեփոխումները, որոնք պետք է կատարեք»:

Վերջում Սամսոնյանը դիմեց վարչապետին. «Եթե դուք գոհ չեք ձեր աշխատանքից, ոնց եք պատկերացնում, որ մենք հոգ լինենք այդ աշխատանքից»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ