23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրաքվեի մեկնարկի պայմաններում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման աշխատանքները ևս վերսկսվելու են. Տիգրան Մուկուչյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ 2018-2019 թթ. ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170  համայնքներում:

«ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ ԿԸՀ-ն հանդես է գալիս հաղորդմամբ, որը մանրամասն ներկայացվել, քննարկվել է և՛ հանձնաժողովում, և՛ ԱԺ-ի նիստում, ըստ էության, ամբողջ ծավալով այդ  ընտրությունների արդյունքներն արդեն քննարկման առարկա դարձել են, հետևաբար՝ կներկայացնեմ մյուս ընտրությունները»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: 

Հիշեցնելով 2018  թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այդ ընտրությանը մասնակցում էին 8 կուսակցություն, 4  դաշինք, ընտրությունների ընթացքում հանձնաժողովների նախագահների կողմից գրանցամատյաններում կատարվել էր 241 գրառում, իսկ 342 ընտրատեղամասային հանձնաժողովներում որևէ գրառում առկա չի եղել:

«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ի, այդ թվում՝ տարածքային հանձնաժողովների գործողությունների վիճարկումներ դատարաններում չունեցանք, դատական վիճարկման առարկա չդարձավ նաև ավագանու ընտրությունների արդյունքները»,- հավելեց Տիգրան Մուկուչյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ունեցել են եզակի թվով վերահաշվարկի դիմումներ:

Ըստ նրա՝ բոլոր ընտրությունների ժամանակ լիարժեք ծավալով օգտագործվել են տեխնիկական սարքավորումները, որոնց միջոցով իրականացվել է ընտրողների գրանցման գործընթացը:

Տիգրան Մուկուչյանը կարևորեց այն հանգամանքը, որ այդ սարքավորումները կիրառվել են բացառապես տեղի մասնագետների կողմից, ի տարբերություն 2017  թվականին, երբ սարքավորումները նոր-նոր պետք է օգտագործվեին, և դրանք օգտագործելու համար հրավիրվել էին միջազգային փորձագետներ:

Հաղորդումը ներկայացնելուց հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ երբ տարեսկզբին նշանակվեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, լուրեր տարածվեցին, որ հնարավոր չէ ՀՀ բոլոր տեղամասերում  ապահովել ընտրական գործընթացի տեսանկարահանումը, արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը, եթե այս ամենը համապաասխանում է իրականությանը, ապա ի՞նչ տեսակետ ունի ԿԸՀ-ի նախագահը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ առաջին անգամ ընտրական գործընթացները տեսանկարահանվել են 2017 թվականին, հետագայում՝ նաև 2018  թվականին:

«Մոտ 2000 տեղամասերից տեսախցիկներ տեղադրվել են 1500 տեղամասերում, եթե ընտրողների թվով ենք նայում, ապա մոտ 92-93 տոկոս ծածկույթ էինք ապահովել: Այսինքն՝ ընտրողների խոշոր ծավալ ունեցող ընտրատեղամասերն ունեցել են տեսախցիկներ: Տեղամասերը, որտեղ տեսախցիկներ չեն եղել, գտնվել են հեռավոր բնակավայրերում, որտեղ, ցավոք, ինտերնետ հասանելիության և այլ տեխնիկական խնդիրներ կային: Սահմանադրական հանրաքվեի հետ կապված՝ Կառավարության կողմից հատկացվեցին առանձին միջոցներ՝ տեսախցիկներ տեղադրելու հետ կապված: Մենք արդեն սկսել էինք այդ աշխատանքները, տեսախցիկները սկսել էինք տեղադրել տեղամասային կենտրոններում, սակայն, արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատանքները դադարեցվեցին: Կարող եմ փաստել, որ հանրաքվեի մեկնարկի պայմաններում այս աշխատանքները ևս վերսկսվելու են»,- ընդգծեց Տիգրան Մուկուչյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ